Գայեանէ Մանուկեան
Պատմաբան
Համաշխարհային ԶԼՄ-ները արդէն երկար ամիսներ գրում ու խօսում են ռուս-ուկրաինական պատերազմի եւ ընդհանրապէս այս պատմական հակամարտութեան մասին, բայց հայ ընթերցողի համար այս երեւոյթը, նրա ծագումն ու արմատները կարօտ են լուրջ բացատրութեան։
Նախ՝ ինքնին աբսուրդ է «ռուս-ուկրաինական» արտայայտութիւնը, քանզի ուկրաինականն ու ռուսականը նոյն յարաբերութեան մէջ են, ինչ մասն ու ամբողջը, եւ ինչպէս անհասկանալի կը լինէր «հայ-արցախեան հակամարտութիւն» արտայայտութիւնը, այնպէս էլ արտառոց է «ռուս-ուկրաինական հակամարտութիւն» ասուածը։
Երկրորդ՝ պատմականօրէն «հակամարտութիւնը» ընթանում է ոչ թէ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այլ Արեւմուտքի եւ ռուսական աշխարհի, որի ներսում, ցաւօք, գտնուեցին արեւմտամէտ դաւաճաններ։
Փօքրիկ անդրադարձով անհնար է ամբողջութեամբ ներկայացնել հարցի էութիւնը, սակայն կարելի է այն ուրուագծել՝ անդրադառնալով դրան պատմութեան ու աշխարհաքաղաքականութեան պրիզմայի միջոցով։
Սկսենք պատմութիւնից։ Դեռ 10-րդ դարի վերջին՝ քրիստոնեութեան ընդունումից կարճ ժամանակ անց, մէկ պետութեան մէջ միաւորուած արեւելասլաւոնական ցեղերը համախմբուեցին նաեւ ազգովի, եւ կազմաւորուեց ռուս ժողովուրդը։ Կիեւը այդ պետութեան մայրաքաղաքն էր եւ ռուս ժողովրդի հոգեւոր կենտրոնը։ Կիեւը ռուսական հոգեւոր պատմութեան ակունքն է, նրա պատմական յիշողութեան առաջին կարեւոր օջախը։ Թերեւս սխալ չի լինի ասել, որ Կիեւի՝ որպէս հոգեւոր եւ պատմական կենտրոնի դերը ռուս ժողովրդի համար նոյնքան մեծ է, որքան Անիինը եւ Էջմիածնինը միասին վերցրած՝ հայերիս համար։ Կիեւը ռուսական քաղաքների մայրն է։
Միասնական հին ռուսական պետութեան մասնատումից յետոյ ու հարեւան ժողովուրդների նուաճումների հետեւանքով 14-15-րդ դարերում ստեղծուեց մի իրավիճակ, երբ արեւմտեան եւ հարաւային ռուսական հողերը (ներառեալ Կիեւը) յայտնուեցին լեհ-լիտուական նուաճողների իշխանութեան տակ, մինչդեռ արեւելեան եւ հիւսիսային հողերում պահպանուեցին ռուսական իշխանութիւնները, որոնք աստիճանաբար միաւորուեցին Մոսկուայի շուրջ։ Նման իրավիճակը յանգեցրեց ռուս ժողովրդի ներսում ազգագրական առումով առանձնայատկութիւններ ունեցող ենթախմբերի ձեւաւորմանը, որոնք, այնուամենայնիւ, շարունակում էին իրենց համարել հաւաքական ռուս ժողովրդի մասէր։ Նոյնիսկ այդ ենթախմբերի անուանումներն էին հաստատում դա՝ վելիկոռուսներ (Մեծ Ռուսիայի բնակիչներ), մալոռուսներ (Փոքր Ռուսիայի բնակիչներ), բելառուսներ (Սպիտակ Ռուսիայի բնակիչներ), այսինքն՝ ռուսներ, ռուսներ, ռուսներ… Յատկանշական է, որ 17-րդ դարում, երբ ներկայիս Ուկրաինայի կենտրոնական շրջանների բնակչութիւնը Բոգդան Խմելնիցկու գլխաւորութեամբ ապստամբեց լեհական զաւթիչների դէմ եւ դիմեց մոսկովեան ռուսական թագաւորութեանը՝ միաւորման համար, այդ միաւորումը հիմնաւորում էր ազգային ընդհանրութեամբ։ Յաջորդ՝ 18-րդ դարի ընթացքում հին ռուսական գրեթէ բոլոր հողերը միաւորուեցին Ռուսական կայսրութեան կազմում՝ բացառութեամբ ներկայիս Ուկրաինայի արեւմուտքում գտնուող Գալիցիայի (Լուով քաղաքով), որը յայտնուեց Աւստրիական կայսրութեան կազմում։ Ինչ վերաբերում է ներկայիս Ուկրաինայի հարաւային եւ հարաւարեւելեան հատուածներին, որոնք միասին յայտնի են Նովոռոսիայ անուամբ, ապա այդ տարածքները բուն Ուկրաինայի հետ պատմականօրէն թոյլ կապ ունեն։ Մինչեւ 18-րդ դարը դրանք գրեթէ անմարդաբնակ էին, գտնւում էին Օսմանեան կայսրութեան ու Ղրիմի խանութեան վերահսկողութեան տակ: Այնուհետեւ դրանք գրաւել է Ռուսական կայսրութիւնը, որն այդ վայրերում հիմնել է մի շարք քաղաքներ՝ Օդեսայ (1794 թ․), Նիկոլաեւ (1789 թ․), Խերսոն (1778 թ․), Մելիտոպոլ (1784 թ․), Բերդեանսկ (1827 թ․), Դոնեցկ (1869 թ․), Լուգանսկ (1795 թ․), Դնեպրոպէտրովսկ (1776 թ., պատմական անուանումը՝ Եկատէրինոսլաւ) եւ այլն, եւ այլն։ Դեռեւս 17-րդ դարում ռուսական պետութիւնը սեփական տարածքում հիմնել էր Խարկովը։ Նովոռոսիայի բնակեցումն ու իւրացումը տեղի է ունեցել ոչ միայն Ռուսական կայսրութեան եւ ապա ԽՍՀՄ կազմում լինելու շնորհիւ, այլեւ հիմնականում այսօրուայ Ռուսաստանի տարածքից տեղափոխուած բնակչութեան ուժերով։ Աւելորդ չի լինի նաեւ նշել, որ Ուկրաինան իր վերջին 150-200 տարուայ տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտատեխնիկական մեծ վերելքի համար պարտական է մասամբ ցարական Ռուսաստանին, բայց առաւելապէս ԽՍՀՄ-ին:
Մի քանի խօսք «Ուկրաինայ», «ուկրաինացիներ» հասկացութիւնների մասին։ «Ուկրաինայ» բառն ունի ռուսական ծագում. միջնադարում նշանակում էր «ռուսական հողերի ծայրագաւառ»։ Յատուկ անուն այն դարձել է միայն 16-րդ դարում, երբ լեհ զաւթիչներն այդպէս են կոչել իրենց արեւելեան համեմատաբար ոչ մեծ տիրոյթները Դնեպր գէտի երկայնքով՝ Կիեւից մինչեւ ներկայիս Զապորոժիէ։ «Ուկրաինացի» հասկացութիւնն էլ լեհական կայսրութիւնում նշանակում էր «այդ տարածքում մշտական ռազմական ծառայութիւն անցնող», լինէր դա լեհ թէ տեղացի կազակ։ Ժամանակի ընթացքում «ուկրաինացի» հասկացութիւնը ձեռք է բերում նաեւ աշխարհագրական իմաստ, այսինքն՝ «որոշակի տարածքում բնակուող», բայց ոչ էթնիկ իմաստ։ Օրինակ՝ Տարաս Շեւչենկոյի ստեղծագործութիւններում, որը համարւում է նոր ուկրաինական գրականութեան հայրը, չկայ ուկրաինական էթնոսի կամ ազգի մասին պատկերացում։ Դա նոյնն է, որ Խաչատուր Աբովեանը չիմանար հայ ազգի գոյութեան մասին։ Ուշագրաւ է, որ ինքը՝ Տարաս Շեւչենկոն, իր իսկ գրած ու 1861 թուականին տպագրած այբբենարանն անուանել է «Հարաւռուսերենի այբբենարան» («Букварь Южнорусский») այն պարզ պատճառով, որ «ուկրաիներէն» հասկացութիւնն իրեն անծանօթ էր։
Ուկրաինայի՝ որպէս լայն աշխարհագրական հասկացութեան եւ ուկրաինացի ժողովրդի մասին արհեստական պատկերացումներն ի յայտ են գալիս միայն 19-րդ դարում առանձին գիտնականների աշխատութիւններում, որոնցից են, օրինակ, պոետ, փիլիսոփայ եւ պատմաբան Պանտելեյմոն Կուլիշը (1819-1897) եւ պատմաբան, տնտեսագէտ Միխայիլ Դրագոմանովը (1841-1895)։ Դարավերջին այդ տէրմինները սկսում են գործածել ցարական իշխանութիւններին քաղաքական ընդդիմադիր հարաւռուսական անջատողական շարժման ներկայացուցիչները։ Եւ միայն 1917 թ․ Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ երկու զուգահեռ կազմաւորումների ձեւաւորմամբ Ուկրաինան՝ որպէս պաշտօնական անուանում, առաջին անգամ ստացաւ իր գրանցումը։ Այդ կազմաւորումներն էին ազգային անջատողական ուժերի հռչակած Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետութիւնը (1917-1920 թթ.՝ ընդմիջումներով) եւ բոլշեւիկների հռչակած Ուկրաինայի Սուէտական Ժողովրդական (ապա՝ Սոցիալիստական) Հանրապետութիւնը, որը ստեղծուեց 1917 թ․, ապա՝ 1922-1991 թթ․, ԽՍՀՄ կազմում էր, իսկ 1991 թ․ դարձաւ առանձին պետութիւն։ Ուկրաինայի ստեղծմամբ պաշտօնական գրանցում ստացան նաեւ «ուկրաինացի ժողովուրդ» եւ «ուկրաիներէն» հասկացութիւնները։ Առաջին մարդահամարը, որի ժամանակ ռուս ժողովրդի մալոռուս հատուածը գրանցուեց (հարկադրաբար) որպէս ուկրաինացի, 1926 թուականին էր։ 1920-1930-ական թուականներին, այսպէս կոչուած, կուլտուրական շինարարութիւնն Ուկրաինայում ընթանում էր արմատականացման կարգախօսով, որը ենթադրում էր Ուկրաինական ԽՍՀ բնակչութեան մէջ արհեստականօրէն ուկրաինական ազգային գիտակցութեան ձեւաւորում։ Դրան նպաստում էր մինչ այդ մալոռուսական (եւ ընդհանրապէս ռուսական) բնակչութեան շրջանում զանգուածայնօրէն տարածուած անգրագիտութիւնը: 19-րդ դարում ուկրաինական էթնոսի չլինելու վկայութիւնն է այն, որ ցարական ժամանակներում Մալոռուսիայից ներկայ Ռուսաստան տեղափոխուածների սերունդները (օրինակ՝ Կուբանի կազակները) առ այսօր իրենց էթնիկապէս ուկրաինացի չէն համարում։
Ուկրաինացի անջատողականներին կանդրադառնանք ստորեւ։ Բայց մինչ այդ մի երկու խօսք այն մասին, թէ ինչու էին բոլշեւիկեան իշխանութիւնները վարում ազգային գիտակցութեան ձեւաւորման քաղաքականութիւն։ Դա դիւրին բացատրութիւն ունի․
1) Բոլշեւիկներն առաջնորդւում էին այն պատկերացմամբ, որ որքան շատ ժողովուրդներ մասնակցէն սոցիալիստական հայրենիքի շինարարութեանը, այնքան լաւ։
2) Բոլշեւիկեան իշխանութեան գոյութեան ինքնաարդարացումներից էր այն դրոյթը, թէ ցարական Ռուսաստանը ժողովուրդների համար բանտ էր, եւ միայն խորհրդային իշխանութիւնը նրանց տուեց ազգային-մշակութային մեծ վերելքի հնարաւորութիւն։ Բնականաբար, դրա ամենավառ եւ ընդգծուած օրինակը ուկրաինացիներն էին՝ որպէս ԽՍՀՄ-ում ռուսներից յետոյ ամենախոշոր էթնիկ խումբ:
3) Եւս մէկ բոլշեւիկեան դրոյթի համաձայն՝ սոցիալիստական ազգերը սոցիալական առումով պարտադիր պէտք է ունենային բանուոր դասակարգ։ Իսկ ուկրաինական սոցիալիստական ազգի համապատասխան մոդելի ամենաարագ ստեղծման միջոցը Դոնբասի, Դնեպրոպէտրովսկի եւ Խարկովի արդիւնաբերական գօտիների բնակչութեան արհեստական ուկրաինացումն էր։ Ուշագրաւ է, որ 1917 թ․ ստեղծուած Ուկրաինան թուարկուած հողերը չէր ներառում, ինչպէս եւ Օդեսան ու Խարկովը։ Այդ տարածքները Խորհրդային Ռուսաստանից անջատուեցին եւ նորաստեղծ Ուկրաինայի կազմում ներառուեցին աստիճանաբար՝ 1919-1925 թթ․ ընթացքում, իհարկէ, առանց տեղի բնակչութեան կարծիքը հարցնելու։ Յետաքրքիր զուգահեռ Արցախի եւ Ուտիքի 1921 թուականի ճակատագրի հետ։
4) Վերջապէս, բովանդակութեամբ սոցիալիստական եւ ձեւով ազգային Ուկրաինայի կազմաւորումը, բոլշեւիկեան իշխանութեան պատկերացմամբ, մէկընդմիշտ պէտք է կտրեր ուկրաինական ազգայնական շարժումն իր արեւմտեան արմատներից։
Եւ այստեղ հասնում ենք մեր թեմայի գլխաւոր գաղտնիքի բացայայտմանը, նրան, որ իրապէս ուկրաինական ազգային շարժումն ու անջատողականութիւնն ունեն արտաքին ծագում։ Առանց դա հասկանալու անհնար է ըմբռնել այսօրուայ հակամարտութեան էութիւնը։
Յետաքրքիրն այն է, որ ուկրաինական ազգայնականութեան հիմքը դրել են լեհերը։ Բանն այն է, որ 1793-1795 թթ. Լեհական կայսրութեան (Ռեչ Պոսպոլիտայի) բաժանման հետեւանքով ներկայիս արեւմտաուկրաինական տարածքները յայտնուեցին Ռուսական կայսրութեան կազմում, սակայն իրական տէր ու տնօրէնն այդ տարածքներում մնացին լեհական ծագմամբ տեղացի կալուածատէրերը, որոնք չէին կորցնում յոյսը՝ ձերբազատուելու ռուսական իշխանութիւնից։ Լեհերը մալոռուսների անջատումը Ռուսաստանից դիտում էին որպէս իրենց նպատակներին հասնելու միջոց։ Յենց նրանք էլ (ի դէմս լեհ ազնուական գրողներ եւ վայ-գիտնականներ Յան Պոտոցկիի ու Տադեուշ Չացկիի) 18-19-րդ դարերի սահմանին առաջ քաշեցին օդից վերցրած մի անհեթեթ դրոյթ, թէ Մալոռուսիայի բնակիչները ռուսներ չէն, այլ առանձին ժողովուրդ։ 1863-1864 թթ․ լեհ ազնուականութիւնը փորձել է ապստամբելով Ռուսաստանից անջատել լեհական հողերը (այսպէս կոչուած Ցարստուոյ Պոլսկոյէ- Царство Польское) եւ Մալոռուսիայի արեւմտեան մասը, սակայն ապստամբութիւնը ճնշուել է։
Արեւելեան Մալոռուսիայում աստիճանաբար լեհական անջատողական շարժմանն են հարել հին կազակական տոհմերից նրանք, ովքեր այս կամ այն պատճառով դժգոհ էին ցարական վարչակարգից։ Նրանց անջատողական նկրտումների համար պատմական յենարան է ծառայել 16-17-րդ դարերում կազակական թուացեալ ազատութեան հերոսացումը, որի սկիզբը ռուս գրականութեան մէջ դրել են դեկաբրիստ (այսինքն՝ հակացարական) Ռիլեեւը եւ նոյնքան հակացարական Շեւչենկոն։ Նման պատկերացումների կրողներ էին հին կազակական տոհմիկ գործիչները (Գուլակ, Բելոզերսկի, Կուլիշ, Անդրուզսկի եւ այլք), որոնք ունեցել են լիբերալ, արեւմտամէտ ու հակառուսական-հակակայսերական տրամադրութիւններ եւ 1846 թ. ստեղծել են Կիրիլ-Մեֆոդիեւեան ընկերութիւնը (Кирилло-Мефодиевское общество)` առաջին ուկրաինական ազգայնական կազմակերպութիւնը Ռուսական կայսրութիւնում, որի նպատակն էր ի շահ Արեւմուտքի պայքարել ռուսական ցարական իշխանութեան դէմ, կազմալուծել կայսրութիւնը եւ այն փոխարինել «ազատ» «դէմոկրատական» հանրապետութիւնների դաշնութեամբ։ Այդ կազմակերպութեան գաղափարախօսութեան պատմական հիմնաւորումը պիտի տային նոյն՝ 1846 թ․ Կուլիշի գրած ստեղծագործութիւնը՝ «Повесть об украинском народе» («Պատմութիւն ուկրաինացի ժողովրդի մասին»), եւ Շեւչենկոյի պօէզիան, որում գովերգւում էր անցեալի կազակական պետականամերժ ազատութիւնը։ Բնականաբար, այս ամէնի հետեւում, ինչպէս ժամանակին դեկաբրիստների թիկունքում, կանգնած էր Մեծ Բրիտանիան, որը հետապնդում էր վտանգաւոր հակառակորդի վերացման նպատակ։
1863 թ. լեհական ապստամբութեան ճնշումից յետոյ ուկրաինական սեպարատիզմի կենտրոնը դառնում են աւստրիական տիրապետութեան տակ գտնուող Լուովն ու Գալիցիան։ Բայց, ինչպէս դժուար չէ կռահել, այդ սեպարատիզմն ունէր ոչ թէ հակաաւստրիական, այլ հակառուսական ուղղուածութիւն։
Ուշագրաւ է, որ Լւուում ուկրաինական ազգային շարժման հիմնադիրները նոյնպէս լեհ ազնուականութեան ներկայացուցիչներն էին, որոնցից է, օրինակ, 1863 թ․ լեհական ապստամբութիւնից յետոյ Մալոռուսիայից Գալիցիայ գաղթած Պաուլին Սուենցիցկին, որը դեռ Ռուսաստանում աչքի էր ընկել գիւղացիութեան լուսաւորման անուան տակ Շեւչենկոյի ստեղծագործութիւնները ժողովրդականացնելով։ Լեհ կալուածատէրերի միջավայրից դուրս եկած հասարակական գործիչների, գրողների ու հրապարակախօսների երազանքն էր երբեւէ ոտքի հանել մալոռուսական բնակչութեանն ընդդէմ Ռուսական կայսրութեան եւ վերստեղծել Ռեչ Պոսպոլիտան։ Այդպիսի գործիչները ստացան աւստրիական իշխանութիւնների աջակցութիւնը, որոնք մտաւախութեամբ էին վերաբերւում Ռուսաստանի հարեւանութեամբ իրենց իշխանութեան տակ գտնուող Գալիցիայում ռուս բնակչութեան գոյութեանը եւ 19-րդ դարի երկրորդ կէսից պլաններ էին մշակում քաղաքական ու գաղափարախօսական ճնշմամբ սերմանելու ռուս հպատակների մէջ ոչ ռուսական գիտակցութիւն։ Այդ նպատակով 1868 թ. Լւուում հիմնւում է ազգային-լուսաւորչական «Պրոսուիտայ» ընկերութիւնը, որի կողքին 1873 թ․ հանդէս է գալիս կազմակերպական աւելի ամուր հիմքեր ունեցող Շեւչենկոյի անուան գիտական ընկերութիւնը։ Ընկերութեան խնդիրներից էին արհեստական ճանապարհով մալոռուսական բարբառների հիման վրայ ուկրաինական գրական լեզուի ստեղծումը՝ համեմուած հնարաւորինս շատ լեհական բառերով, մալոռուսական-ուկրաինական ազգային գիտակցութեան ձեւաւորմանն ուղղուած գրական, ազգագրական ու պատմագիտական ստեղծագործութիւնների հրապարակումն ու տարածումը, հակառուսական քաղաքական հրապարակախօսութեան զարգացումը, գիտական կամ կեղծ գիտական պարբերականների թողարկումը։ Ընկերութիւնը բուռն գործունէութիւն ծաւալեց յատկապէս 1897-1916 թթ․ կազակական ծագում ունեցող պատմաբան, Ուկրաինայի պատմահայր Միխայիլ Գրուշեւսկու ղեկավարութեամբ, որի օրօք այն ձեռք բերեց գիտութիւնների ակադեմիայի կարգավիճակ։ Բնականաբար, ընկերութեան գլխաւոր ֆինանսաւորողն աւստրիական կառավարութիւնն էր։
«Պրոսուիտայ»-ի, ապա Շեւչենկոյի անուան ընկերութեան կեանքում լեհերն ունեցան կարեւոր ուղղորդող դեր՝ յանձինս վերը յիշատակուած Պաուլին Սուենցիցկու, մէկ այլ լեհ կալուածատէր ընտանիքից սէրուած Վեաչեսլաւ Լիպինսկու եւ այլն։ Նրանք առաջնորդւում էին այն պատկերացմամբ, որ մալոռուսներն ու վելիկոռուսները ոչ միայն տարբեր ժողովուրդներ են, այլեւ հակոտնեայ։ Մասնաւորապէս, պրոպագանդւում էր մէկ այլ լեհ ազնուականի՝ Ֆրանցիշէկ Դուխինսկու առաջ քաշած անհեթեթութիւնը, թէ վելիկոռուսներն անգամ ռուս էլ չէն, այլ ունեն թուրանական ծագում։
Նոյն Գալիցիայում 1885 թ․ ստեղծուեց առաջին քաղաքական կազմակերպութիւնը՝ «Նարոդնայայ ռադայ»-ն, որը բացայայտ յայտարարում էր ռուսներից առանձին մի ժողովրդի գոյութեան մասին, որը պէտք է կոչուեր ոչ թէ մալոռուս, այլ ուկրաինացի։ Ղեկաւարն էր «Պրոսուիտայ»-ի հիմնադիր անդամներից մէկը՝ գրող եւ լրագրող Յուլիան Ռոմանչուկը, որը 1899 թ․ Գրուշեւսկու հետ հիմնեց ուկրաինական ազգային-դէմոկրատական կուսակցութիւնը։ Աւստրիական խորհրդարանի գրեթէ մշտական պատգամաւոր Ռոմանչուկը 1890 թ․ հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ այն մասին, թէ Աւստրոյ-Հունգարիայի ռուս (ռուսինական) բնակչութիւնն իրականում առանձին ուկրաինական ժողովրդի մասն է։ Այս կազմակերպութիւնների խնդիրն էր աւստրիական իշխանութիւնների հովանու ներքոյ ճնշել Գալիցիայում ռուսամէտ տրամադրութիւնները, որոնք 19-րդ դարակէսին տակաւին տիրապետող էին այնտեղ։
Բնականաբար, Գալիցիայում ուկրաինական ազգայնական շարժման գլխաւոր թիրախը Ռուսական կայսրութեան կազմում ներառուած Մալոռուսիան էր։ Այստեղ այդ պրոպագանդան իր պտուղները սկսեց տալ 20-րդ դարասկզբին, երբ Գրուշեւսկու ու Ռոմանչուկի գաղափարակից Նիկոլայ Միխնովսկու (հին լեհական ազնուական ընտանիքից) գլխաւորութեամբ հիմնուեց նախ Ուկրաինական յեղափոխական կուսակցութիւնը (1900-1905 թթ․), ապա՝ Ուկրաինական ժողովրդական կուսակցութիւնը (1902-1907 թթ․)` առաջին քաղաքական հակառուսական կազմակերպութիւններն արդէն Ռուսական կայսրութեան տարածքում։ Ուշագրաւ է Միխնովսկու հեղինակած «Ուկրաինական անկախութեան մանիֆեստը» (1900 թ․), որում խօսւում էր Կարպատներից մինչեւ Կովկասեան լեռներ ուկրաինական պետութեան ստեղծման անհրաժեշտութեան մասին։ Մանիֆեստի վերտառութիւնն էր «Ուկրաինան ուկրաինացիների համար»։ Եթէ նայենք քարտէզին, կը հասկանանք, որ դա նշանակում էր Ռուսաստանը կտրել Սեւ ծովից։ Ի տարբերութիւն Գալիցիայի՝ ցարական Մալոռուսիայում հակառուսական-հակակայսերական (թէ՛ լիբերալ, թէ՛ տեղական-ազգայնական, թէ՛ սոցիալիստական-յեղափոխական) արտաքին կուրատոր էր հանդէս գալիս Մեծ Բրիտանիան՝ լեհական կալուածատէրերի ակտիւ ներգրաւմամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի աւարտին՝ 1918 թ․, ուկրաինական ազգայնական ուժերի ղեկավարումը ստանձնեց Կայզերական Գերմանիան մինչեւ սեփական կապիտուլեացիան։ Պատէրազմից յետոյ ուկրաինական ու լեհական ազգայնականների ճանապարհները բաժանուեցին, քանզի արեւմտաուկրաինական հողերը՝ Լուովով հանդերձ, յայտնուեցին նորաստեղծ լեհական պետութեան կազմում, որն այնտեղ խեղդում էր ուկրաինական ազգայնական շարժման ցանկացած դրսեւորում։
ԽՍՀՄ-ում, ընդհակառակը, ուկրաինական ազգայնական ուժերը գնացին փոխզիջման խորհրդային իշխանութեան հետ հետեւեալ կարգախօսով՝ «թեկուզ խորհրդային, միայն թէ ուկրաինական»։ Այդ փոխզիջման արտայայտութիւն էր Գրուշեւսկու վերադարձը Խորհրդային Ուկրաինայ, որտեղ նա դարձաւ Կիեւի ԳԱԱ պատմաբանասիրական բաժնի ղեկավար։
Վերոշարադրեալը ցոյց է տալիս, որ ուկրաինական «ազգային ինքնագիտակցութեան» ձեւաւորումը եղել է արհեստական, ղեկավարուել կամ հովանաւորուել է արտաքին (լեհական, աւստրիական, անգլիական) ուժերի կողմից։ Եւ այս ամէնի նպատակն էր կազմաքանդել Ռուսաստանը, պոկել նրա սեփական հողերից մի մեծ կտոր եւ ամենակարեւորը՝ ուղղել այդ կտորը մնացած Ռուսաստանի դէմ՝ հրահրելով պատերազմ ու փոխադարձ ոչնչացում ռուսական աշխարհում: Ակնյայտ է, որ ուկրաինական գիտակցութիւնը կարող էր ունենալ միայն հիւանդ ազգայնականութեան բնոյթ, իսկ իր աւարտուն տեսքը կարող էր ստանալ միայն որպէս ուկրաինական ֆաշիզմ։ Պատահական չէ, որ ներկայ ուկրաինական ազգայնականութեան ամենամեծ հերոսներն են Ստեփան Բանդերան ու Ռոման Շուխեւիչը՝ բացայայտ նացիստներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել են ուկրաինական ազգայնական շարժումը եւ հիտլերեան Գերմանիայի աջակցութեամբ ոչ այնքան պայքարել են խորհրդային պետութեան ու Կարմիր բանակի դէմ, որքան իրականացրել այլախոհ (կոմունիստ) ու այլացեղ (հրէայ, լեհ) խաղաղ բնակչութեան կոտորածներ։ Ստեփան Բանդերան իր, այսպէս կոչուած, ուկրաինական նացիոնալիստների կազմակերպութեան ղեկավարումը ստանձնել է 1940 թ․՝ հաստատուելով հիտլերեան Գերմանիայի կողմից զատուած Լեհաստանի տարածքում, որտեղ իրականացուել է ԽՍՀՄ-ի դէմ դիւերսիոն պայքարի համար գրոհայինների եւ ահաբեկիչների պատրաստում, եւ դա՝ դեռեւս ԽՍՀՄ-ի վրայ Գերմանիայի յարձակումից առաջ։ Թող չշփոթեցնի այն հանգամանքը, որ 1941-1944 թթ. Բանդերան գերմանական բանտում էր՝ ընդ որում ապրելով հիւրանոցային յարմարաւետ պայմաններում։ Բանդերայի ձերբակալումը միայն նպատակ ունէր անմիջական վերահսկողութեան տակ պահելու նրա ղեկավարած կազմակերպութեան ու դրա գրոհայինների գործողութիւնները եւ դրանք առաւելագոյնը ծառայեցնելու Գերմանիային։ Ի դէպ, աւելորդ չի լինի նշել, որ այդ ազգայնականներն անմիջականօրէն հովանաւորւում էին Երրորդ ռեյխի զինուորական հետախուզութեան ու հակահետախուզութեան ծառայութեան («Աբուեր») կողմից, որի ղեկավար Կանարիսը, ըստ որոշ պատմական տեղեկութիւնների, կապուած էր բրիտանական հետախուզութեան հետ։ Այս հանգամանքն ինչ-որ չափով կարող է բացատրել նացիստական Գերմանիայի նկատմամբ բանդերականների ոչ հետեւողական կեցուածքը։ Բանդերականները 1942 թ. վերջից սկսեցին կազմաւորել, այսպէս կոչուած, «ուկրաինական ապստամբական բանակը»։ Ու թէեւ այն օգտագործւում էր հիտլերականների կողմից Կարմիր բանակի թիկունքում դիւերսիաներ կազմակերպելու, խորհրդային պարտիզանների դէմ պայքարելու եւ օկուպացուած տարածքներում ոստիկանական ծառայութեան համար, սակայն առաւել աչքի ընկաւ լեհերի, ռուսների եւ հրէայների էթնիկ զտումների ու կոտորածների կազմակերպմամբ։ Առաւել յայտնի է վոլինեան կոտորածը 1943-1944 թթ., երբ Վոլինի մարզում (Արեւմտեան Ուկրաինայ) կոտորուեց, ըստ տարբեր հաշուարկների, 50-60 հազար լեհ։
1945 թուականից սկսած՝ ուկրաինական ազգայնականութեան ու ֆաշիզմի նկատմամբ շեֆութիւնն իրենց վրայ են վերցրել անգլոյ-սաքսոնական երկրները՝ ոչ միայն ԱՄՆ-ն ու Անգլիան, այլեւ Կանադան, որտեղ 20-րդ դարում կազմաւորուել է բաւական ագրեսիւ եւ ռուսատեաց ուկրաինական գաղութ, որը կայուն ազդեցութիւն է ձեռք բերել այդ երկրի քաղաքական ու հասարակական կեանքում։ Անգլոսաքսէրի ուկրաինական քաղաքականութեան միտումն է կտրել Ուկրաինան Ռուսաստանից, կատարել դեռուսիֆիկացիայ, վերածել այն մի խոշոր (30-40-միլիոնանոց) հակառուսաստանի եւ ամէն ինչ անել՝ միմեանց դէմ դուրս բերելու ռուսական աշխարհի երկու խոշոր հատուածները ու դրանով արիւնաքամ անելու Ռուսաստանը։ Բաւական է ծանօթանալ Բժեզինսկու մտքերին, որպէսզի հասկանալի դառնան Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցում Արեւմուտքի ծրագրերը (տէ՛ս http://ilinalexey.ru/2019/07/07/bzhezinskij-ob-ukraine/)։ Ուստի պատահական չէ, որ ԽՍՀՄ փլուզումից (1991 թ.) յետոյ արեւմտեան հովանաւորութեան տակ յայտնուած Ուկրաինայի քաղաքական զարգացման ուղղութիւններն էին աստիճանական հեռացումը Ռուսաստանի հետ սերտ յարաբերութիւններից, նեոնացիստական ուժերի ամրապնդումն ու նրանց ազդեցութեան աճը, Բանդերայի ու բանդերականների հերոսացումը պետական մակարդակով, Ռուսաստանի, ռուս ժողովրդի եւ ամէն ռուսականի նկատմամբ թշնամութեան սերմանումը, ռուս ուղղափառ եկեղեցու դէմ հալածանքները։ հասարակութեան մէջ, նացիստական գաղափարախօսութեամբ զինուած մարտական գրոհային խմբերի ստեղծումը՝ ի դէմս «Ազով», «Պերուիյ սեկտոր» խմբաւորումների: Այս ամէնը տրամաբանօրէն պէտք է յանգեցներ 2014 թ. արիւնոտ պետական յեղաշրջմանը՝ Արեւմուտքի ակտիւ աջակցութեամբ, ինչի հետեւանքը Ուկրաինայի վերածումն էր բացայայտ նացիստական երկրի, որի գոյութեան իմաստը պիտի դառնար Ռուսաստանի դէմ պատերազմը։
__________________________________
Թեմատիկ յղումներ
1. https://iz.ru/1424966/2022-11-14/amerikanskii-razvedchik-obvinil-ssha-v-podderzhke-natcionalistov-na-ukraine.
2. https://katehon.com/ru/news/kak-ssha-podderzhivayut-ukrainskih-neonacistov-azova.
3. https://rossaprimavera.ru/news/0dd01401.
4. https://www.fondsk.ru/news/2022/04/03/75-letnjaja-istoria-tajnogo-sojuza-mezhdu-anglosaksami-i-ukrainskimi-nacistami-55907.html.
5. https://skeptimist.livejournal.com/4471223.html.
6. https://skeptimist.livejournal.com/4471223.html.
7. https://rg.ru/2022/04/06/pochemu-nacizm-vozrodilsia-na-ukraine-a-ne-v-germanii.html.
8. https://news-front.info/2021/10/01/ukrainskih-neonatsistov-finansiruyut-i-vospityvayut-ssha/.
9. https://yandex.ru/video/preview/5189323328776436815.
10. https://yandex.ru/video/preview/18092201389216291507.