Յարձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատան և Իրանի պաշտպանական կենտրոնների դէմ

Յարձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատան և Իրանի պաշտպանական կենտրոնների դէմ

 Իրանագէտ Արտյոմ Տօնոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ադրբեջանը տարհանում է դեսպանատան աշխատակիցներին, աւարտում իր գործը եւ մօտաւորապէս երեք ժամ անց տեղի է ունենում յարձակում Իրանի պաշտպանական որոշ օբիեկտների դէմ։

Հիմա, կարող էր եւ պատահականութիւն լինել, կարող էր եւ համընկնել ադրբեջանական դեսպանատանը տեղի ունեցած դէպքի հետեւանքների հետ, բայց հաշւի առնելով, թէ ինչ ռեժիմով էր աշխատում այս գիշեր Ադրբեջանի տեղեկատւական համակարգը ու ինչքան ներդաշնակ իսրայէլական եւ առհասարակ հակաիրանական քարոզչութեան հետ, կարելի է ենթադրել, որ անմասն չի եղել Իրանի դէմ իրականացւած յարձակմանը նաեւ մեր թշնամի երկիրը։

Ի վերջոյ, նաեւ միմեանց շնորհաւորելը նման իրավիճակում եւ երկրաշարժից ժամեր առաջ տուժած մարդկանց ու արտաքին յարձակման մէջ գտնւող երկրի քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչերն էլ վերեւում նշւածի օգտին են խօսում»։

Յիշեցնենք նաև որ յունւարի 27-ին յարձակում էր տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի Հանրապետութեան դեսպանատան վրայ: Իրանի պաշտօնական աղբիւրների հմաձայն գործողութիւնը ահաբեկչական չի եղել, եւ յարձակւողի շարժառիթը զուտ անձնական է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում նշել է, արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն, Իրանում Ադրբեջանի դեսպանատան միջադէպի հետեւանքով տուժածներին այցից յետոյ, գրում է ԻՌՆԱ-ն:

«Այս միջադէպի մասին իմանալով, այաթ. Ռէյիսին խիստ հրամաններ է արձակել համապատասխան հետաքննութիւն եւ դատա-իրաւական գործընթացներ ծաւալելու անհրաժեշտութեան վերաբերեալ, լրջօրէն հետեւելու իւրաքանչիւր անձին, որոնք կարող են այս կամ այն կերպ առնչւած լինել միջադէպին: Մասնաւորապէս՝ անհրաժեշտ է ծաւալել դատական ​​եւ իրաւապահ մարմինների հետաքննութիւն՝ յարձակւողի նկատմամբ»,- շեշտել է նա:

Յաւելելով, որ բարեբախտաբար, յարձակւողը ձերբակալւել է առաջին րոպէներին ոստիկանութեան աշխատակիցների միջոցով, այնուհետեւ ենթարկւել է հարցաքննութեան: Արտաքին գործերի նախարարը յայտնել է, որ միջադէպի առնչութեամբ նաեւ զեկոյցներ են փոխանցել ներքին գործերի նախարարը, անվտանգութեան նախարարութիւնը, արտաքին հետախուզութեան կազմակերպութիւնը եւ հետախուզական կորպուսի գործընկերները, ինչպէս նաեւ «Ֆարաջա»-ի գլխաւոր հրամանատարութիւնը:

Նա նաեւ նշել է, որ հանգամանալից զրոյց է ունեցել իր գործընկեր Ադրբեջանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի հետ եւ հեռախօսազրոյցի ընթացքում պայմանաւորւել են, որպէսզի Ադրբեջանի դեսպանը վերադառնայ Թեհրան:

Նախարար Ամիր Աբդօլլահեանը շեշտել է, որ իր գործընկերոջ հետ պայմանաւորւել են, որպէսզի արտաքին գործերի նախարարութեան թիմը, Եւրասիայի գլխաւոր տնօրէնը եւ միւս գործընկերներն աջակցեն, որպէսզի երկու կողմերն էլ այս փուլը բարեյաջող յաղթահարեն։

Նա շեշտել է նաեւ, որ Անվտանգութեան ծառայութիւնները եւ Բաքւի իշխանութիւններին ներկայացրել են յարձակւողի վերջին իրավիճակն ու բացայայտումներն, ինչպէս նաեւ նրա մոտիւացիան։

«Անվտանգութեան եւ դատաիրաւական ոլորտի մեր գործընկերների բացայայտումները մինչ այժմ այն ​​է, որ յարձակւողը ունեցել է միայն անձնական դրդապատճառ, եւ նրա անձնական դրդապատճառը վերաբերում է իր կնոջը»,- նշել է նա:

Ամիր Աբդօլլահեանը յաւելել է, որ համապատասխան գերատեսչութիւնները հետաքննում են՝ արդեօ՞ք նրա կինը գտնւում է Ադրբեջանում եւ արդեօք այդ անձը ամիսներ շարունակ չի կարողացել կապ հաստատել իր կնոջ հետ, թէ՞ այլ դրդապատճառ ունի:

«Այնուամենայնիւ, գործողութիւնը անվտանգութեան եւ իրաւապահ մարմինների տեսանկիւնից հաստատում է, որ այն կազմակերպւած ահաբեկչական գործողութիւն չի եղել, այլ անձնական դրդապատճառներով արարք, որը նման է օրինակ Իրաքում մեր դիւանագէտների հետ տեղի ունեցած իրավիճակին»,- նշել է նա:

Արտաքին գործերի նախարարն ասել է. «Դա հեռու չէ նմանատիպ իրավիճակից, որը տեղի է ունեցել ռուս դիւանագէտի հետ հարեւան երկրում»։

Share