ԱՄՆ-ը հաւատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան բանակցութիւններին եւ ողջունում է գործընկերների, այդ թւում՝ Եւրոպական Միութեան ջանքերն՝ ուղղուած տարածաշրջանում վստահութիւն ձեւաւորելուն եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխօսութեան համար նպաստաւոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնել է ԱՄՆ պէտքարտուղարութեան խօսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում:
«Մենք շարունակում ենք սերտօրէն համագործակցել անմիջականօրէն մեր գործընկերների հետ, ինչպէս նաեւ տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդիւնաւետ է», — ասել է Պատելը:
Լրագրողն ԱՄՆ պէտքարտուղարութեան ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարութեան յայտարարութիւնը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելութիւն տեղակայելու Եւրամիութեան որոշման առնչութեամբ:
«Ինչ վերաբերում է, մասնաւորապէս, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրաւուած չէր 2020 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքուած հրադադարում, որի արդիւնքում ռուս խաղաղապահներ տեղակայուեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկէ, ինչպէս գիտեք, սա խիստ կարեւոր է պէտքարտուղարի համար՝ մի բան, որի վրայ նա մեծ ուշադրութիւն է դարձրել եւ որում խորապէս ներգրաւուած է եղել», — եզրափակել է Պատելը:
Ռուսաստանը գտնում է, որ Բրիւսելը շահագրգռուած չէ Ադրկովկասում խաղաղութեամբ, ցանկանում է դիտորդական առաքելութեան միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում եւ ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարութիւն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարութիւնը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիւ կերպով առաքելութիւն տեղակայել Հայաստանում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ակնյայտ է, որ Հայաստանում Եւրոպական Միութեան քաղաքացիական նոր առաքելութիւնն աւելի մասշտաբային է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործում էր անցեալ տարուայ հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխուել։ Մենք որեւէ «աւելացուած արժէք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձութիւնների նկատմամբ ԵՄ «փորձագէտների» վերահսկողութիւնից: Եթէ Բրիւսելն անկեղծօրէն շահագրգռուած լինէր Անդրկովկասում խաղաղութեամբ, ապա իրենց առաքելութեան աշխատանքի պայմանները կը համաձայնեցնէին Ադրբեջանի հետ», — գրուած է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրութիւնում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչութեան համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելութիւնը կարող է աշխարհաքաղաքական առճակատման յանգեցնել:
«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածուած եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականութիւն վարող Եւրամիութեան ներկայացուցիչների յայտնուելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկայ հակասութիւնները: ԵՄ առաքելութեան յայտարարուած քաղաքացիական բնոյթը նոյնպէս չպէտք է մոլորեցնի. այն ձեւաւորւում է ԵՄ ընդհանուր անվտանգութեան եւ պաշտպանութեան քաղաքականութեան շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով», — յաւելել են ՌԴ արտգործնախարարութիւնում։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքէն Եւրամիութեան դիտորդների պահուածքին:
«Հայաստանում ամէն գնով ամրապնդուելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եւրամիութեան փորձերը կարող են վնասել հայերի եւ ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզուած ենք, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունութեան եւ անվտանգութեան առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան հիման վրայ տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմը, ինչպէս նաեւ հայկական սահմաններին ծառայութիւն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները: Նրանք կարձագանքէն ԵՄ դիտորդների պահուածքին՝ հաշուի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը», — նշուած է հաղորդագրութիւնում։
ՌԴ արտգործնախարարութիւնը նաեւ ընդգծել է Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելութեան օպերատիւ տեղակայման հնարաւորութիւնը:
«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելութեան ուղղութեամբ աշխատանքները տրամաբանական աւարտին չհասցնելով՝ Երեւանում գերադասել են ընտրութիւն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթէ հայ դաշնակիցները շահագրգռուածութիւն կայ՝ օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելութիւնը կարող է օպերատիւ կերպով տեղակայուել Հայաստանում», — յայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչութիւնը յաւելել է, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւ, ընդհանրապէս, տարածաշրջանում իրավիճակի բարելաւման ամենակայուն եւ տեւական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. յունուարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եւ 2022 թ. հոկտեմբերի 31-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանաւորուածութիւնների խստիւ եւ հետեւողական կատարումն է, այդ թւում՝ բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը եւ սահմանագծումը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, հասարակութեան, փորձագիտական շրջանակների եւ խորհրդարանականների միջեւ եռակողմ շփումների զարգացումը։ ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ Մոսկուան պատրաստ է ամէն կերպ աջակցել դրան։