Յույսի ու յուսախաբութեան միջև

Յույսի ու յուսախաբութեան միջև

«Դրօշակ»-ի Առաջնորդող.

Վերջին շրջանում փաշինեանական ռեժիմը իրականացնում է շեշտուած ու բացայայտ հակառուսական քաղաքականութիւն։ Յիշէնք այդ քաղաքականութեան մի շարք դրսեւորումներ. Նիկոլ Փաշինեանը մերժեց ստորագրել Երեւանում գումարուած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գագաթնաժողովի հռչակագիրը, հայկական կողմը հրաժարուեց մասնակցել Ռուսաստանի միջնորդութեամբ Մոսկուայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցութիւններին, չեղարկեց 2023 թ․ Հայաստանում ՀԱՊԿ միացեալ ուժերի զօրավարժութիւնների անցկացումը, մինչ այդ պաշտօնական Երեւանը անցանկալի անձ էր յայտարարել Ռուսաստանի Պետդումայի պատգամաւոր Միխայիլ Զատուլինին` արգելելով նրա մուտքը Հայաստան։ Ի դէպ այն գործչին, որը գրեթէ 30 տարի միանշանակօրէն պաշտպանել է պրոհայկական եւ պրոարցախեան տեսակէտներ՝ բացայայտօրէն հակադրուելով ադրբեջանական դիրքորոշումներին։

Պաշտօնական քայլերի կողքին ակնյայտ է հակառուսական քարոզչութիւնը, որով լցուած են հայկական լրատուամիջոցներն ու համացանցը, նոյն իշխանութեան գիտութեամբ եւ թելադրանքով են տեղի ունենում հակառուսական զանազան ակցիաները ռուսական դեսպանատան կամ Գիւմրու ռուսական ռազմաբազայի դէմ եւ այլն։

Այս ամէնին ներկայումս յաճախակի են անդրադառնում ռուսական քաղաքագիտական շրջանակները՝ շեշտելով, որ, 44-օրեայ պատերազմը տանուլ տալու, սեփական սահմանները պաշտպանել չկարողանալու մեղքը Ռուսաստանի վրայ բարդելով, Հայաստանի իշխանութիւններին յաջողուել է հակառուսական տրամադրութիւնները տարածել նաեւ հայ հասարակութեան մէջ։ Որքան էլ արտառոց ու անցանկալի է երեւոյթը, շատ յաճախ Ռուսաստանի ամենաբարձր մակարդակի պաշտօնեաներն են հանդէս գալիս Հայաստանի իշխանաւորների այս կամ այն յայտարարութեան հերքմամբ։ Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանութիւնը՝ չափազանց վտանգաւոր այս արկածախնդրութեանը դիմելով։

Սոյն թուականի յունուարի 10-ին մամուլի ասուլիսի ձեւաչափով Նիկոլ Փաշինեանը, ըստ էութեան, հրապարակեց իր կառավարութեան որդեգրած քաղաքականութիւնը թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Արցախի վերաբերեալ։ Յիշեալ ասուլիսի ժամանակ նա ասաց․ «Եթէ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը զարգացած եւ անվտանգ պետութիւն լինի, մենք պէտք է մեր տարածաշրջանում մեր յարաբերութիւնների որակը փոխելու մասին մտածենք։ Այսինքն՝ մենք նաեւ կառավարութեան 2021-26 թուականների գործունէութեան ծրագրում, ըստ էութեան, նոր մի դիտակէտ ենք ներկայացնում որպէս կառավարութեան գործունէութեան կարեւոր ուղղութիւն, եւ մենք այդ ուղղութիւնը պայմանականօրէն անուանում ենք տարածաշրջանացում։ Այսինքն՝ պատմականօրէն մենք մեր տարածաշրջանում աւելի շատ մտավախութիւններ ենք ունեցել, քան հնարաւորութիւններ ենք տեսել, եւ դա հասկանալի է. մենք գիտենք, բոլորս գիտենք, թէ դա ինչու է այդպէս դասաւորուել, բայց մենք կարծում ենք, որ գուցէ նաեւ ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկիւնը»1։ Ասուածի տրամաբանական շարունակութիւնը կարելի է համարել քիչ անց ասուած միտքը․ «Մենք խաղաղութիւն կարող ենք ունենալ, եթէ ի վիճակի լինենք մեր յարաբերութիւնները՝ հանդուրժող յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»։ «Էս ա խաղաղութեան բանաձեւը, եւ, իհարկէ, միջազգային հանրութեան էն ռեսուրսները, որոնք կարող են մէզ օգնել էդ հարցում, էդ ռեսուրսներն ու հնարաւորութիւնները պէտք ա օգտագործել»,- նշել է Փաշինեանը։ Լրագրողի այն հարցին, թէ ճի՞շտ է, որ ՀԱՊԿ-ի վրայ յոյս չէն դնում, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը հաւատում են, Փաշինեանը պատասխանում է․ «Ես ՀԱՊԿ-ի վրայ յոյս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող ա յուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը հաւատում եմ մի պատճառով, որովհետեւ որեւէ բան անելուց առաջ պէտք է հաւատալ դրան. եթէ չես հաւատում, ինչի՞ ես անում։ Եթէ չենք հաւատում, ինչի՞ ենք բանակցում: Փորձը ցոյց ա տալիս, որ ձեւի համար բանակցութիւնը լաւ տեղ չի տանում»։ Ահա, դաշնակցից երես թեքելու դէպքում գործում է մի տրամաբանութիւն, իսկ ցեղասպան թշնամու հետ յարաբերութիւններ կարգաւորելու ցանկութեան դէպքում՝ մէկ ուրիշը. «….փոխել տարածաշրջանում յարաբերութիւնների որակը», «….տարածաշրջանում աւելի շատ մտավախութիւններ ենք ունեցել, քան հնարաւորութիւններ ենք տեսել, բայց գուցէ ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկիւնը», «․․․.խաղաղութիւն կարող ենք ունենալ, եթէ ի վիճակի լինենք հանդուրժող յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ», իսկ Ադրբեջանի պայմաններով շուտափոյթ խաղաղութեան պայմանագիր կնքելու, միաժամանակ Արցախից հրաժարուելու հարցում Արեւմուտքի դերակատարութեան մասին աւելացնում է. «․․․.միջազգային հանրութեան էն ռեսուրսները, որոնք կարող են մէզ օգնել էդ հարցում, էդ ռեսուրսներն ու հնարաւորութիւնները պէտք ա օգտագործել»։ Աւելին՝ նոյն հարցազրոյցում երկրի ճակատագիրը տնօրինողն ասում է․ «․․․․Ստացւում ա, որ Ռուսաստանի Դաշնութեան ռազմական ներկայութիւնը Հայաստանում ոչ միայն չի երաշխաւորում Հայաստանի անվտանգութիւնը, այլեւ, ընդհակառակը, սպառնալիքներ ա ստեղծում Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան համար։ Եւ մենք էս փաստէրից հետեւութիւններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք էս փաստերը»։ Շատ խորաթափանց պէտք չէ լինել հասկանալու համար, որ այստեղ խօսքը ամենեւին էլ խաղաղապահների մասին չէ, այլ Գիւմրիում տեղակայուած ռազմակայանի գոյութեան անհրաժեշտութեան, ինչի ուղղութեամբ «առայժմ» քայլեր չէն արւում, սակայն չկասկածենք, որ դա նոյնպէս օրակարգային հարց է։

Ինչ-որ բան չե՞ն յիշեցնում այս մտքերը։ Նոյն բանը չէ՞ր խորհուրդ տալիս արդյօք ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթօնը 2018 թ. հոկտեմբերի 24-25-ին, երբ Երեւանում էր, այն է՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցում հրաժարուել պատմական կաղապարներից, հրաժարուել Ռուսաստանի ու Իրանի հետ բարեկամական յարաբերութիւններից եւ դէմքով շուռ գալ դէպի Թուրքիայ ու Ադրբեջան։ Դրանից երկու տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան պէտք է ցեղասպանական պատերազմ սանձազերծեին արցախահայութեան դէմ, եւ այսօր էլ հայութեանը ոչնչացնելու, նրա կենսական տարածքների նկատմամբ յաւակնութիւնները շարունակւում են, ինչի մասին ասուլիսի ժամանակ անգամ Փաշինեանն է խոստովանում։ Բայց ահա Հայաստանի այլ «ԴՆԹ», այլ «գէն» ունեցող իշխանութիւնը (նոյն Փաշինեանի բնորոշումն է յիշեալ ասուլիսի ժամանակ) ձեռնարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոխելու գործընթաց։

Անկախ նրանից՝ ով ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, արդյօք բոլորի համար պա՞րզ չէ, որ Ռուսաստանն այսօր, իսկ առաւել ստոյգ՝ Ուկրաինայում իր անխուսափելի յաղթանակից յետոյ, պահպանելու է Կովկասում գլխաւոր հարց լուծողի իր կարգավիճակը։ Իսկ եթէ ակնյայտ են Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիւ յաւակնութիւնները այս եւ ոչ միայն այս տարածաշրջանում, հայկական կողմի «բարի» ցանկութիւնները բաւարա՞ր են արդյօք, որ տեւական խաղաղութիւն հաստատուի Հայաստանի ու ամէն օր նրա նկատմամբ սադրանքների ու պատերազմի սպառնալիքը պահպանող թշնամիների միջեւ։

Չյաջողելով պարտուողական պատերազմով ձերբազատուել Ռուսաստանից ունեցած կախուածութիւնից՝ Փաշինեանն ու իր առաջնորդած ուժը դրանից յետոյ էլ ամէն կերպ փորձում են իրենց ուսերից ցած նետել այդ պատասխանատուութիւնը։ Պատահական չէն նրանց խիստ դժգոհ արձագանքները, երբ արցախցիները յայտարարում են անկախութեան նպատակից չհրաժարուելու եւ Ադրբեջանի կազմ վերադառնալու հեռանկարը մերժելու մասին։ Նոյն այս հանգամանքն է պատճառը, որ 120.000 արցախցիների շրջափակմանն ապազգային իշխանութիւնն արձագանքում է միայն միջազգային ուժերին հասցէագրուած ձեւական յայտարարութիւններով։ Փաստացի Արցախը կրկին ստրկացնելու հարցում ՔՊ-ական իշխանութիւնը հանդէս է գալիս որպէս Ադրբեջանի դաշնակից։

Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքի պայմաններում Հայաստանը անհեթեթ մեկնաբանութեամբ մերժում է իր թշնամիներին ուղղուած զօրավարժութիւններ անցկացնելու ՀԱՊԿ-ի նախազգուշական քայլը, երբ նոյն ժամանակ Հայաստանի սահմանների մօտ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են հերթական զօրավարժութիւնները։ Ի դէպ, Հայաստանի իշխանութիւնները մեր տարածքում զօրավարժութիւններ կազմակերպելու ՀԱՊԿ-ի նախորդ առաջարկը մերժել էին 2020 թուականի պատերազմի նախօրեակին, երբ դարձեալ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զօրավարժութիւններ էին անցկացնում, եւ դրա հետեւանքների մասին Հայաստանի դաշնակիցները զգուշացնում էին։ Այս եւ սոյն յօդուածում շարադրուելիք միւս փաստերը եւս մէկ անգամ հաստատում են 44-օրեայ պատերազմում Հայաստանի իշխանութիւնների կանխամտածուած պարտութեան փաստը, ինչպէս եւ այդ պարտութեան մեղքը Հայաստանի նախկին իշխանութիւնների կամ Ռուսաստանի ուսերին բարդելու անհեթեթութիւնը։

Ինչո՞ւ հէնց նման ճակատագրական պահին, երբ փորձ է արւում շրջափակման մէջ խեղդելու Արցախը, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանի զբաղուածութեան եւ հայկական բանակի անպաշտպանունակութեան պայմաններում Ադրբեջանը եւ նրա թիկունքից Թուրքիան փորձում են վերջնականապէս ծնկի բերել Հայաստանը, Փաշինեանը խաղում է այս վտանգաւոր խաղը։ Թերեւս պատասխանը կարելի է կռահել վերջին շրջանում արեւմտեան երկրների՝ քաղաքական եւ անվտանգային ոլորտների բարձր պաշտօնեաների հետ հայ պաշտօնեաների հանդիպումների ու փոխայցերի իրողութեան գնահատմամբ։ Այն պարագայում, երբ ակնյայտ է դառնում ուկրաինական ճակատում Ռուսաստանին ջախջախելու անհնարինութիւնը, Արեւմուտքին ամէն գնով անհրաժեշտ է Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի ձեւաւորումը, թեկուզեւ նախնական փուլում այն իրականացուի քաղաքական-դիւանագիտական ճնշման ձեւով։

Իր հերթին Ռուսաստանը ծայրահեղ զգուշաւորութեամբ փորձում է խուսափել նոր ճակատի, կամ ճակատների հետ բախման հաւանականութիւնից։

Արցախեան երկարատեւ շրջափակման աննախադէպ փաստին Արեւմուտքի ոչ համարժէք արձագանքն ուղղակիօրէն շաղկապւում է կովկասեան տարածաշրջանում իր ներկայացուցիչներ Թուրքիային եւ Ադրբեջանին յատկացուած դերակատարութեան՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ծրագրի հետ։ Ի դէպ, վերջին շրջանում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համապատասխան պաշտօնեաների միջեւ՝ երկու երկրների ռազմական համագործակցութեանն ուղղուած կոնկրէտ եւ շօշափելի խնդիրներ լուծելու նպատակով։ Եւրոպական չինովնիկները, կանգնելով էներգակիրների հայթայթման նոր աղբիւրների եւ ճանապարհների փնտրտուքի առջեւ՝ քծնում են Ադրբեջանի բռնապետին, Հայաստանի իշխանութիւնը երկիրը վերածում է երկու աշխարհակարգերի միջեւ բախման գոտու։

Անկախ իշխանութիւնն իհարկէ պէտք է ձգտէր տարբեր բեւեռների միջեւ հաւասարակշռութեան պահպանման՝ ռազմավարական եւ մարտավարական քայլերը բխեցնելով ազգային կոնկրէտ շահերից, բայց այս իշխանութեանն առաջնորդում են ոչ թէ ազգային շահերը, այլ տէրերի թելադրանքը եւ ամէն կերպ իշխանութիւնը պահպանելու պատեհապաշտութիւնը։

Նիկոլ Փաշինեանն իր յայտնի ասուլիսի ընթացքում հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին խօսելիս ստանձնում է Ալիեւի փաստաբանի դերը եւ իր պարտքն է համարում ներկայացնել հակառակորդի մեղադրանքներն ու պահանջները հայկական կողմին։ Նա իր հակառակորդների զայրոյթը յարուցելու վախից հրաժարւում է դաշնակիցների հետ զօրավարժութիւն անցկացնելու մտքից, սեփական բանակը հզօրացնելու նախաձեռնութիւնից, իր պոտենցիալ դաշնակիցների հետ գործակցելու հնարաւորութիւնից, ինչպէս եւ վախենում է ծպտուն հանել արցախահայութեան ազատ ապրելու իրաւունքի, Արցախի շրջափակման, հայ գերիների եւ անգամ հայ նահատակների մասին, որոնց աճիւնները բաց երկնքի տակ են․․․ Թերեւս միայն հայ ժողովրդի այսօրուայ սերունդները կը հանդուրժեին այնպիսի ղեկավարի գոյութիւնը, որը 2022 թ․ ՄԱԿ-ի լիագումար նիստի ժամանակ, կամ 2023 թ. իր առաջին ասուլիսում յայտարարում է, թէ համաձայն է տարածքային զիջումների, միայն թէ դիմացինը չի ասում, թէ որն է այդ զիջումների սահմանը (եւ մէկ այլ հարց է, թէ այդ դէպքում ինչպէս է պահպանելու Հայաստանի ամբողջականութիւնը 29,8 հազար ք/կմ-ի սահմաններում)։

Չկայացած ղեկավարը մէկ հարցազրոյցի ընթացքում բազմաթիւ անգամներ յայտարարում է, թէ Հայաստանը պարտաւորութիւն չունի Ղարաբաղի առջեւ, Ադրբեջանն ու Ղարաբաղը իրար հետ պէտք է լուծեն իրենց խնդիրները, եւ փորձում է կեղծ դատողութիւններով արդարացնել իշխանութեան գործունէութեան մէջ դրսեւորուող իրաւական ապօրինութիւնները, որոնք թոյլ են տրւում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագրի, ՀՀ ազգային անվտանգութեան հայեցակարգի եւ նոյնիսկ Փաշինեանի կառավարութեան որդեգրած՝ Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելու պարտաւորութեան դէմ։ Փաշինեանը, ոտնակոխելով հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի արժէքը, նահատակուած հերոսների յիշատակը եւ արցախցիների անկախ ապրելու կամքը, ըստ էութեան յայտարարում է, թէ ի սկզբանէ սխալ ու անհեռանկար է եղել արցախեան պայքարը։ Հայկական բանակը կործանած ղեկավարն ասում է, թէ բանակ չի եղել, երբ մինչեւ իր դաւաճանական կառավարումը հայկական բանակը միշտ յաղթել է թշնամուն։ Փաշինեանն անգամ բանակի հզօրացման հեռանկարն է կասկածի տակ դնում՝ նոյն ասուլիսում յայտարարելով, թէ միշտ էլ կը գտնուեն բանակներ, որոնք աւելի ուժեղ կը լինէն։ Իսկ թէ ինչ ողբերգական վիճակի է նա ներկայումս հասցրել բանակը, վկայում են ոչ միայն իր ստորացած վիճակը եւ նոր պատերազմից վախը, այլեւ հէնց վերջին շրջանի դժբախտ դէպքերը պաշտպանութեան բանակի համակարգում։

Փաշինեանն ասում է, թէ իրենց իշխանութիւնն ի սկզբանէ այն կարծիքին է եղել, որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է՝ մոռանալով նաեւ Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելու իր կառավարութեան պարտաւորութեան մասին, չյիշելով իր՝ բանակցութիւնները զրոյ կէտից սկսելու, «Արցախը Հայաստան է եւ վէ՛րջ» յայտարարութիւնների մասին։ Փաշինեանը, երեւի համոզուած լինելով, որ իրեն կը յաջողուի մշտապէս խաբել հայ ժողովրդին, լռում է այն մասին, որ Արցախի խամաճիկ իշխանութիւններին ինքն է ժամանակին աջակցել պաշտօն ստանձնելու հարցում, եւ առ այսօր ձգտում է այդ իշխանութեանը պահել իր թելադրանքի ներքոյ։

Վերջապէս, եթէ ի սկզբանէ իր թիմի հետ համոզուած է եղել, որ Արցախն ու Ադրբեջանն իրենց հարցերն իրար հետ պէտք է լուծեն, այդ դէպքում Արցախն ու ազատագրուած տարածքները հոր բոստանի հե՞տ էր շփոթել, որ նուէր էր տալիս Ադրբեջանին։

Ի վերջոյ, բանականութեամբ օժտուած մարդու համար պէտք է ակնյայտ լինի, որ Նիկոլ Փաշինեանը ամբողջովին հրաժարուել է Արցախը պաշտպանելու՝ Հայաստանի ազգային-բարոյական եւ իրաւական պարտաւորութիւններից, արտաքին ուժերի թելադրանքով հրաժարւում է աւանդական դաշնակիցներից, հրաժարւում է Ռուսաստանի հետ ռազմական եւ այլ բնոյթի համագործակցութիւնից եւ փաստացի պատրաստւում է մերկացնել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշմամբ նա մինչ այժմ ձեռնամուխ չի եղել եւ չի լինելու հայկական բանակը լրջօրէն զինելու եւ մարտունակ դարձնելու գործին։

Բանական հայի համար 2 բան պէտք է ակնյայտ լինի այլեւս․ խաղաղութեան կեղծ կարգախօսի ներքոյ ինքն իրեն պաշտպանելուց հրաժարուելու քաղաքականութիւնը ոչ թէ չէզոքացնում, այլ աւելի է սրում թուրք նուաճողների ագրեսիւութիւնը եւ երկրորդ․ Արցախի յանձնումը ոչ թէ բերելու է թուրք հարեւանների պահանջների բաւարարմանը, այլ անմիջապէս վտանգի տակ է դնելու Զանգեզուրը՝ ինչը եւ ներկայումս տեղի է ունենում։ Այլ խօսքով տարիներ շարունակ մեծամիտ, հաստակող ու թուրքասէր Լեւոն Տեր-Պետրոսեանն ու Նիկոլ Փաշինեանը խաբել են իրեն, իսկ լաւագոյն դէպքում, իրենք են խաբուած եղել։

Նիկոլ Փաշինեանի համար նախորդ իշխանութիւնների օրօք անարդարութիւն էր երկրում, որովհետեւ երկիր թալանողը, բիւջէ լափողն ու հովանաւորչութեամբ զբաղուողները ինքն ու իր ընկերները չէին, իսկ հիմա ամէն ինչ կարգին է, եւ ամէն ինչ արդար է։ Նիկոլ Փաշինեանն իր ու իր հետ քայլածների հարստանալը համարում է ժողովրդի կեանքի բարելաւում։ Տնտեսական ակտիւութեան աճի, աշխատավարձերի աւելացման, իշխանաւորների բարեկեցութեան մակարդակի բարձրացման խորապատկերին գրանցւում է բնակչութեան աղքատութեան աճ, գնաճի համեմատ եկամուտների շօշափելի անկում։ Իսկ ամենատագնապալին այն է, որ նուազում են յոյսը, հաւատը երկրի ապագայի հանդէպ, մարդիկ երկրից փախցնում են երեխաներին, ոմանք, հայրենիքում ապրելով, հրաժարւում են Հայաստանի քաղաքացիութիւնից՝ երեխաներին զինուորական ծառայութեան չուղարկելու համար։ Հայաստանն արիւնահոսում է, Հայաստանն ու Արցախը նորանոր ու անդառնալի կորուստների շեմին են։ Հայ ժողովուրդն այսօր չունի արտաքին բարեկամներ ու աջակիցներ։ Փաշինեանն արձանագրում է փաստը, որ տեղի է ունենում աշխարհակարգերի բախում, եւ գիտակցաբար երկիրը տանում է գլոբալիզացիայի յորձանուտ, որտեղ Հայաստանին սպառնացող այլասերումն է, ուծացումն ու պետականութեան կորուստը։ Անյուսալի գործընկեր, սեփական պաշտպանութիւնն օտարներից մուրացող Հայաստանը կարող է մաս-մաս լինել թշնամիների եւ թշնամացուած նախկին դաշնակիցների միջեւ։ Հայ ժողովուրդը գգո՞ւմ է իր մաշկի վրայ այս սպառնալիքը։ Ուռճացող համատարած դժգոհութիւնը չի վերածւում դինամիկ էներգիայի, որն օրգանիզմից դուրս կփղձկար դաւաճանութեան ներարկուած թոյնը։ Հայաստանը փոթորիկներին յանձնուած նաւի պէս շարունակում է ճօճուել յուսախաբութեան ու յոյսի միջեւ։

Share