Իրանա-Հնդկաստանի թեմի կցումը Կիլիկիոյ կաթողիկոսութեան

Իրանա-Հնդկաստանի թեմի կցումը Կիլիկիոյ կաթողիկոսութեան

Թաթուլ Օհանեան

Իրանա-Հնդկաստանի թեմը որի աշխարհագրական սահմաններում ներառւած են եղել Իրանի ամբողջ տարածքը, (բացի Ատրպատականից), Հնդկաստանի, Բիրմիայի, Ինդոնեզիայի եւ հեռաւոր արեւելքի մի շարք, շրջանների հայ համայնքները, աւելի քան չորս դար եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգեւոր իշխանութեան ներքոյ, սակայն 1949 թւին,  Ս.Էջմիածնի միաբանութեան պատկանող առաջնորդ՝ Վահան Արքեպիսկոպոս Կոստանեանի թեմից հեռանալուց յետոյ, Իրանա-հնդկաստանի թեմը շուրջ տասն տարի զուրկ է եղել հոգեւոր առաջնորդից որն եւս իր հերթին մեծ դժգոհութիւն էր առաջացրել թէ թեմի ժողովրդի եւ թէ ազգային մարմիների շրջանակներում:

Իրանա-Հնդկաստանի թեմի, երկար տարիներ թափուր մնալն ունեցել է երկու գլխաւոր խոջնդոտ, նախ Իրանի պետութեան 1949 թւի որոշումը ըստ որի Իրանի հոգեւոր առաջնորդները պիտի լինեն պարսկահպատակներ եւ ապա Խորհրդային Միութեան ու Իրանի միջեւ եղած ոչ բարեկամական ու անցանկալի յարաբերուիւթններ, բայց  անկախ նշեալ խոջնդոտներից, թեմի Կրօնականը իր ջանքը չի խնայել թեմը թփուր չմնալու համար, առ այդ  նախ իր 24-12-1953 եւ  1-3- 1954 թւակիր նամակներով, դիմել է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Շահէ վրդ. Աճեմեանին որպէս առաջնորդ  թեմս գործուղել, որին պատասխանել է կաթողիկոսական փոխանորդ  Խադ արք. Աջապահեանը իր 13-3-1954 թւակիր գրութեամբ որով ցաւ է յայտնել որ «ի վիճակի չենք գոհացում տալու Ձեր փափագին» նշելով  իրենց ունեցած մի քանի  դժւարութիւնները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Իրանա-Հնդկաստանի թեմի Կրօնական Խորհրդի խնդրանքով, իր 13    մարտ 56 թւի գրութեամբ Կրօնականին կարգադրում է թեմը մի եպիսկոպոսով օժտելու համար դիմեն, Ս. Երուսաղեմի Պատրարքարանին եւ այդ կարգադրութեան հիմամբ, Կրօնականը իր 21-4-56 թւի գրութեամբ դիմում է Երուսաղեմի  Պատրիարքարան,  Իրանահպատակ մի եպիսկոպոս ուղարկելու .համար, որին ըստ երեւոյթի ընթացք չի տրւում:

Թեմակալ առաջնորդի խնդիրը դեռ չլուծւած, թեմը կանգնում է մի նոր մտահոգիչ խնդրի առջեւ որն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, իր 16 դեկտեմբեր  1957 թւականի գրութեամբ, ուղղւած կրօնական խորհրդին, քահանայից դասին, ազգային-եկեղեցական մարմիններին եւ համայն հաւատացեալ ժողովրդին որ «Ն.Ս.Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողոկոսի հրամանավ եւ Ս. Էջմիածնի հոգեվոր խորհրդի որոշմամբ, սոյն թւի հոկտեմբերից, ստեղծված է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցվո՝ Հեռաւոր Արեւելեան  թեմ. Թեմի մէջ մտնում են Հնդկաստանի, Բիրմանիո, Չինաստանի, Մալայայի, Ինդոնեզիայի, Աւստրալիաիո եւ Նոր Զելանդիայի սահմաններում գտնւող հայ  եկեղեցիներն ու հայ լուսաւորչական համայնքները»: Որոշումը կայացել է հետեւեալ նկատառումներով.

«Վերջին շրջաններում վերոյիշեալ երկրներում կազմվել են  հայկական նոր գաղութներ իսկ եղածներն  էլ բավական մեծացել են, ինչպէս օրինակ ավստրալիա գաղութը ուր կառուցվում է նոր եկեղեցի:

Երկար տարիներ ի վեր Սպահանի թեմը, չունենալով իր առաջնորդը փաստորեն հնարավորություն չի ունեցել հարկին տնօրինելու Հնդկաստանի հայ համայնքի հոգեվոր-կրօնական կյանքը ու բավարարել նրանց եւ Իրանա-Հնդկաստանի  թեմ լինելու պարագան կորցրել է իր իմաստը եվ զուտ ձեւական բնույթ է ստացել»:

Վերոյիշեալ գրութիւնից զատ Կրօնական Խորհուրդը ստանում է նաեւ Կալկաթայի Հայոց Եկեղեցական Յանձնախմբից, 24 դեկտեմբեր 1957 թւակիր գրութիւնը որով հաստատում է Հնդկաստանը Իրանա-Հնդկաստանի թեմից բաժանելու, եւ մի նոր թեմ հիմնելու, Էջմիածնի որոշումը:

Կրօնական Խորհուրդը հարկ է համարել վերոնշեալ խնդիրների համար ընդլայնւած մի նիստ գումարել, առ այդ 18 մարտ 1958 թւին,   ազգային մարմիների կազմերից եւ համայնքի փորձառու ազգայիներից բաղկագած մի նիստ է գումարում որն շուրջ երեք ժամ մտքերի փոխանակումից յետոյ հիմնաւորում է. «որ Հնդկաստանը Նոր-Ջուղայի թեմի մէկ անբաժան մասն է կազմում, որի հետ կապւած է մի շարք կարեւոր կապերով: Ապա յետ մղել տրւած որոշումը որն իր գործադրւած եղանակով, հեռու է Հայոց Եկեղեցու ժողովրդական եւ կանոնադրական  սկզբունքներից»: Ապա որոշում է, Կրօնական Խորհրդի կողմից, Հնդկաստանը թեմիցս բաժանւելու մասին, տեղեակ պահել թեմի միւս  շրջաններին եւ այս առթիւ բողոքագիր ուղարկել Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդին եւ Կալկաթայի Հայոց Եկեղեցական Վարչութեան:

Ըստ վերոնշեալ ժողովի որոշման Կրօնական Խորհուրդը, 31մարտ 1958 թւակիր գրութեամբ յղւած Գերագոյն Հոգեւոր Խորհրդին գրում է. «այսու ներկայացնում ենք Նոր-Ջուղսյի ազգային մարմինների դժգոհութիւնը եւ բողոքը, Իրանա-Հնդկաստանի երեքդարեան թեմը կրճատելու եւ Ս.Ամենափրկչեան նոյնքան դարաւոր Վանքը մի խղճուկ մենաստան դարձնելու համար» եւ միեւնոյն ժամանակ աւելացնում. «Կրօնական Խորհուրդս իրազեկ թեմումս տիրող անհանգիստ մտայնութեան, սոյն յարգալից գրութեամբ դիմում է Պատկ. Խորհրդիդ եւ խնդրում է Ամենայն Հայոց վեհափառ Հայրապետից, որ Իրանա-Հնդկաստանի երեքդարեան թեմը մնայ անվթար իր հռչակաւոր Ս. Ամենափրկչան Վանքի հովանու տակ»:

Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը, իր 24-6-58 թւակիր գրութեամբ,  ի պատասխան Կրօնական Խորհրդի 31 մարտ 1958 թւի նամակի գրում է «մենք մայիս 7- ին հեռագրեցինք, որ հարցը քննության է առնվելու Գերագույն Հոգեվոր Խոհրդի կողմից: Գերագույն Հոգեվոր խորհուրդը իր նիստում քննելով Ձեր գրությունը, որոշեց խնդրել Վեհափառ Հայրապետին, նկատի առնել Սպահանի Կրօնական Խորհրդի դիմումը»:

«Արդ, Նորին Սրբությունը նկատի առավ Գերագույն Խորհրդի խնդրանքը եվ պատրաստ է քննարկելու հարցը,  սակայն ցարդ Վեհափառ Հայրապետը ձեռքի չունի հարկ եղած հիմնավոր եվ համոզեցուցիչ տվյալներ»: Ապա կրկին անդրադադառնում է իրենց, 16- դեկտեմբեր 1957 թւակիր գրութեամբ, կայացրած որոշման նկատառումներին եւ աւելացնում, «Նորին Վեհափառության որոշումը թելադրված է նաեվ Իրանի Ձեր բարեխնամ կառավարության 1949-ի օրենքից որով իրանահայ թեմերի առաջնորդները պետք է լինեն Իրանի քաղաքացիներ: Արդ հարց է ծագում դուք հնարավորություն ունիք, Գերաշնորհ ս. Ասողիկ Եպիսկոպոսին ընտրելու եվ ընդունելու որպես նաեվ Ձեր թեմի առաջնորդ: Այդ դեպքում հնարավոր կլիներ Գերաշնորհ Տ. Ասողիկ եպիսկոպոսի անձով ապահովել երկու թեմերի միացեալ ղեկավարությունը, առաջնորդանիստ կենտրոն ունենալով Նոր-Ջուղան, Կալկաթան եվ Սիդնեյը»:

Գերագոյն Հոգեւոր Խորհրդի վերոնշեալ առաջարկը, նախ ոչ այլ ինչ է եթէ ոչ, Ասողիկ եպիսկոպոսի պարտադրանք, որպէս Իրանի թեմերի առաջնորդ, քանզի Կրօնական Խորհուրդը իր 31մարտ 1958 թւի նամակով, թեմակալ առաջնորդ ունենալու մասին  չէ որ գրել է, այլ Հնդկաստանին թեմիցս կրճատելու վերաբերեալ է եղել, ապա նշեալ առաջարկով փաստօրէն, ոչ թէ  Հնդկաստանն էր վերամիանում իր նախկին թեմին, այլ թեմն էր դառնում Հեռաւոր Արեւելան նորաստեղծ թեմի մի մասնիկը, կորցնելով  իր նախկին փառքն ու  հմայքը, բնականաբար նշեալ առաջարկը պիտի չնդառջւէր Կրօնական Խորհրդի կողմից:

Դարձեալ ըստ որոշման, Կրօնական Խորհուրդը, 31 մարտ 1958 թւի գրութեամբ յղեալ Կալկաթայի Հայոց Ս. Նազարեաթայ Եկեղցական Վարչութեան, նախ տեղկացնում է 18 մարտի 1958 թւին տեղի ունեցած խորհրդակացական ժողովի մասին ապա նշում որ «ժողովը անկարող եղաւ  համաձայնել Իրանա-Հնդկաստանի թեմի կրճատումը եւ երեքդարեան Ս. Ամենափրկչեան Վանքի կապի խզումը իր գուրգուրած հնդկահայ եւ ջաւահայ զաւակների հետ» եւ ըստ ամենայնի նման խզումը համարեց, «խիստ ծանր» եւ «անընդունելի»:

Կրօնական Խորհուրդը, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի առաջարկների  կապակցութեամբ, 27 յուլիս 1958 թւին, Նոր-Ջուղայի Ազգային մարմնների, Աբադանի ու Մասջէդ-Սուլէյմանի ներկայացուցիչների մասնակցութեանբ մի երկրորդ խորհրդակցական նիստ է գումարում, որը նկատի ունենալով Գերագոյն Հոգեւոր Խորհրդի 24-6-1958 թւի գրութեամբ առաջադրած կէտերը, որոնք Իրանա-Հնդկաստանի Թեմի ամբողջութիւնը պահելու կամ կրճատելու խնդրին էր վերաբերում, անհրաժեշտ  նկատեց, աւելի լայն քննարկման համար, միչեւ երեք ամիս գումարել թեմի Պատգամաւորական ժողով, հարկ եղած որոշմները կայացնելու համար:

Իրանա-Հնդկաստանի Թեմի առաջին Պատգամաւորական Ժողովը, Կրօնական Խորհրդի հրաւէրով տեղի է ունեցել 23 հոկտեմբեր 1958 թւին, երեկոյան ժամը 5-30-ին, Նոր-Ջուղայի, Ս.  Ամենափրկիչ Վանքի Ծաղկեայ Դահլիճում: Ժողովին  իրենց մասնակցութիւնն էին բերել՝   Թեմի զանազան շրջանների համայնքների կողմից ընտրեալ, 28 պատգամաւորներ, ըստ հետեւալի, Նոր-Ջուղայից 7, Փերիոյ գաւառից 8, Խուզիստան նահանգի 10, քաղաքներից 9, Չհարմհալ գաւառից 1, Շիրազից 1, Ջաւայից 1, իսկ ժողովից բացակայում  էին Հնդկաստանի եկու պատգամաւորները, թէեւ Կրօնական Խորհուրդը ժամանակին տեղակ էր պահել երկու պատգամաւորներին, ժողովի թւականի մասին,  նոյնիսկ նրանց խնդրանօք յետաձգել էր ժողովի թւականը, այդու հանդերձ կրկին յայտնել էին որ ի վիճակի չեն մասնակցելու ժողովին:

Պատգամաւորական ժողովը, պատգամաւորների լիազօրագրերի ստուգումով եւ ժողովի օրինականութիւնը հաստատելով, ընտրում է Դիւան եւ օրակարգի հաստատումով անցնում  է իր աշխատանքին:

Ժողովի օրակարգի համապատասխան կէտի ներքոյ, քննութեան է ենթարկում Հնդկաստանը թեմից անջատելու խնդիրը, ըստ որի նախ լսում է Համայնական եւ  Կրօնական Խորհրդների ներկայացուցիչների զեկուցումները այդ ուղղութեամբ կատարւած աշխատանքների մասին ապա մանրամասնօրէն ուսումնասիրելով եւ քննութեան ենթարկելով, Գերագոյն հոգեւոր Խորհրդի, Իրանա-Հնդկաստանի Կրօնական եւ Նոր-Ջուղայի Համայնական Խորհրդների ինչպէս նաեւ Կալկաթայի Ս. Նազարեթ Եկեղեցու Վարչութեան միջեւ փոխանակւած բոլոր գրութիւններն   ու հեռագրերը ըստ որոնց Ս. Էջմիածնի Գերգոյն Հոգեւոր Խորհրդի որոշմամբ եւ Ամենայն  Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.ի հաւանութեամբ, Հնդկաստանը եւ մեր Թեմի արեւելան միւս մասերը, անջատելով ու միացնելով հեռաւոր արեւելքի եւ ովկիանոսի մի քանի երկրների հայ համայնքներին, կազմել է մի նոր թեմ որի համար նշանակել է գերաշնորհ Ասողիկ եպիսկոպոս Ղազարեանին որպէս առաջնորդ, խորհրդակցութիւնից ու մտքերի փոխանակումից յետոյ ժողովը գտաւ.-

ա- Որ Գերագոյն Հոգեւոր Խորհորդը, առանց նախօրօք տեղակացնելու Իրանա-Հնդկաստանի Կրօնական Խորհրդի  եւ նրա հաւանութիւնը ստանալու.

բ- Որ Կալկաթայի Եկեղեցական Վարչութիւնն, հաւանութիւն է տւել Գեր. Հոգ. Խորհրդի որոշմանը, առանց իր շրջանների  ծխական ժողովների գիտութեան եւ նոյնիսկ առանց Թեմի կենտրոնին յանձինս նրա կրօնական Խորհրդի.

գ- Որ հակառակ նոյն Կրօնական Խորհրդի բողոքի գրութեանց,  ուղղւած Գեր. Հոգ.  Խորհրդին, վերաքննելու եւ վերականգնելու Թեմիս ամբողջականութիւնը չի ընդունել առաջարկը, գտնելով ներկայացւած փաստարկների անզօրութիւնը, կայացրած որոշումը փոխելու.

դ- Որ ճիշտ չէ այն պատճառաբանութիւնը, թէ Կրօնական Խորհրդի կապը միշտ, ինչպէս եւ վերջին 10-ամեակում, այդ շրջանների հետ եղել է ձեւական, այլ ընդհակառակըԿրօնական Խորհուրդը միշտ ջերմ կապ է ունենալով յիշեալ շրջանների հետ, օժտել է նրանց լաւագոյն վիճակաւոր քահանաներով.

ե- Որ  մեր թեմը, նիւթական եւ բարոյական բազմաթիւ անքակտելի կապերով,  կապւած է այդ շրջաններին հետ, ուստի Թեմիս Պատգամաւորական ժողովը բողոքում է եղած տնօրինութեան նկատմամբ որն համարում է իր թեմի իրւունքների ոտնահարում, Գեր. Հոգ. Խորհրդի կողմից, իսկ Կալկաթայի Եկեղ. Վարչութեան կողմից պարտազանցութիւն եւ յայտարարում է որ Հնդկաստանը ու հարակից վայրերը մնում են իր անբաժան մասնիկը, պահելով իր գերակայութեան իրւունքները:

Վրոյիշեալ որոշումների բանաձեւը, ժողովի կողմից հաստատւում է միաձայնութեամբ:

Ժողովը ըստ օրակարգի հերթականութեան, անցնում է թեմակալ առաջնորդի խնդրին որի կապակցութեամբ, դիւանի նախագահի խնդրանօք հակառակ իր վատառողջ վիճակի, ժողովին է ներկայանում Կրօնական խորհրդի Նախագահ՝ Արժանապատիւ Տէր Նէսես Աւ. Քհն. Դաւթեանը որն յայտնում է որ «թեմակալ առաջնորդի անհրաժեշտութիւնը, միշտ զբաղեցրել է Կրօնական Խորհրդին եւ այս կապակցութեամբ փոխանակւած է  որոշ նամակագրութիւններ» որոնց մասին ներկայացրեց յաւելեալ տեղեկութիւններ եւ յայտնեց որ «շատ ահրաժեշտ է որ մեր թեմն օժտւած լինի թեմակալ առաջնորդով սակայն «ներկայ  քաղաքական պայմաններում դժւար է Ս.Էջմիածնից առաջնորդ ունենալ»:

Պատգամաւորական ժողովը, այս առնչութեամբ լայն ու բազմակողմանի քննարկումներից յետոյ  եւ նկատի ունենալով բոլոր այն պայմանները որի մէջ է  գտնւում  ոչ միայն մեր, այլ բոլոր Իրանահայ թեմերը, ընդունեց հետեւեալ բանաձեւը.-

ա- Պատգ. Ժողովը նկատի ունենալով 1949 թւի յուլիս 25-ի, Իրանի Նախարարաց Խորհրդի որոշումն. (Իրանահայերի առաջնորդների Իրանահպատակ լինելու մասին):

բ- Իրանա-Հնդկաստանի թեմի առանձայատուկ վիճակը եւ Ս. Էջմիածնի Մայր Աթոռի փոխ յարաբերութիւնների դժւարութիւններն եւ եղած կապի ձեւական ու անւանական լինելը.

գ- Զրկւելով հոգեւոր պետ ունենալու հնարաւորութինից եւ այդ պաշտօնին միավերաբերող կրօնական եւ վարչական պահանջները հոգալուց, քահանայից դասի պակասն   լրացնելուց եւ եկեղեցիներն աւելի բարեզարդ  պահելուց.

դ- Վերոնշեալ անբնական կացութիւնից, թեմը մեծապէս տուժում է իր  ազգային եւ եկեղեցական կեանքի բոլոր մարզերում.

Նկատի  ունենալով վերոնշեալ հիմունքները եւ գոյութիւն ունեցող բացառիկ պայմանները, ինչպէս նաեւ եկեղեցու հետ կապւած որոշ անվտանգութեան խնդիրներ, Իրանա-Հնդկաստանի պատգ. Ժողովը որոշեց, դադարեցնել իր անւանական ու ձեւական կապը Ս. Էջմիածնի Մայր Աթոռի հետ եւ խնդրամատոյց  լինել Մեծի Տանն Կիլիկիոյ  Ս. Աթոռին, իր հովանու ներքոյ առնել Իրանա-Հնդկաստանի Թեմը:

 Սոյն բանաձեւը ժողովի կողմից հաստատւեց միաձայնութեամբ (28 պատգամավորներից 2 ձեռնպահութեամբ, (քւէարկութեան մէջ սպիտակ քւէները՝ ձեռնպահները հաշւի մէջ չեն առնւում): Ժողովը Յանձնարարեց նաեւ Պատգ. Ժողովի եւ Թեմական Խորհրդի Դիւաններին, միասնաբար յանուն Պատգ. Ժողովի, դիմում ներկայացնեն Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին եւ այս մասին իրազեկ դարձնել Ամենայն Հայոց Հայրապետին:

 Առ այդ Պատգ. Ժողովի եւ Թեմական Խորհրդի դիւանների ստորագրութեամբ, Զարհ Ա. Կաթողիկոսին է յղւել, թիւ 1,  28 հոկտ. 1958 թւակիր գրոթիւնը որով նախ անդրադարձ է կատարւել  Ս. Էջմիածնի եւ Թեմի միջեւ եղած փոխյարաբերութիւնների եւ մի շարք այլ դժւարութիւնների մասի եւ թեմում առաջնորդ ունենալու անհրաժեշտութեան մասին,  ընդ որում դադարացրել է իր կապ Ս. Էջմիածնից եւ որոշել է միանալ Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը եւ գրում է «Վեհափառ Տէր, այսու տեղեկացնելով Ձերդ Ս. Օծութեան Պատգամաւորական ժողովի վերոնշեալ որոշման մասին, խոնարհաբար խնդրում ենք Իրանա-Հնդկաստանի թեմը առնել Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի բարձր հովանու ներքոյ» որին ի պատասխան Զարեհ Ա. Կաթողիկոսը իր թիւ 210, 10 դեկտ. 1958 թւակիր նամակով գրում է «Նամակի ստացումէն յետոյ, երկար խորհրդածութեան դարձուցինք Ձեր առաջարկ-խնդրանքը, եւ անոր ընթացք տալը ըստ ամենայնի   համապատասխան գտնելով Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ հայ ժողովրդի շահերուն, որոշեցինք Իրանա-Հնդկաստանի Թեմն եւս առնել Մեր հովանիին ներքեւ»:

 Ըստ որոշման Թեմական Խորհուրդ եւս, իր թիւ 2,  28 հոկտ. 1958 թւակիր  գրութեամբ, յղեալ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նախ անդրադառնում է 1949 թւից, ի վեր, Մայր Աթոռի եւ թեմի յարաբերութեանց միջեւ ստեղծւած աննպաստ  պայմաններին եւ  նրանցից առաջացած դժւարութիւնների մասին եւ յաւելում է « ի նկատ առնելով կենսական նշանակութիւն ունեցող եւ անհրաժեշտութիւն ներկայացնող մի շարք այլ պատճառներ, հիմնաւորւած Պատգամաւորական ժողովի բանաձեւի մէջ, որոշեց  դադարացնել Ս. Էջմիածի Մայր Աթոռի հետ ունեցած իր անւանական եւ ձեւական կապը եւս եւ խնդրամատոյց լինել Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռին իր հովանու տակ առնել Իրանա-Հնդկաստանի Թեմը»: Սոյն գրութեանը, լիազօրւած Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա.ի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Գերագոյն Հոգեւոր Խորհրդի կողմից, իր թիւ 683, 27 դկտ. 1958 թւակիր գրութեամբ, պատասխանում է Սահակ եպիսկոպոսը, նշելով  «ոչ ոք իրավունք չունի մեր ժողովրդի սրտից պոկելու դէպի Ս. Էջմիածինը տածած հաւատքն ու անսահման սերը» աւելացնելով որ թեմի պատգամաւորական ժողովի որոշումը, Ս. Էջմիածնից անջատւելու վերաբերեալ, անհիմն է ու ապօրինի եւ եզրակացնում, «Մայր Աթոռը հակականոնական եւ չեղեալ է համարում Թեմիտ Պատգամավորական ժողովի որոշումը Սուրբ Էջմիածնից բաժանվելու եւ Անթլիասին միանալու վրաբերյալ որոշումը, որը միանգամայն հակառակ է իրանահայության կամքին ու հոգեվոր-ազգային շահերին»:

Վերոյիշեալ կարեւոր որոշումներից զատ, Իրանա-Հնդկաստանի առաջին եւ Պատգ. Ժողովը, վճռահատել է մի շարք կարեւոր խնդիրներ, ըստ հետեւեալի.

Կազմել է թեմական   կառոյց եւ մշակել է թեմի կանոնագրութիւն եւ ժողովավարական կանոներ:

Կազմել է համապատասխան ծրագիր Նոր-Ջուղայի, Ս. Ամենափրկիչ Վանքի 300-Ամեայ Յոբելեանը արժանավայել նշելու համար:

Պատրաստւած հոգեւորականներ ունենալու համար, անհրաժեշտ է համարել, Իրանահայ միւս թեմերի համագործակցութեանբ եւ օժանդակութեամբ, Նոր-Ջուղայում ունենալ Հոգեւոր դպրոց որի համար յանձնարարել է Թեմական Խորհրդին, համապատասխան յանձխումբ նշանակելով այդ ուղղութեամբ սկսի աշխատանքը:

Պատգ. Ժողովը, իրանահայ թեմերի միջեւ  ազգային, եղեղեցական եւ հասարակական գործունէութեան համադրումի նպատակով անհրաժեշտ է նկատել գումարել երեք թեմերի պատգամաւորական համագումար որի կազմակերպման աշխատանքը միւս թեմերի համագործակցութեամբ յանձնւել է թեմական Խորհրդին:

Նկատի ունենալով որ թեմական կառոյցը նոր է կազմւել եւ իր  ել եւ մուտի պատկերը ներկայ դրութեամբ յստակ չէ որոշւեց յանձնարարել Թեմականին  իր ապագայ ունենալիք ել եւ մուտի հիմամբ կազմի նախահաշիւ  եւ ներկայացնի յաջորդ Պատգ. Ժողովի:

Ժողովը որոշում է, Նոր-Ջուղայի Յ. Պօղոսխանեան Հիւանդանոցի Եւ Յ.Գ.Աբգարեան բարեգոծական Յանձնուխմբերի հասարակական ժողովների ընտրութունների ընթացքին, ընտրել նաեւ  երեք հոգուց բաղկացած հաշւքննիչ մարմին որն իր տարեկան հաշւեքննութեան զեկոյցը պիտ ներկայացնի Կրօնական Խորհրդին, իսկ Նոր-Ջուղայի Գիշեօթիկ-Որբանոցի համար մշակել ներքին կանոնագիր եւ ըստ այդմ կառավարել հստատութիւն:

Պատգամաւորական Ժողովի օրակարգի վերջին կէտի՝թեմական Խորհրդի ընտրութիւն կատարելուց առաջ, ժողովը նկատի ունենալով Նոր-Ջուղայի պայմաները որպէս բացառիկ ժամանակաշրջան որոշում է «ընտրւելիք Թեմական խորհրդի վրայ դնել նաեւ Նոր-Ջուղայի դպրոցների կառավարման պարտականութիւնները, ըստ որում Թեմականը Խորհուրդը  ունենալու է իր մէջ Կրօնական Խորհուրդ եւ Դպրոցական Հոգաբարձութիւն», ապա միաձայնութեամբ ընտրում է 18 հոգիանոց մի կազմ որի երեք հոգեւորական եւ երկու աշխարհական անդամներ կազմում են Կրօնական Խորհուրդ, վարելու թեմի հոգեւոր կեանքը,  իսկ 13-ը որպէս Թեմական Խորհուրդ, վարելու՝ թեմի զանազան եւ կրթական աշխատնքները:

Իրան-Հնդկաստանի Թեմի ազգային-եկեղեցական կեանքը, ի սկզբանէ վարել են հոգեւորականները իսկ 20-րդ դարի սկիզբներին տեղի ունեցած պայքարների շնորհիւ, (այս մասին յետագային) աշխարհականների մասնակցութեամբ, կեանքի է կոչւում Համայնական Խորհուրդ որն իր մէջ ունենալով Փերիոյ եւ Չհար-Մահալ գաւառների ներկայացուցիչներին,  վարել է  թեմի ազգային, հասարակական եւ կրթական (աշխարհիկ) կեանքը,  իսկ Նոր-Ջուղայի չորսդարեայ թեմական պատմութեան ընթացքին, առաջին անգամ 1958 թւին հիմնւել է թեմական կառոյց իր օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններով: Ներկայիս թեմը կոչւում է Սպահանի   Հայոց Թեմ:

Վերջապէս Իրանա-Հնդկաստանի Թեմը 12 տարի թափուր մնալուց յետոյ, 1961 թւի մայիս 29-ին, Նոր-Ջուղա է ժամանում Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան՝ Ներսէս Վրդ. Բախտիկեանը եւ նոյն թւի հոկտեմբերին գումարւած Պատգամաւորական ժողովում ընտրւում է որպէս Իրանա-Հնդկաստանի Թեմի առաջնորդ, վարելով թեմի առաջնորդութիւնը մինչեւ 1965 թիւը, որից յետոյ թեմը, անընդհատ եւ կանոնաւոր կերպով, ունեցել է Կիլիկիոյ Կաթողիկոսութան միաբանութեան պատկանող   հոգեւոր առաջնորդներ:

Ներկայիս, Սպահանի թեմի թեմկալ Առաջնորդն է Կիլիկիոյ Կաթողիկուսթեան միաբան՝    Գերաշնորհ Տէր Սիփան Եպիսկոպոս Քեչեճեանը:

Նոր-Ջուղա

19-1-2023թ.

Share