Շատ ուրախ կը լինէի, որ ՔՊ-ականները նախաձեռնէին եւ մտնէին Սահմանադրական Դատարան. Արծուիկ Մինասեան

Շատ ուրախ կը լինէի, որ ՔՊ-ականները նախաձեռնէին եւ մտնէին Սահմանադրական Դատարան. Արծուիկ Մինասեան

Ազգային ժողովի խորհրդի երեկուայ նիստում իշխանութիւնը որոշեց, որ «Հայաստան» խմբակցութեան 22 պատգամաւորի մանդատից զրկելու հարցով չի դիմի Սահմանադրական դատարան։ Բացակայութիւնների հիմքով շուրջ երկու տասնեակ պատգամաւոր, ըստ ՔՊ-ի, յայտնուել էր մանդատից զրկուելու խնդրի առջեւ, սակայն նիստից յետոյ պարզ դարձաւ, որ նրանք միայն իշխանութեան «մեծահոգութեան» շնորհիւ են պահպանելու մանդատները։ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանն այս առիթով ասաց՝ քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան, իրենք նպատակայարմար չէն գտնում դիմել բարձր դատարան։ «Հրապարակ»-ը  զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանի հետ։

— Պարոն Մինասեան, ինչո՞ւ իշխանական Ձեր գործընկերները նման «մեծահոգութիւն» ցուցաբերեցին, տպաւորութիւն է, որ համերաշխ եւ համագործակցային փոխյարաբերութիւնների մէջ եք նրանց հետ։

— Դուք իսկապե՞ս այդպէս եք կարծում։ Աեօ, այդ հարցն իրենց որոշելիքն է, բայց դուք նայեք-տեսեք, թէ ինչ է կատարւում՝ քաղաքական հետապնդումների մի նոր շղթայ են սկսել, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներից հերթով փորձում են յանցագործներ կերտել, չի ստացուի՝ ժողովուրդն ու հասարակութիւնը՝ գոնէ այն մարդիկ, ովքեր մտահոգ են մեր ապագայով, հասկանում են, թէ ինչ ազգադաւ ծրագիր են այս մարդիկ կիրառում։

— Դուք խօսում եք գլխաւոր դատախազի երկու միջնորդութիւնների մասին․ մէկը՝ Սեյրան Օհանեանի, միւսը՝ Արմէն Չարչեանի դէմ։ Բայց միւս կողմից փաստ էր, չէ՞, որ թոյլատրելի բացակայութիւնները գերազանցել էիք, ու այս հիմքով ՔՊ-ն ունէր հնարաւորութիւն՝ մանդատներից զրկելու հարցով դիմելու ՍԴ։

— Փաստ չէր, եւ հարցն էլ հէնց դա է, սահմանադրականութեան հարցում մեծ խնդիր կար։ Աւելին ասեմ՝ ես շատ ուրախ կը լինէի, որ իրենք նախաձեռնէին եւ մտնէն ՍԴ ու ստանային պարզաբանում՝ ինչ են նշանակում քուէարկութիւնների կէսից աւելի անյարգելի բացակայութիւններ։ Սա հակասում է թէ՛ միջազգային պառլամենտարիզմի փորձին, թէ՛ Սահմանադրութեանը եւ թէ՛ բազմաթիւ այլ բաների։ Հիմա եթէ իրենք չէն դիմում, նշանակում է՝ իրենք եւս գիտակցում են, որ կայ խնդիր։ Մենք չենք բացառում, որ ՍԴ-ում ինքներս այս հարցը վէճի քննութիւն դարձնենք, թէ ԱԺ կանոնակարգ օրէնքի 156-րդ խնդրոյ առարկայ դրոյթը համապատասխանո՞ւմ է արդյօք Սահմանադրութեանը եւ միջազգային իրաւունքին, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ մեր խորին համոզմամբ, այստեղ կայ իրաւունքի բաց, սխալ մեկնաբանութիւն, եւ իշխող քաղաքական ուժի կողմից յաճախ մահակ, գործիք է օգտագործւում՝ ընդդիմութեանն անընդհատ ինչ-որ ռամկաների մէջ պահելու նպատակով։

— Խոսքն այն մասին է, որ նիստէրին, հետեւաբար՝ քուէարկութիւններին չեք մասնակցել, եւ դա ե՞ւս քաղաքական բոյկոտի ձեւ է, ուստի հակասում է միջազգային օրէնքներին։

— Աւելին, քաղաքական առումով այն, ինչ իրենք արեցին, ոչ այլ ինչ է, քան սեփական քաղաքական շահերից ելնելով՝ հանրային ճնշման շրջանակներում, այսպէս ասած, հիմնաւորման ներկայացում, աւարտուած նրանով, որ իրաւական առումով այն մեկնաբանութիւնը, որ իրենք տալիս են, աբսուրդ է։ Եթէ հետ գնանք, 2004 թուականին ԱԺ կողմից ընդունուած կանոնակարգ օրէնքի փոփոխութեան հիմնաւորումները դիտարկէնք, թէ ինչ է նշանակում քաղաքական բոյկոտ (հէնց այն ժամանակ քաղաքական մեծամասնութիւնն «Արդարութիւն» դաշինքի մասով այդ փոփոխութիւնն արեց), ապա պարզ կը դառնայ։ Ի՞նչ հիմնաւորումներ էին իրենք ներկայացնում․ յստակ շարադրուած էր, որ քաղաքական բոյկոտն անհրաժեշտութիւն է, այդ թւում՝ նաեւ ընդդիմութեան կողմից համարժէք քայլեր իրականացնելու ուղղութեամբ։

— Մինչդեռ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը ՍԴ չդիմելու կապակցութեամբ յայտարարեց, թէ քանի որ դուք վերադարձել եք խորհրդարան, այլեւս մանդատից զրկելու իմաստ չէն տեսնում։ Ըստ Ձեզ՝ այսպիսով ի՞նչ ուղերձ է փորձում իշխանութիւնը փոխանցել հանրութեանը, թէ տեսեք՝ քանի որ մէզ խելօք-խելօք լսեցին, ուրեմն չե՞ն պատժուի։

— Ես չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում դրանով ասել, դուք տեսնում եք, որ վերջին շրջանում Ալէն Սիմոնեանն ու ՔՊ-ականներն անգամ մէզնից քուէարկութեան վերաբերեալ հիմնաւորում են հարցնում, սա խայտառակութիւն է։ Փոխանակ իրենք իրենց քուէարկութիւնը բացատրեն եւ բացատրեն, թէ ինչու էին նախընտրական շրջանում մուրճն օրօրելով ամպագոռգոռ յայտարարութիւններ անում, դոշ ծեծում՝ հայրենիքը պաշտպանելու դիրքերից, իսկ այսօր ուղիղ հակառակ գործընթացների մէջ են՝ որքան հնարաւոր է թուլացնում են հայրենիքը։ Այս մարդկանց ո՛չ մասնագիտական, ո՛չ հանրային պահուածքում ողջամիտ բացատրութիւն գտնել հնարաւոր չէ, բացառութեամբ մէկ բանի՝ սեփական աթոռը պահելու համար պատրաստ են ամէն ինչի։

— Գուցէ ՔՊ-ում հասկանալով, որ ՍԴ-ում չէն յաջողելու, դրա համար են իրաւական պրոցեսին զարկ տուել, հիմա ուզում են որոշ պատգամաւորների անձեռնմխելիութիւնից, չի բացառւում՝ յետագայում նաեւ մանդատից զրկել։

— Ես դժուարանում եմ իրենց մտքի թռիչքը հասկանալ, մեր եւ իրենց արժէքային համակարգը տարբեր է։ Նուազագոյն դաստիարակութիւնը ենթադրում է, ասենք, որ ճանապարհ անցած  մարդու նկատմամբ պէտք է  յարգանք ցուցաբերել։

— Խոսքը Սեյրան Օհանեանի, Արմէն Չարեանի մասին է, որոնց վերաբերեալ դատախազը միջնորդութիւն է ներկայացրել։

— Առհասարակ, խմբակցութեան այլ պատգամաւորների մասին եւս, որոնք պետութեան կայացման հարցում դերակատարներ են եղել։ Այս մարդկանց մօտ դա բացակայում է․․․ հիմա ես ո՞նց հասկանամ իրենց մտքի թռիչքը։

ReplyReply allForward
Share