ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահները նախագահ Ջոյ Բայդենի ադմինիստրացիային կոչ են արել առաւելագոյն ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրայ, որպէսզի վերջ դրուի Արցախի շրջափակմանը, քանի դեռ ներկայ ճգնաժամն այնտեղ աղէտալի չի դարձել: Այս մասին յայտնում է ԱՄՆ Հայ դատի յանձնախումբը:
Ինչպէս նշել են կոնգրէսականները, հարկաւոր է, որպէսզի Բայդենի ադմինիստրացիան առաւելագոյն ճնշում գործադրի՝ դադարեցնի Ադրբեջանին ցանկացած տեսակի ռազմական աջակցութիւն, ադրբեջանական ղեկավարութեան դէմ պատժամիջոցներ կիրառի շարունակուող ռազմական յանցագործութիւնների համար, օդային ճանապարհով անյապաղ մարդասիրական օգնութիւն հասցնի Արցախի ժողովրդին:
ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան կառավարիչ Սամանտայ Փաուերին հասցէագրուած նամակում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահներ Փրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեւիդ Վալադաոն, ինչպէս նաեւ կոնգրէսական Աննայ Էշուն գրել են. «Լաչինի միջանցքը բացելու ներկայ միջազգային ռազմավարութիւնը պարզապէս չի աշխատում: Ալիեւի ռեժիմը միտումնաւոր քայլեր է ձեռնարկում Արցախից հայ բնակչութեանը հեռացնելու եւ նրանց իրենց նախնինների հողում ազատ ապրելու հնարաւորութիւնից զրկելու համար: Սա էթնիկ զտման ակնյայտ նշան է, որը չպէտք է անտեսուի»:
Կոնգրեսականները նաեւ նշել են, որ ԱՄՆ-ն պէտք է դիտարկի Արցախին մարդասիրական օգնութիւն հասցնելու բոլոր հասանելի տարբերակները, ներառեալ օդային ճանապարհով բեռներ հասցնելը: