Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետութեան շրջափակման եւ հումանիտար աղետի խորացման մասին
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի նորմերը եւ 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրուակով խորացնում Է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:
Շարունակուող լիակատար շրջափակման եւ ձմռան պայմաններում էլեկտրաէներգիայի, համացանցի, իսկ 2023թ․ յունուարի 17-ից նաեւ գազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեանը կանգնեցնում են հումանիտար աղէտի եզրին։ Դրան գումարուել է նաեւ յունուարի 17-ի լոյս 18-ի գիշերը խաղապահների ուղեկցութեամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «էկոակտիւիստ»-ների ահաբեկչական գործողութիւնները, եւ այդ ամէնը ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում տարածելը:
Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեան նկատմամբ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շարունակուող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթէ լուռ համաձայնութեամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայութեան կամքը եւ տասնեակ հազարաւոր մարդկանց էթնիկ զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ադրբեջանը փորձում է նաեւ ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտութիւնների կարգաւորմանն ուղղուած միջազգային կառոյցների եւ տարբեր երկրների ջանքերը։
2020թ. նեյեմբերի 9-ի յայտարարութեան կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետութեանը եւ Ռուսաստանի Դաշնութեանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախը ապաշրջափակելու եւ հումանիտար աղէտը կանխելու համար:
Յորդորում ենք միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին յայտարարութիւններից եւ կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնները:
Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները արժանապատուօրէն յաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայութեանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկել սանձելու Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնները եւ պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայութեան օրինական իրաւունքը։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն
«Միասնական hայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն
ք․ Ստեփանակերտ
18․01․2023թ․