«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծւած իրավիճակն ունի աւանդական ռեգիոնալ ու այս պահին՝ նաեւ աշխարհաքաղաքական լրջագոյն պատճառներ»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին՝ անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող միակ կեանքի ճանապարհի շրջափակմանն Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի դիրքորոշմանը, իրավիճակի երկարաձգմանն ու իրավիճակից հնարաւոր ելքերին։
Վիկտոր Նադէին-Ռաեւսկին ասաց, որ Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի հայաթափել Արցախը, որն այսօր Ադրբեջանի պաշտօնեաներն այլեւս չեն թաքցնում՝ ակնարկելով, որ ճանապարհը միակողմանի բաց կարող է լինել Ղարաբաղը լքել ցանկացողների համար։
Ըստ նրա, Ադրբեջանի կողմից միամտութիւն է կարծելը նաեւ, որ հայ ժողովուրդն ընդունելու եւ տեղի է տալու նմանատիպ ճնշումներին, որքան էլ բարդ է ստեղծւած իրավիճակը։ Ռուս թուրքագէտի խօսքով, տեսանելի է դիմադրութիւն եւ ցանկութիւն ապրելու սեփական հայրենիքում, ինչը բնական ու սպասելի արձագանգ էր կիրառւող ճնշումներին։
«Ադրբեջանի կողմից նմանատիպ քայլերը, ճնշումները սպասելի են եղել, սակայն արտաքին դերակատարների նման արձագանգը ու իրավիճակը լուծելու հարցում քայլեր անելու պատրաստակամութիւնը թոյլ է, ինչը սպասելի չէր։ Սակայն այս ամէնը յստակ բացատրելի է, քանի որ կայ աշխարհաքաղաքական ճգնաժամ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որը բաւականին լուրջ դրսեւորումներ է ստանում Հարաւային Կովկասում՝ ՌԴ ազդեցութեան գօտում։ Բնականաբար, Ռուսաստանը նկատում է այդ շատ տարբեր դրսեւորումներն իր դէմ եւ փորձում է իր դէմ երկրորդ ճակատի բացում թոյլ չտալ։ Բնականաբար, Արեւմուտքի նպատակը դա է՝ երկրորդ լարւածութեան ճակատի միջոցով յետսովետական գօտում վերացնել ռուսական ազդեցութիւնը՝ լինի դա ռազմական թէ քաղաքական ազդեցութիւն։ Այս ամենով պայմանաւորւած Ռուսաստանի ներկայիս պահւածքը տպաւորութիւն է ստեղծում, թէ չկան քայլեր, գործողութիւններ, այնինչ կան յստակ հաշւարկներ, ինչպէս ես եմ կարծում։ Վստահ եմ, որ արւում է հնարաւորը, որպէսզի բնակչութիւնը հնարաւորինս քիչ խնդիրների բախւի։
Հաշւի առնելով ռուս-իրանական յարաբերութիւններում նոր խորութիւնները, ակնկալում էի Իրանի կողմից աւելի գործուն քայլեր, սակայն, ինչպէս ցոյց տւեցին վերջին շաբաթները, Իրանը դեռ խուսափում է հրապարակային քայլերից, որոնք իրանաադրբեջանական նոր լարւածութեան պատճառ կարող են դառնալ։ Այս դէպքում պէտք է լինէր համակարգւած ճնշում Ադրբեջանի նկատմամբ նաեւ Արեւմուտքի կողմից, բայց քանի որ գլոբալ նպատակն այլ է, այդ ճնշումը չկայ, չնայած այն հանգամանքին, որ խօսքը հումանիտար ճգնաժամի մասին է»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ի տարբերութիւն Հայաստանի եւ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգութեան սեպտեմբերին, որի պարագայում ԵՄ-ն դիտորդական առաքելութիւն է տեղակայում, մեծ ռեսուրսներ փորձում յատկացնել, Լաչինի միջանցքի դէպքում ընդհանուր առմամբ չկան գործնական քայլեր։
«Ինչո՞ւ չկան այն դէպքում, երբ Արեւմուտքը մարդու իրաւունքների պաշտպանութեան դրօշակակիրն է։ Չկան, որովհետեւ այստեղ կան ռուսները, եւ պէտք է ամէն գնով ցոյց տալ ռուսական անարդիւնաւէտութիւնը՝ զուգահեռաբար սրելով իրավիճակը։
Բայց պարադոքսը նաեւ այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում հարցը լրջօրէն չի բարձրացւում եւ նոյնիսկ չի քննարկւում խաղաղապահ մանդատի կամ այդ մանդատը փոփոխելու հարցը։ Վստահ եմ, որ չի քննարկւելու, որպէսզի իրադարձութիւնների ողջ պատասխանատւութիւնը դրւի խաղաղապահների, այսինքն՝ Ռուսաստանի վրայ՝ ռեգիոնում ՌԴ հետագայ հեղինակազրկման նպատակով։ Իսկ ՌԴ-ում, թէեւ հասկանում են խնդրի ողջ լրջութիւնը, կենտրոնացած են ներռուսաստանեան խնդիրների եւ Ուկրայինայում ՌԴ խնդիրների վրայ, որը ՌԴ նորագոյն պատմութեան ամենաճակատագրական փուլն է։ Երկրում առկայ ողջ ռեսուրսը, ուշադրութիւնը այս պահին միայն այդ խնդիրներն են, ու դա բնական է։ Ռուսաստանին ներկայումս ձեռնտու է իր հարեւան գօտիներում ստատուս-քւոյի պահպանումը, իսկ Արեւմուտքն աշխատում է հակառակի ուղղութեամբ, որպէսզի անկախ նրանից, ինչպէս կաւարտւի պատերազմն Ուկրայինայում, ՌԴ-ին սպասւեն անակնկալներ ամենուր»,- պարզաբանեց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։
Նա գտնում է, որ Հայաստանը, որն իր բոլոր խնդիրները հասցէագրում է այլ երկրների, պէտք է յատկապէս այս փուլում այլ որակի քաղաքականութիւն ու դիւանագիտութիւն ունենար, որպէսզի այն չդիտարկւէր երկակի ոչ Մոսկւայում, ոչ նոյնիսկ Արեւմուտքում, դիտարկւէր նաեւ աւելի պատասխանատու երկրի ներսում։ «Իմ տպաւորութեամբ, ոչ Արեւմուտքի համար է հասկանալի, թէ ինչպէս է դիրքաւորւել Երեւանը, ոչ առաւել եւս՝ Մոսկւայի համար։ Դա չի կարող չանդրադառնալ նաեւ խնդիրների լուծումների, դրանց արագութիւնների ու ընդհանրապէս լուծման հեռանկարների վրայ»,- ասաց նա։
Արաքս Մարտիրոսեան