Սաստկացող հումանիտար աղէտ-Արթուր Թովմասեան

Սաստկացող հումանիտար աղէտ-Արթուր Թովմասեան

Ադրբեջանի կողմից պաշարուած Արցախում հումանիտար աննախադէպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաեւ Արցախը սնուցող գազատարը, ինչի հետեւանքով 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիւս այլ կենսական խնդիրների, զրկուել է նաեւ ջեռուցման հնարաւորութիւնից: 30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտայարման վտանգը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասուած է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանի յայտարարութեան մէջ

«Ողջունելով եւ կարեւորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի այսօրուայ պաշտօնական նամակն աւելի քան 30 պետութիւնների խորհրդարանների ղեկավարներին՝ ուզում եմ ընդգծել, որ այս հարցում Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պէտք է մի կողմ դնէն իրենց քաղաքական հայեացքները, բոլոր օրակարգերի գլխաւերեւում ունենան աղէտալի իրավիճակում յայտնուած Արցախի հարցը եւ միասնական ջանքերով աշխարհի ուշադրութիւնը հրաւիրեն անկանխատեսելի զարգացումներով օրէցօր սաստկացող հումանիտար աղէտի վրայ:

Սա պէտք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:

Մենք պէտք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրութեանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականութեանը, եւ այն կանխելու ուղղութեամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդէն իսկ ուշանում են»,- նշուած է յայտարարութիւնում:

Share