Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը յունուարի 16-ին հրատապ ծանուցում է ուղարկել Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ Ադրբեջանի կողմից 2022 թուականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը վերահսկելու նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրութիւն է զետեղուել Միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի պաշտօնական էջում:
«2022 թուականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եւրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկեալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ, Ադրբեջանը պահանջել էր միջանկեալ միջոցներ կիրառել Հայաստանի դէմ, այն է՝ «ձեռնարկել իր իրաւասութիւնից բխող բոլոր միջոցները ուղղուած ռուս խաղաղապահների ժամանակաւոր տեղակայման վայրում գտնուող Ադրբեջանի տարածքում բժշկական անյետաձգելի օգնութեան կարիք ունեցող մարդկանց համարժէք բուժմանը եւ խուսափել այս ուղղութեամբ որեւէ խոչընդոտ ստեղծելուց»:
Ի պատասխան՝ Միջազգային իրաւական հարցերով ներկայացուցչի գրասենեակը 2022 թուականի դեկտեմբերին եւ 2023 թուականի յունուարին Եւրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացուող տեղեկութիւն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծուած, Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրաւական հարցերով ներկայացուցչի գրասենեակը Եւրոպական դատարանից պահանջել էր անյապաղ ծանուցում ուղարկել Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եւրոպական դատարանի 2022 թուականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերեալ:
Եւրոպական դատարանը, հաշուի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջութեամբ՝ 2022 թուականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողնելով ուժի մէջ: Եւրոպական դատարանը մերժել է նաեւ Հայաստանի դէմ միջանկեալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ: