Հայաստանը նոր քաղբանտարկեալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկեանը, ում նկատմամբ երէկ 2 ամսով կալանաւորման ապօրինի որոշում է կայացուել։
Աւելի վաղ 72 ժամով կալանաւորուած Հունան Մելքոնեանը եւ Արտաւազդ Մարգարեանն ազատ են արձակուել։
Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ․
1․ Քրեական գործեր կարելով ազգային ուժերի ներկայացուցիչների վրայ՝ թուլացնել իշխանութիւնների դէմ ծաւալուած աննահանջ պայքարը,
2․ Շարունակելով շոուների բեմադրութիւնը՝ շեղել հանրութեան ուշադրութիւնն Արցախում ստեղծուած գոյաբանական ճգնաժամից,
3․ Վարկաբեկել հայրենիք ունենալու համար Հայաստանի փողոցներում ծաւալուած պայքարը, պատժել պայքարի մասնակիցներին,
4․ Գոհացնել ազգային ուժերին եւ Հայաստանի ու Արցախի համար պայքարողներին ռեւանշիստ համարող Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներին, նրանց մատուցել հերթական ծառայութիւնը,
5․ Այս բոլոր գործողութիւններով փորձել կանխել պայքարի նոր ալիքը՝ ջանալով մարդկանց հեռու պահել դրանից։
Հանրութեան արձագանքն այս իրադարձութիւններին պէտք է լինի միանշանակ եւ աներկբայ։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել այս օրերին իշխանական որեւէ ճնշումից չուախեցած հանրային, հասարակական գործիչներին՝ կատարուողի վերաբերեալ իրենց միանշանակ գնահատականների համար։
Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել նաեւ մեր հազարաւոր քաղաքացիներին իրենց աջակցութեան համար եւ, իհարկէ, առանձնայատուկ շնորհակալութիւն բռնաճնշումների ենթարկուող անձանց իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող փաստաբանների թիմին։
Դժուարին շրջան է ամբողջ հայ ազգի համար, ուստի դա չէր կարող շրջանցել սեփական ուղին մեր ազգի ճակատագրի հետ շաղախած Դաշնակցութեանը։ Սակայն բոլորը գիտէն՝ բանտերով եւ բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից ետ պահել չէն կարող։ Այս բոլոր քայլերը մէզ մօտ միայն ամրապնդում են սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հաւատը եւ պայքարի վճռականութիւնը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր