Իշխան Սաղաթելեան.Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ

Իշխան Սաղաթելեան.Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ

Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մէկ անգամ եւս փաստեց, որ չնայած բոլոր դժուարութիւններին եւ զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրաւունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:

Արցախի քաղաքական վերնախաւը չպէտք է կատարի քայլեր, որը կկոտրի ժողովրդի ոգին, կստեղծի նոր ճգնաժամ եւ ժողովրդին կը տանի յուսալքութեան:

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կենսական անհրաժեշտութիւն է, եւ առանց յստակ հաշուարկների եւ երաշխիքների չմտածուած քայլերը կը բերէն նոր ճգնաժամ՝ իր բոլոր հետեւանքներով, իսկ մենք սխալուելու ռեսուրս այլեւս չունենք:

Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում։

Համախմբում ոչ թէ ինչ որ անձի կամ ուժի շուրջ, այլ Արցախը հայկական պահելու, թշնամու հայադաւ ծրագրերի դէմ միասնական պայքարելու գաղափարի շուրջ։

Այսօր ստեղծուած իրավիճակից դուրս գալու առաջին կարեւոր քայլը դա է։

Թէ ով որքան է հաւատարիմ այդ գաղափարին, պէտք է դատել կոնկրէտ գործերից, որոշ հարցերի պատասխան կը տայ նաեւ ժամանակը։

Արցախը քաղաքական հաշուարկների, անձնական յաւակնութիւնների, տարբեր հաշիւներ պարզելու տեղ չի:

Արցախը պէտք է դառնայ նոր վերածննդի, համախմբման եւ դիմադրութեան օջախ, որի կողքին անուէրապահ պէտք է կանգնի ողջ հայ ժողովրդը ՀՀ-ում եւ Սփիւռքում։

Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպէտք է դառնան նոր պառակտումների պատճառ։

Ես ըմբռնումով եմ մօտենում հնչեցուած բազաթիւ հարցադրումների, բայց ամէն դէպքում անընդունելի է այն անիմաստ գզվռտոցը, որը այս պահին կայ իրական ընդդիմադիր-ազգային դաշտում։

Մեր միակ վէճը եւ քննարկումները այս պահին պէտք է լինի ինչպէս մէկտեղել մեր ողջ կարողութիւնները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Հայաստանում եւ Արցախում մեր ժողովուրդը այլ բան մէզանից չի ուզում տեսնել եւ լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ որեւէ մէկի քաղաքական ռեյտինգը, անցեալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում՝ ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել։

Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխաւոր օրակարգին՝ Դիմադրութիւն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին։

Վերականգնենք Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, վերջինիս շուրջ յունաւորենք մեր պայքարը եւ գնանք առաջ։

Ես յոյս ունեմ, որ առաջիկայ ժամէրին Արցախի ներքաղաքական հարցերը կը կարգաւորուեն, եւ կկենտրոնանանք գլխաւոր անելիքի վրայ:

ՀՅԴ֊ն, իբրեւ Արցախում ներկայացուած խորհրդարանական ուժ, Արցախի Հանարապետութիւնում, ՀՀ ում եւ ամէնուր առաջնորդւում է վերը նշուած սկզբունքներով, եւ մենք ամէն ջանք գործադրելու ենք այդ միասնութիւնը ունենալու համար:

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share