Շառլ Ազնաւուրի քոյրը՝ Այդա Ազնաւուրեան-Կառուարէնցը, օրերս տօնեց իր ծննդեան 100-ամեակը:
«Քրոջս հետ որոշել ենք, որ 100 տարեկանի շեմն անցնելու ենք։ Նա իրաւունք չունի պայմանը խախտելու, ու ես էլ իրաւունք չունեմ»,- Շառլ Ազնաւուրի այս խօսքերը Այդա Ազնաւուրի ծննդեան օրուայ առթիւ յիշեցրել է «Ազնաւուր» հիմնադրամը:
Այդա եւ Շառլ Ազնաւուրների հայրը` Միքայելը (Միշան), ծնուել է 1897 թուականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարեանը, ծնուել է 1902 թուականի նոյեմբերի 10-ին, Իզմիրում (Թուրքիայ), հայ վաճառականների ընտանիքում՝ հաեօց ցեղասպանութեան ականատես փրկուածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել է Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխուել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխաւոր կառավարչի անձնական խոհարարն էր)։
Շառլի եւ Այդա ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպում են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելոյթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային յօդուածներ էր գրում հայկական թերթի համար:
1922 թուականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թուականի յունուարի 13-ին Սալոնիկում ծնւում է նրանց դուստրը՝ Աիդան։ Աւելի ուշ ընտանիքը տեղափոխւում է Ֆրանսիայ, որտեղ էլ ծնւում է Շառլ Ազնաւուրը։
«Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կեանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը, միասին ապրել բոլոր ուրախութիւններն ու տրտմութիւնները, ստեղծագործել, ճամփորդել ողջ աշխարհով ու եղել իրար թեւութիկունք։ Շառլ Ազնաւուրին նուիրուած իր «Ափարիկս» (փոքր եղբայր) գրքում Այդա Ազնաւուրը պատմում է իր եւ եղբօր մտերմութեան ու արկածներով լի կեանքի մասին», — ասուած է «Ազնաւուր» հիմնադրամի հաղորդագրութեան մէջ: