Նիդերլանդների կոալիցիոն կուսակցութիւնները դէպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպութիւնների ֆեդերացիայից:
Նիդերլանդների հայկական կազմակերպութիւնների ֆեդերացիան իր զօրակցութիւնն է յայտնել ծանր կացութեան մէջ յայտնուած արցախահայութեանը եւ տեղեկացրել, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցութեան արտաքին քաղաքական հարցերով խօսնակներ Ագնես Միւլդերը (Agnes Mulder – CDA) եւ Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են յղել երկրի արտաքին գործերի նախարար Վոպկէ Հուկստրային՝ (Wopke Hoekstra)՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սննդի եւ դեղամիջոցների ստեղծուած պակասի վերաբերեալ:
Ֆեդերացիան հրապարակել է նախարարին երկու կուսակցութեան արտաքին քաղաքական հարցերով խօսնակների յղած հարցերը: Նրանք նախարարից, մասնաւորապէս, հետաքրքրուել են, թէ արդյօք ծանո՞թ է տեղեկատուութեանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի եւ դեղորայքի պակասից, կամ, օրինակ՝ նախարարը կիսո՞ւմ է Հայաստանի կառավարութեան մտահոգութիւնները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի յանգեցնել Լեռնային Ղարաբաղում:
Երկու կուսակցութիւնների արտաքին քաղաքական հարցերով խօսնակները ԱԳ նախարարից նաեւ հետաքրքրուել են, թէ ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները եւ Եւրամիութիւնը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնութիւն տրամադրելու համար, հնարաւո՞ր է օդային կամուրջ բացել դէպի Լեռնային Ղարաբաղ՝ սննդամթերքի եւ դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
Նրանք նաեւ հարցրել են՝ ճի՞շտ է, որ Եւրամիութիւնն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին յորդորել են կրկին ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթէ աեօ, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։
Ուրիշ ի՞նչ հնարաւորութիւններ ունի Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու, որ այն Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնի։
Ագնես Միւլդերը եւ Դոն Սեդերը հետաքրքրուել են նաեւ, թէ ո՞ր բնապահպանական կազմակերպութիւնն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար եւ ինչպիսի՞ն է այդ կազմակերպութեան կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպութիւնները նախկինում նման գործողութիւններ ձեռնարկե՞լ են։
Հարցերից են նաեւ՝ ի՞նչն է պատճառը, որ տեղակայուած ռուս զինուորները չէն ապահւում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը, որքանո՞վ են փոխուել Ռուսաստանի եւ Հայաստանի յարաբերութիւնները Ուկրաինայում գործողութիւններից սկսուելուց յետոյ։
Նրանք նաեւ հետաքրքրուել են, թէ նախարարը կիսո՞ւմ է արդյօք իրենց այն տեսակէտը, որ Եւրամիութիւնը եւ ՄԱԿ-ը պէտք է աւելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հասնելու համար, եթէ աեօ, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել, արդեօ՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելութիւն սկսել Լաչինի միջանցքի տարածքում:
Նշւում է, որ Նիդերլանդների հայկական կազմակերպութիւնների ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշաւը եւ պայքարը Լաչինի միջանցքի շուտափոյթ վերաբացման ուղղութեամբ։