Ակնարկ՝ 40-ամեայ ՀՈՒՍԿ-ի անցած ուղուն. Հայ Դատի յանձնախմբի նախագահը՝ ՀՈՒՍԿ-ի 40-ամեայ անցած ուղու մասին

Ակնարկ՝ 40-ամեայ ՀՈՒՍԿ-ի անցած ուղուն. Հայ Դատի յանձնախմբի նախագահը՝ ՀՈՒՍԿ-ի 40-ամեայ անցած ուղու մասին

«Ալիք»- Թեհրան

Արդէն մէկ տարի է ինչ ՀՈՒՍԿ-ի անցած 40-ամեայ ուղու սիւնակում փորձել ենք ներկայացնել ՀՈՒՍԿ-ի կամ Հայ Դատի յանձնախմբի 40-ամեայ ծրագրերը ամփոփ տողերով: Ընդհանուր աշխատանքները հանրագումարի բերելու նպատակով հարցազրոյց ենք վարել Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանի հետ:

Իսիկ Իւնանէսեանը յետդարձ հայեացք նետելով ՀՈՒՍԿ-ի չորս տասնամեակ աշխատանքներին ընդգծեց. «1965 թւականին, երբ հայաշխարհում նշւում էր Հայոց Ցեղասպանութեան 50-ամեակը եւ առաջին անգամը լինելով հայ ժողովուրդը թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում արծարծեց հայ ժողովրդի պահանջատիրութիւնը, դրանից յետոյ Սփիւռքում հիմքը դրւեցին Հայ Դատի գրասենեակների: Այդ անհրաժեշտութիւնից ելնելով 1981 թւականին Թեհրանում հիմքը դրւեց Հայ Դատի գրասենեակի, սակայն ելնելով մի շարք հանգամանքների բերումով, այդ աշխատանքները իրականացան Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան անւամբ: Քանի որ երկու տարի էր անցնում Իրանի Իսլ. յեղափոխութիւնից, ուստի անհրաժեշտ էր նոր սերնդին իրազեկ դարձնել հայ ժողովրդի, իրանահայ համայնքի եւ Հայ Դատի աշխատանքների մասին: ՀՈՒՍԿ-ը սկզբում նախ հետամուտ դարձաւ մեր իրանցի հայրենակիցներին ծանօթացնելու իրանահայութեանը եւ ի մասնաւորի Հայաստանի ու հայ ժողովրդի պատմութեանը: Սակայն հետագայ տարիներին, երբ Հայ Դատի յանձնախումբը օժտւեց իր սեփական շէնքով, աւելի աշխուժացան աշխատանքները եւ ստեղծւեցին տարբեր յանձնախմբեր, ինչպէս ներքին քարոզչական, արտաքին քարոզչական, հանրային կապ, քաղաքական յանձնախումբ, բարեկամների յանձնախումբ, որոնք սկսեցին իրենց ակտիւ գործունէութիւնը:

Ընդհանրապէս Հայ Դատի գործունէութիւնը երկու հիմնական գլուխների է բաժանւում՝

Ա-Քաղաքական հարցեր, որը ինքնին բաժանւում է երկու գլուխների՝ ներքին կամ ներհամայնքային եւ արտաքին: Այս գլխի տակ իրականացւում են ծրագրեր ոչ-հայ լսարանի համար, որոնց նպատակը մէկն է՝ իրազեկել Հայոց Ցեղասպանութեան, Արցախի, հայ ժողովրդի եւ Իրանում՝ իրանահայ համայնքի դերակատարութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների եւ նմանօրինակ հարցերի մասին:

Բ-Մշակութային, որը ելնելով այն հանգամանքից, որ երբեմն հնարաւոր չէր ուղղակիօրէն անդրադառնալ Հայոց Ցեղասպանութեանը կամ Արցախի հարցին, փորձել ենք մշակութային որոշ միջոցառումներով՝ ինչպէս մեծարանքի երեկոներով, կամ ծրագրերի ընթացքում հնչած խօսքերով անդրադառնալ մեր հիմնահարցերին, այսինքը՝ մշակութային ծրագրերը լոկ մշակութային չեն եղել, այլեւ քաղաքա-մշակութային:

Նման աշխատանքները իրականացել են տարիներ շարունակ, մինչեւ որ սրանից մօտաւորապէս աւելի քան մէկ տասնամեակ առաջ ՀՈՒՍԿ-ը փորձեց աւելի բացւել համայնքի մէջ: Մօտաւորապէս 12 տարի առաջ Զանջան քաղաքում որոշւած էր մի համագումար տեղի ունենար կապւած Արցախի հիմնահարցին, այդ ժամանակ ՀՈՒՍԿ-ը ներկայացաւ Իրանի ԶԼՄ-ներին եւ բաց նամակով դիմեց կազմակերպիչներին եւ յորդորեց չեղեալ համարել այդ խորհրդաժողովը, իհարկէ այդ հարցով իրենց ջանքը չխնայեցին ժամանակին Իսլ. խորհրդարանում իրանահայ երկու պատգամաւորները, «ԱԼԻՔ» օրաթերթը եւ համատեղ ջանքերով հնարաւոր դարձաւ կանխել այդ խորհրդաժողովը: Այնուհետեւ աւելի վճռակամ շարժւեցինք եւ այդ թւականից սկսւեց մեր համացանցի պարսկերէն լեզւով աշխատանքը, որը կանոնաւոր ձեւով մինչ օրս շարունակում է իր աշխատանքը, ապա թելեգրամի եւ ինստագրամի էջեր եւ այսօր մեր ինստագրամը մօտաւորապէս 9000 հետեւորդ ունի, որի մեծ մասը պարսիկներ են: Օրական 4-ից 5 լուրեր ուղղակի թարգմանում ենք Հայաստանի եւ հայաշխարհի ԶԼՄ-ներից եւ տեղադրւում է մեր ինստագրամում: Այսպիսով իրանական շրջանակում ճանաչւեցինք որպէս մի կենտրոն, որը պաշտպանում է Հայ Դատը եւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների ամրապնդման հարցը»:

«Անդրադառնալով մինչ այժմ կազմակերպւած ծրագրերի մասին, նա ասաց. «ՀՈՒՍԿ-ը տարիներ է ինչ նախաձեռնում է «Հայ Դատն այսօր» անւան տակ խորհրդաժողով, որին մասնակցում էին հայ վերլուծաբաններ հայ աշխարհից, սակայն ժամանակի ընթացքում որոշեցինք ունենալ նաեւ նման խորհրդաժողովներ ոչ-հայ լսարանի համար, որոնք բաւականին ազդեցիկ էին եւ 6 խորհրդաժողովներ են անցկացւել զանազան թեմաներով իրանական կարեւոր կենտրոնների հետ համատեղ եւ այսպիսով ՀՈՒՍԿ-ի կապը աւելի ամրապնդւեց ոչ-հայ քաղաքական, մտաւորական ու գիտական դէմքերի ու կառոյցների հետ:

Մեր մշակութային քաղաքական ծրագրերի նպատակներն են ՀՈՒՍԿ-ի շուրջ համախմբել մի շարք պարսիկ մտաւորականների: Նմանօրինակ ծրագրերից էին՝ Հայ մշակոյթի գործիչների մեծարանքի երեկոյ, որը ժամանակին կազմակերպւեց Թեհրանում «Խանէ Հոնարմանդան»-ում, 10 օրեր շարունակ: Այս ծիրում կազմակերպել ենք երեք հայ ճրտ.-ներ՝ Գաբրիէլ Գեւրեկեանի, Վարդան Յովհաննիսեանի եւ Փօլ Աբգարի յուշերեկոն հէնց նոյն նպատակի իրականացման համար, եւ նման ծրագրերի շարանը քիչ չէ»:

Անդրադառնալով հրատարակչական աշխատանքներին, նա այսպէս շարունակեց. «ՀՈՒՍԿ-ը նաեւ հրատարակչական առումով շատ ծաւալուն գործունէութիւն է դրսեւորել, եւ վերջին 40 տարիներին տպագրել է շուրջ 70 անուն գրքեր, որոնց մեծ մասը ՀՈՒՍԿ-ը գնել է արտերկրից, կամ նւիրատուներն են նւիրել եւ ՀՈՒՍԿ-ի միջոցով կամ նախաձեռնութեամբ այդ գրքերը թարգմանւել են պարսկերէնի: Վերջին 15 տարւայ ընթացքում, բաւականին գրքեր ենք հրատարակել Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: Հրատարակչական աշխատանքներին զուգահեռ կազմակերպել ենք նաեւ գրքերի շնորհանդէսներ, որոնց ներկայ են գտնւել իրանցի բազմաթիւ մտաւորականներ եւ մասնագէտներ, որոնք մեր կողքին են: Հայ Դատի յանձնախումբը այսօր ունի մօտաւորապէս 500 պարսիկ մտաւորականների, վերլուծաբանների եւ փորձագէտների ցանկ, որոնց հետ համագործակցում ենք տարբեր պարագաներում:

ՀՈՒՍԿ-ի քայլերից էր սերտ համագործակցութիւն իրանցի լրագրողների հետ, որը կարեւորագոյն յաջողութիւններից է: Ժամանակին Արցախի կամ Հայոց Ցեղասպանութեան հարցերը ուղղակի մաս չէին կազմում իրանցի լրագրողների շօշափած թեմաներին եւ նրանք մեծամասնաբար շօշափում էին կամ մշակութային թեմաներ կամ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթներով թեմաներ, սակայն ՀՈՒՍԿ-ը երբ աւելի կիսւեց իրանական ԶԼՄ-ների հետ եւ նրանց ծանօթացրեց տարբեր ոլորտներին՝ նրանք եւս սկսեցին հարցազրոյցների ոլորտը ընդլայնել: Վերջին տարիներին աւելի քան 50 հարցազրոյցներ է իրականացել հայ մասնագէտների հետ, ոչ-հայկական ԶԼՄ-ների միջոցով, որը մեծ յաջողութիւն ենք համարում: Նաեւ 8 տարի առաջւանից փորձ է կատարւել, իրանական ԶԼՄ-ներում պարսկերէնով Ցեղասպանութիւն բառը շրջանառել, կոտորած կամ Եղեռն բառի փոխարէն: Հայոց Ցեղասպանութեան 100 ամեակի ծրագրերի շարանում առաջին անգամը ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս, որը հետագայ տարիներին Ապրիլի 24-ին դարձաւ աւանդոյթ, եւ յիշեալ մամլոյ ասուլիսին մասնակցում են թեմակալ առաջնորդը, Հայ Դատի օրւայ յանձնախմբի նախագահը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախագահը եւ անընդհատ շեշտւում է Հայոց Ցեղասպանութիւն բառը եւ հիմա արդէն Ցեղասպանութիւն բառը շրջանառւում է պարսկական ԶԼՄ-ներում: Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակից ամիսներ առաջ ՀՈՒՍԿ-ի միջոցով աւելի քան 670 յօդւածներ տեղադրւեցին ոչ-հայկական վիքիփեդիայում՝ կապւած Արցախին, Հայոց Ցեղասպանութեանը, որտեղ Ղարաբաղի եւ Հայոց Մեծ Եղեռնի փոխարէն օգտագործւում էին Արցախ եւ Հայոց Ցեղասպանութիւն բառերը պարսկերէնով: Նաեւ մեր ձեռքբերումներից էր՝ խրախուսել ոչ-հայ լրագրողներին այցելել Արցախ եւ Հայաստան, որի ամենավառ օրինակը 2016 թւականին էր, երբ յաջողեցինք երկու լրագրողներ գործուղղել Արցախ եւ նրանք հարցազրոյցներ վարեցին Արցախի ժամանակի նախագահի եւ արտգործնախարարի հետ եւ վերադառնալուց անմիջապէս յետոյ այդ հարցազրոյցները տպագրւեցին Իրանի «Շարղ» օրաթերթում, (ի դէպ այս մասին առաջին անգամն է, որ բարձրաձայնում ենք), նաեւ այդ ժամանակ լրագրող ենք գործուղղել Հայաստան, ով հարցազրոյց էր ունեցել ՀՀ ժամանակի նախագահ Սերժ Սարգսեանի հետ եւ կրկին տպագրւել էր «Շարղ» օրաթերթի առաջին էջում: Թէեւ 2020 թւականի պատերազմը արհաւիրք էր մեզ համար, սակայն ունենալով նման լրագրողներ նրանք դիմում են մեզ թարմ տեղեկութիւններ ստանալու Արցախի մասին, եւ այն հրապարակում Իրանի ԶԼՄ-ներում: Սա ՀՈՒՍԿ-ի արտաքին ճակատի քարոզչութեան համար յաջողութիւն է որակւում:

ՀՈՒՍԿ-ի կարեւորագոյն ձեռքբերումներից է հանդիսանում «Պայման» եռամսեան, որը լինելով միակ պարսկերէն լեզւով հանդէսը, անխափան տպագրւում է 26 տարի եւ գարնանը տպագրւելու է 100-րդ համարը, որը յատկացւելու է հէնց «Պայման»-ի (Փէյման) 100-րդ համարին եւ ՀՈՒՍԿ-ի հիմնադրման 40-ամեակին: «Պայման»-ի կարեւորութիւնը հետեւեալն է, որ կանոնաւոր տպագրութեան պատճառով, կարողացել ենք «Պայման»-ի միջոցով բազմաթիւ մտաւորականների համախմբել ՀՈՒՍԿ-ի շուրջ, եւ իր բովանդակալից նիւթերի բերումով այն հանդիսանում է նաեւ ուսանողների համար ուսումնասիրութեան աղբիւր: «Պայման»-ը եւ իր կայքէջը հանդիսանում է կարեւոր եւ հարուստ աղբիւր ուսումնասիրութիւնների համար:

ՀՈՒՍԿ-ի կարեւոր աշխատանքներից է տարածաշրջանի եւ Հայաստանի եւ հայաշխարհի քաղաքական, մշակութային, տնտեսական ու պատմական տւեալների մասին ամսական դասախօսութիւններ, հէնց ՀՈՒԱԿ-ի կենտրոնատեղիում եւ այն դասախօսների ու մտաւորականների միջոցով, որոնք համախմբւած են ՀՈՒՍԿ-ի շուրջ:

ՀՈՒՍԿ-ի կարեւոր այլ աշխատանքներից կարել է համարել տարիների ընթացքում պատրաստւած բազմաթիւ փաստավաւերագրական ֆիլմեր կապւած Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի հիմնահարցին եւ այդ ֆիլմերը յաջողել ենք տեղադրել You Tube եւ իրանական «Ապարատ» սայթերում նաեւ մեր քաղաքա-մշակութային որոշ ծրագրերի ֆիլմերը եւս տեղադրում ենք այս սայթերում:

ՀՈՒՍԿ-ի ներհամայնքային կարեւոր ծրագրերից կարելի է նշել Ապրիլի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի դասախօսական-գեղարւեստական, նաեւ Ապրիլ 24-ի առիթով ոչ-հայ լսարանի համար կազմակերպւող ծրագիրը, որին հրաւիրւում են Իրանի պետական կառոյցների եւ յատկապէս Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ, որոնք հրաւիրւում են խորհրդարանում մեր իրանահայ պատգամաւորների միջոցով եւ մեծ ձեռքբերում էր, որ մի քանի տարի առաջ նման ձեռնարկի ընթացքում Իսլ. խորհրդարանի ժամանակի դիւանի անդամ եւ փոխնախագահ հոջ. Աբու Թորաբիֆարդը դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը, օգտագործելով Ցեղասպանութիւն բառը, որը լայն արձագանգ ունեցաւ Իրանի ԶԼՄ-ներում»:

Անդրադառնալով ՀՈՒՍԿ-ի 40-ամեակի առիթով նախատեսւած ծրագրերին, նա այսպէս շարունակեց. «Մտադիր ենք 2023 թ.-ին կազմակերպել ՀՈՒՍԿ-ի 40-ամեակին նւիրւած մեր միջոցառումները թէ՛ հայկական լսարանի, եւ թէ՛ ոչ-հայկական լսարանի համար: Մօտաւորապէս հինգ գրքեր արդէն իսկ թարգմանւած են եւ պատրաստ են 2023 թւականին տպագրութեան համար: Այդ շարանում է Ռիչարդ Յովհաննիսեանի «Հայաստանի Հանրապետութեան» երրորդ հատորը: Նաեւ մի շարք այլ փաստագրական գրքեր: Նախատեսել ենք մի շարք ծրագրեր, ինչպէս օրինակ ներկայացնել «Տէրեան» ընտանիքի դերը Իրանում, հանգուցեալներ՝ Իրանի աստղաֆիզիկոս եւ աստղագիտութեան մայր Ալենուշ Տէրեանի, արձանագործ Լիլիթ Տէրեանի եւ Ալէնուշ Տէրեանի ծնողները՝ Վարդօ եւ Արտօ Տէրեանների, որոնք Իրանի թատրոնի հիմնադիրներից էին: Նախատեսել ենք այդ միջոցառումը կազմակերպել «Բոխարա» հանդէսի հետ միասին:

Այլ կարեւոր ծրագրերից է մեծարանքի երեկոյ, նւիրւած Իրանի համալսարաններում հայ դասախօսներին, այս միջոցառման իրականացման համար աւելի քան 7 ամիս է ինչ աշխատանք է տարւում:

Ներհամայնքային ծրագրերի առումով մենք փորձել ենք շատ սերտ յարաբերութիւններ ու համատեղ ծրագրեր իրականացնել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի հետ: Բազմաթիւ դպրոցներից մեր աշակերտները այցելել են Հայ Դատի գրասենեակը եւ նրանց բացատրութիւններ ենք փոխանցել Հայ Դատի, Հայոց Ցեղասպանութեան, Արցախի եւ Հայաստանի մասին, նրանց ներկայացրել ենք մեր գրադարանը եւ աշխատանքները: Տարիներ շարունակ Հայ Դատի եւ Կրթական խորհրդի համատեղ աշխատանքով կազմակերպւում է նկարչութեան մրցութիւն մեր աշակերտների համար եւ նրանց նկարչութիւնները ցուցադրւում են Ապրիլի 24-ին «Արարատ» մարզաւանում կազմակերպւած միջոցառման ընթացքում: Վերջին տարիներին փորձել ենք մեր միութիւնների հետ կազմակերպել ներքին դասախօսութիւններ, որպէսզի հայահոծ տարբեր քաղաքամասերում մեր հայրենակիցները հնարաւորութիւն ունենան մասնակիցը դառնալու նման դասախօսութիւնների, որոնցից վերջինը Նայիրի Յոխիկեանի դասախօսական երեկոներն էր մեր միութիւնների յարկի տակ: Այս առումով մեր միութիւնները միշտ կանգնած են եղել Հայ Դատի գրասենեակի կողքին եւ անհրաժեշտ է շնորհակալութիւն յայտնել նրանց համագործակցութեան համար:

Անհրաժեշտ է յատուկ շնորհակալական խօսք յայտնել Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովին եւ Թեմական խորհրդին, որոնց ֆինանսական աջակցութեան շնորհիւ է, որ 26 անընդմէջ տարիներ տպագրւում է «Պայման» եռամսեայ հանդէսը, որը միակ պարսկալեզու հանդէսն է եւ իր բովանդակութեամբ մեծ ընդառաջում է գտել ոչ միայն Իրանում այլ արտերկրում, քանի որ վերջին տարիներին «Պայման»-ը ուղարկւում է աշխարհի հանրայայտ մի շարք համալսարաններ, օրինակ «ԻՒ.ՍԻ.ԷԼ.Էյ», «Հարւարդ», «Օքսֆորդ»: Վերջում յատուկ շնորհակալական խօսք պէտք է փոխանցեմ «ԱԼԻՔ»-ին, որ ոչ միայն մէկ տարի շարունակ իր շաբաթական սիւնեակով արտացոլել է ՀՈՒՍԿ-ի կատարած աշխատանքները, այլ 40 տարի շարունակ»:

Հարցազրոյցը վարեց`

Կարինէ Դաւթեան

Share