ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Ջեք Ռիդը՝ համապատասխանաբար Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի եւ Զինուած ծառայութիւնների յանձնաժողովների նախագահները կոչ են արել Բայդենի վարչակազմին շտապ օգնութիւն ուղարկել Արցախ (Լեռնային Ղարաբաղ) եւ ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրայ՝ վերացնելու այնտեղ բնակուող 120,000 հայերի մէկամսեայ շրջափակումը իրենց բնիկ հայրենիքում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA):
«Ադրբեջանի շրջափակումը դադարեցնելը պէտք է սկսուի Ալիեւի կոռումպացուած եւ ռասիստական ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնութեան դադարեցմամբ»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ ողջունելով սենատորների դիրքորոշումը։
Պետքարտուղար Անտօնի Բլինքենին ուղարկուած համատեղ նամակում նախագահ Մենենդեսը եւ նախագահ Ռիդը խորը մտահոգութիւն են յայտնում Ադրբեջանի շրջափակման վերաբերեալ՝ նշելով, որ Ադրբեջանը պէտք է պատասխանատուութեան ենթարկի խաղաղ բնակչութեան սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների հասանելիութիւնը արգելափակելու համար։
Նրանք նշել են, որ ԱՄՆ-ն պէտք է քայլեր ձեռնարկի պաշարուած բնակչութեանը հումանիտար օգնութիւն ու անհրաժեշտ օգնութիւն հասցնելու ուղղութեամբ։
«Մենք պէտք է աջակցենք այն կազմակերպութիւններին, որոնք աշխատում են օգնութիւն տրամադրելու համար, ինչպէս նաեւ աշխատենք ողջ Եւրոպայում մեր համախոհ գործընկերների հետ, ովքեր նոյնպէս մտահոգութիւն են յայտնել Բաքուի գործողութիւնների վերաբերեալ՝ ճնշում գործադրելու Ալիեւի ռեժիմի վրայ՝ դադարեցնելու այս անընդունելի շրջափակումը»,-ասուած է նամակում։