Դեկտեմբերի 29-ին Թուքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուն յայտարարեց․
«Ադրբեջանի հետ մեր համագործակցութիւնը գտնւում է ամենաբարձր մակարդակում, որը կարող է ընդհանրապէս լինել երկու երկրների միջեւ։ Մենք շարունակում են Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը՝ կապ պահպանելով Ադրբեջանի հետ»։
Այս յայտարարութիւններին Հայաստանից պաշտօնական որեւէ հակադարձում չեղաւ։
Ոչ ԱԳՆ-ն, ո՛չ յատուկ բանագնացը, ո՛չ էլ անգամ մինչեւ հիմա երաժշտական միջոցառումներին դիջեյութիւն անող ՀՀ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահը, կամ ազգային ուժերի գործողութիւնները Հանրայինի եթերում պարբերաբար մեկնաբանող յատուկ յանձնարարութիւններով դեսպանը չարձագանքեցին յայտարարութեանը։
Մեկը չգտնուեց, որ թուրք «կառուցողական» գործընկերոջը գոնէ շատ կառուցողական ձեւով ասի, որ նման յայտարարութիւնները անընդունելի են եւ վնասում են իրենց իսկ նախաձեռնած կարգաւորման գործընթացքին, որտեղ իրենք տարանջատել են Հայաստանը եւ Արցախը ու թշնամու հարուածներն ամենաշատն իր վրայ կրած Արցախին մենակ են թողել Թուրքիայի եւ Ադրբեջանի դիմաց։
Այս համատեքստում երէկ յայտարարուեց, որ Հայաստանը եւ Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ կ’իրականացնեն։ Հայաստանի ԱԳՆ-ից միայն յոյս յայտնեցին, որ միւս պայմանաւորուածութիւնները եւս կը կատարուէն։
Այսինքն այն պայմաններում, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ պատանդ է պահում 120,000 Հայաստանի քաղաքացիների, ու չի էլ թաքցնում այդ փաստը, Հայաստանը ներկայացնողները որոշել են ոչ միայն չդադարեցնել բացառապէս Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը, այլեւ այն առաջ տանել ամբողջ թափով։
Քանի հայերը խառն են՝ ինչ մնացել է, արագ անենք աւարտենք սկզբունքով։
Ի՞նչ կաներ սրա փոխարէն ցանկացած ազգային իշխանութիւն։
Անգամ որեւէ պայմանաւորուածութեան առկայութեան դէպքում` այս պայմաններում այդ պայմանաւորուածութեան իրագործման նախապայման կդներ միջանցքի անյապաղ բացման պահանջը։
Ադրբեջանից դէպի Նախիջեւան իրականացուող թռիչքների արգելքի, Ստեփանակերտի օդանաւակայանի գործարկման պահանջի, «Անջատում հանուն փրկութեան» սկզբունքի առաջ քաշման, Արցախի ինքնորոշման իրաւունքի հիմքերի ամրապնդման ուղղուած քայլերի մասին անգամ չեմ էլ խօսում։
Քրիստինէ Վարդանեան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր