«Հայացք» կիրառական քաղաքականութեան եւ վերլուծութիւնների հետազօտական կենտրոնը ներկայացնում է «SOS — ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողութիւնների ծրագիր» քաղաքական ամփոփագիրը, որը հրապարակում ենք ամբողջութեամբ.
«SOS — ԱՐՑԱԽ. Հրատապ գործողութիւնների ծրագիր»
Արցախը 27-րդ օրն է՝ շրջափակման մէջ է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան շուրջ 120 000 բնակչութիւն, այդ թւում՝ 30 000 երեխայ, գտնւում են հումանիտար աղէտի շեմին, աղէտ, որի որոշակի դրսեւորումներ արդէն իսկ տեսանելի են։ Ստեղծուած իրավիճակում առաջնահերթ կարեւորութիւն է ստանում անյետաձգելի գործողութիւնների մշակումն ու կեանքի կոչումը, ինստիտուցիոնալ եւ ոչ ինստիտուցիոնալ բոլոր կառոյցների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումն՝ ուղղուած ստեղծուած իրավիճակի եւ առկայ մարտահրաւէրների յաղթայարմանը։ Իսկ տարաբնոյթ քննարկումներն, առնուազն, պիտի իրականացուէն գործողութիւններին համընթաց եւ ի լրումն։
Ստորեւ ներկայացուած Գործողութիւնների Ծրագրում կը լինէն կէտէր, որոնք, գուցեեւ, արդէն իսկ արւում են, կը լինէն առաջարկներ, որոնք, գուցէ, շատ ակնառու, ակնյայտ կը թուան, բայց այսօր առաջնահերթութիւն է դրանց ամբողջական կեանքի կոչումը՝ հրատապ, համակարգուած եւ հետեւողական։
Բանաձեւեր, որոնք անկիւնաքարային նշանակութիւն ունեն ներկայացուող Գործողութիւնների Ծրագրի հայեցակարգային ընկալման համար.
— ՀՀ իշխանութիւններից գործողութիւնների ակնկալիքներն ու սպասումներն անօգուտ պատրանքներ են։ Բազմաթիւ օրինակներ կան՝ լիարժէք հիմնաւորող այս պնդումը։ Հետեւաբար, բանաձեւը յստակ է՝ դադարել քննարկել ՀՀ իշխանութիւնների քայլերը, դադարել ակնկալիքներ ունենալ եւ փորձել հասկանալ՝ ինչ է պէտք անել ստեղծուած իրավիճակում եւ ինչպէս[1]։
— Ստեղծուած իրավիճակում պէտք է ամրագրել, որ միջազգային հանրութիւնից հնչած եւ ցայսօր հնչող մարդասիրական կոչերը որեւէ կերպ չէն կաշկանդում Ադրբեջանին։ Աւելին՝ Բաքուն փորձում է առաւելագոյնս օգտուել իրավիճակից, այդ թւում՝ աշխարհաքաղաքական զարգացումներից եւ ՌԴ-Արեւմուտք լարուածութիւնից։ Զուգահեռաբար՝ Ադրբեջանը մէկ անգամ եւս ապացուցում է, որ տարաբնոյթ յայտարարութիւններն ու կոչերը խաղաղութեան ու խաղաղ համակեցութեան մասին որեւէ արժէք չունեն։ Բաքուի նպատակը շարունակում է մնալ նոյնը՝ հայաթափել Արցախը, ունենալ Արցախ՝ առանց հայերի։ Հաշուի առնելով վերոնշեալը՝ պէտք է ամրագրել, որ «անջատում հանուն փրկութեան», «ճանաչում հանուն փրկութեան» բանաձեւերն այլընտրանք չունեն։
— Ստեղծուած իրավիճակում առանձնայատուկ դեր ու նշանակութիւն ունի Ռուսաստանի Դաշնութիւնը՝ որպէս 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան կողմ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, հողի վրայ խաղաղապահ առաքելութիւն իրականացնող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ՀՀ ռազմավարական դաշնակից։ Կարեւոր է ամրագրել, որ, փաստացի, ՌԴ խաղաղապահ առաքելութեան չլինելու պարագայում Արցախի 120 000 բնակչութիւնը չունի անվտանգութեան այլ լիարժէք, ամբողջական երաշխիք։ Բացի այդ, համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտի՝ ՌԴ խաղաղապահ զօրակազմն է պատասխանատու Հայաստանն Արցախին կապող միջանցքի համար եւ այսօր, փաստացի, համատեղ յայտարարութեան այս կէտը չի գործում։
Հաշուի առնելով վերոնշեալը՝ նախատեսուող քայլերն ու գործողութիւնները պէտք է առաւելագոյնս եւ հնարաւորինս սինքրոնացուէն ՌԴ հետ՝ խիստ սահմանափակ ժամկէտներում (1, 2 օր)։ ՌԴ հետ գործողութիւններն սինքրոնացնելուն զուգահեռ (իսկ արդիւնքի բացակայութեան դէպքում՝ անյապաղ) անհրաժեշտ է ժամ առաջ որակական եւ քանակական էական փոփոխութեան ենթարկել միջազգային գործընկերների հետ աշխատանքների իրականացումը՝ ի փրկութիւն Արցախի եւ Արցախի մեր հայրենակիցների։
— 2022-ի դեկտեմբերի 12-ից սկսած բազմաթիւ կոչեր ու յայտարարութիւններ են եղել միջազգային հանրութիւնից, տարբեր պետութիւններից, կառոյցներից ու անհատ գործիչներից, որոնք, սակայն, որեւէ արդիւնք չէն ունեցել։ Հետեւաբար, միջազգային հանրութիւնից եւ հիմնական դերակատարներից ակնկալիքները պիտի լինէն շատ յստակ, այդ թւում՝ հրատապ իրականացուող գործողութիւններով ու յստակ օրակարգով։
— Ադրբեջանի կողմից որդեգրուած քաղաքականութեան պայմաններում այս հարցով իրապէս մտահոգ ու զբաղուող պետութիւնը, միջազգային կառոյցը կամ կազմակերպութիւնն ունի Բաքուի վրայ ճնշում գործադրելու մի գործուն ճանապարհ՝ ուղերձ Ադրբեջանին, Թուրքիային եւ ողջ աշխարհին, որ կոնկրէտ ժամկէտներում Արցախի շրջափակումն անուէրապահ չդադարեցնելու ու Ղարաբաղեան խնդրի քաղաքական կարգաւորման նպատակով բանակցային գործընթաց չուերադառնալու պարագայում իրենց կողմից օրակարգային է դառնալու Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը։
Ներկայացուած բանաձեւերից բխող գործողութիւնների ծրագիր
Արցախի գործող իշխանութիւններից ակնկալւում է՝
— ՌԴ գործընկերներին կապի պատշաճ միջոցներով տեղեկացնել տիրող իրավիճակի եւ Արցախի կողմից նախատեսուող քայլերի մասին (վերջիններս ներկայացուած են ստորեւ), փորձել ՌԴ հետ յստակ ձեւակերպել Արցախի ապաշրջափակման եւ ԼՂ քաղաքական կարգաւորման նպատակով բանակցային գործընթացի վերամեկնարկի համատեղ օրակարգ, ՌԴ տեսակէտի, դիրքորոշման արագ ճշգրտում՝ յետագայ քայլերի պլանաւորման, իրականացման հետ կապուած։
— Միջազգային հանրութեան հետ բոլոր ուղղութիւններով տարուող գործընթացներում առաւելագոյնս օգտագործել ԼՂՀ ԱԳ նախարարի՝ Հայաստանում գտնուելու եւ տեղաշարժի ազատութիւնից բխող հնարաւորութիւնը՝ յստակ օրակարգով։ Հնարաւոր բոլոր քայլերով հասնել նրան, որ Արցախի ԱԳ նախարարը պատշաճ կերպով ընդունուի այս հարցում դերակատարում ունեցող պետութիւնների, ապա նաեւ բարեկամ երկրների կողմից։
— Իրականացուող աշխատանքներում ներգրաւել սփիւռքի ներկայացուցիչներին, ակնառու գործիչներին՝ առկայ օրակարգը կեանքի կոչելու նպատակով։
— Հստակ ազդակ ուղղել միջազգային գործընկերներին, բարեկամ երկրներին առ այն, որ ՀՀ կողմից Արցախի անկախութիւնը չճանաչելը որեւէ կերպ չպիտի կաշկանդի նրանց՝ սեփական քայլն անելուց, այդ թւում՝ ճանաչելուց։ Աւելին՝ բանակցութիւնների օրակարգում պիտի ներառուէն նաեւ այն բոլոր «առաւելութիւնները», որոնք կարող են լինել Արցախն առաջինը ճանաչող երկրների համար[2]։
— ՌԴ եւ Ֆրանսիայի հետ (համապատասխան՝ ՌԴ հետ գործողութիւնների սինքրոնացման արդիւնքների) աշխատանքի միջոցով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին հասցնել Արցախի իշխանութիւնների ձայնն ու մօտեցումը, ընկալումն ու ակնկալիքը՝ կապուած իրավիճակի եւ դրա հանգուցալուծման հետ։ Սրա հիմքում պիտի դրուի նոյն բանաձեւը՝ եթէ յստակ, կարճ ժամանակահատուածում Ադրբեջանն անուէրապահօրէն չի դադարեցնում շրջափակումը եւ վերադառնում բանակցային սեղան, ակնկալւում է Արցախի ճանաչումը՝ որպէս հումանիտար աղէտից խուսափելու միակ գործուն միջոց։ Նշեալ գործողութիւնն անհրաժեշտ է զուգակցել լրացուցիչ անվտանգութեան երաշխիքների ապահովմամբ, առաջին հերթին՝ ՌԴ կողմից՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ չի կարելի բացառել ադրբեջանական հերթական ագրեսիան, առաւել եւս, որ դրա մասին ուղղակի եւ անուղղակի ակնարկները պաշտօնական Բաքուի կողմից հնչում են ամենօրեայ կտրուածքով։
— Ձեւակերպել ՌԴ կողմից ակնկալիքն առ այն, որ 1) ՌԴ կողմից պիտի լինի յստակ ուղերձ աշխարհին այն մասին, որ Մոսկուան շարունակում է մնալ 2020թ. նոյեմբերի 10-ի յայտարարութեան երաշխաւորը եւ որ որեւէ ագրեսիայ Արցախի եւ Արցախի բնակչութեան նկատմամբ դիտարկուելու է որպէս համատեղ յայտարարութեան խախտում՝ դրանից բխող համապատասխան հետեւանքներով, 2) ՌԴ-ն հաւատարիմ է ՀՀ նկատմամբ ստանձնած իր դաշնակցային պարտաւորութիւններին՝ անկախ գործող իշխանութիւնների հետ յարաբերութիւններից եւ որ 1997-ի պայմանագիրը գործելու է ողջ ծաւալով՝ անկախ դէմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացից (հիմք ընդունելով ԽՍՀՄ եղած սահմանները եւ քարտէզները, որոնք, ինչպէս բազմիցս յայտարարուել է, ՌԴ տիրապետման ներքոյ են)։
— ՌԴ հետ գործողութիւնների ծրագիրը սինքրոնացնելուց յետոյ կամ զուգահեռաբար անհրաժեշտ է յստակ եւ հասցէագրուած աշխատանք միջազգային գործընկերների հետ․
Աշխատանք Ֆրանսիայի հետ՝ որպէս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետութիւն, որպէս հայ ժողովրդի բարեկամ երկիր։ Շրջափակումն անուէրապահ չդադարեցնելու եւ ԼՂ քաղաքական կարգաւորման օրակարգով բանակցային սեղան չուերադառնալու պարագայում Ֆրանսիայի կողմից բարձրացնել Արցախի ճանաչման խնդիրը՝ աւելի լայն կտրուածքով քայլեր իրականացնելով նաեւ ֆրանկոֆոն աշխարհում եւ ԵՄ-ում՝ ճանաչման գործընթացն առաջ մղելու ուղղութեամբ։
Աշխատանք ԱՄՆ-ի հետ՝ որպէս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետութիւն։ Աշխատանք վերոնշեալ բանաձեւի ներքոյ եւ նոյն տրամաբանութեամբ։
Համապատասխան աշխատանք հարեւան Իրանի հետ։
Համապատասխան աշխատանք բարեկամ երկրների հետ՝ Հունաստան, Կիպրոս եւ այլն։
Աշխատանք միջազգային կազմակերպութիւնների հետ։ Նախեվառաջ՝ ՄԱԿ-ի հետ՝ իր կառոյցներով, ապա՝ Եւրոպայի խորհրդի՝ հաշուի առնելով միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերի, մարդու իրաւունքների եւ յատկապէս՝ կեանքի իրաւունքի ոտնահարումը։ Աշխատանք Կարմիր Խաչի հետ՝ հաշուի առնելով հումանիտար աղէտի վտանգը եւ այն հանգամանքը, որ հումանիտար աղէտ ստեղծողի հետ դասական համաձայնեցումներն, առնուազն, տրամաբանական չէն։ Կարմիր Խաչն իր գործողութիւնները պիտի իրականացնի՝ որդեգրելով հումանիտար աղէտից եւ ստեղծուած իրավիճակից բխող ձեռագիր։
ՀՀ քաղաքացիներից, ՀՀ-ում գործող կառոյցներից ակնկալւում է՝
— Հայ առաքելական եկեղեցու կողմից աշխատանքների էլ աւելի ակտիւացում՝ որպէս ստեղծուած իրավիճակում հայ ժողովրդին համախմբող, միաւորող կենտրոն։ ՀԱԵ-ն պիտի օգտագործի բոլոր հնարաւորութիւնները, իր բոլոր կապերը, ընդ որում՝ Սբ. Ծննդեանը յաջորդող այս օրերին նման աշխատանքն առաւել քան արդիւնաւետ կարող է լինել։ Հնարաւոր գործողութիւնները բազմաթիւ են, օրինակ, ՌԴ ուղղափառ եկեղեցու հայրապետի հետ հւուապետական այցի կազմակերպում Արցախ՝ որպէս աջակցութիւն Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ի դէմս խաղաղապահ զօրակազմի, հետեւորդներին։ Սրա հիմքում հումանիտար բաղադրիչը պիտի լինի՝ ճանապարհի բացուելը հւուապետական այցի շնորհիւ։
ՀԱԵ-ից ակնկալուող յաջորդ կարեւոր ուղղութիւնը էկումենիկ կապերի գործարկումն է եւ դրանց միջոցով մարդկութեան դէմ իրականացուող յանցագործութեանը, հումանիտար աղէտին միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելը։ Օրինակ՝ հնարաւոր ակցիայ կարող է լինել միաժամանակ քոյր եկեղեցիներում զանգերի ղօղանջելը՝ ազդարարող ու բարձրաձայնող Արցախում քրիստոնեայ ժողովրդի նկատմամբ իրականացուող ոճրագործութեան մասին (լայն լուսաբանմամբ)։
— Հայաստանեան ընդդիմութեան շատ արագ կոնսօլիդացիայ։ Այստեղ նպաստող գործոն կարող է հանդիսանալ օպերատիւ շտաբի հիմնումը եւ առկայ ռեսուրսների համախմբումը՝ վերը նշուած հարցերում Արցախին օժանդակելու համար։ Այս նպատակով կարեւոր կը լինի հնարաւոր բոլոր կապերի օգտագործումը, այդ թւում՝ խորհրդարանական (առկայ եւ/կամ նախորդ շրջանում եղած), նաեւ՝ ակադեմիական հանրութեան կապերը՝ նշուած բանաձեւերի ներքոյ միջազգային գործընկերներին իրենց ուղերձը յղելու։
— ԶԼՄ-ների աշխատանքի համակարգում, ակտիւացում։ Անհրաժեշտ է, որ ԶԼՄ-ներն իրենց ողջ ռեսուրսով լծուէն աշխատանքի՝ ներկայացնելով ահագնացող աղէտի ողջ պատկերը, դրա հումանիտար բաղկացուցիչը՝ օգտագործելով հնարաւոր բոլոր միջոցները՝ սոցցանցեր, հեռուսատատեսութիւն, տպագիր մամուլ եւ այլն։ Կարեւոր է նման աշխատանքի լայնածաւալ իրականացումը յատկապէս օտարալեզու հարթակներում։ Առաւել արդիւնաւետութիւն ունենալու նպատակով անհրաժեշտ է հնարաւորինս գործարկել սփիւռքի լրատուամիջոցներն ու նրանց ունեցած կապերը։ Միաժամանակ, ստեղծուելիք օպերատիւ շտաբի գործառոյթների ներքոյ պէտք է դիտարկուի ԶԼՄ-ների աշխատանքի համախմբումն ու արդիւնաւետութեան բարձրացումը։
— Հայաստանեան հասարակական կազմակերպութիւնները, վերը նշուած տրամաբանութեան ներքոյ, պիտի աշխատանքներ իրականացնեն իրենց գործընկերների հետ։ Նոյնն ակնկալւում է նաեւ միջազգային կապեր ունեցող անհատ քաղաքացիներից։
— Արցախի իշխանութիւնների լիարժէք ինքնուրոյն եւ անկաշկանդ գործունէութիւնն ապահովելու նպատակով Հայաստանում, Արցախում, Սփիւռքում առկայ գործարար համայնքը կարող է ստեղծել հարթակ (որում կը ներգրաւուէն ոչ միայն գործարարներ, այլեւ մեր բոլոր սրտացաւ հայրենակիցները)՝ սահմանելով խնդիր հաւաքագրելու եւ ստեղծելու այլընտրանքային ֆինանսական ռեսուրսներ՝ համարժէք Արցախի կարիքներին։ Նուազագոյն շեմ կարող է դիտարկուել ՀՀ կողմից Արցախին տրամադրուող տարեկան անժամկէտ վարկի չափաբաժինը։ Այստեղ կայ հրատապ քայլերի անհրաժեշտութիւն, եւ սա լինելու է արդիական առնուազն մինչեւ ՀՀ-ում իշխանափոխութիւն լինելը։
Վերը նշուած քայլերն ու գործողութիւնները չէն յաւակնում լինել ամբողջական։ Իրավիճակի փոփոխութիւնից ելնելով՝ դրանք հընթացս պիտի թարմացուէն ու լրացուէն»։
[1] Ելնելով նշուած բանաձեւից՝ սոյն Գործողութիւնների Ծրագիրը չի անդրադառնալու ՀՀ իշխանութիւնների կողմից ակնկալուող քայլերին ու գործողութիւններին։
[2] Արցախն առաջինը ճանաչող երկրներին խոստացուող առաւելութիւնները ենթակայ են մանրակրկիտ մշակման, ձեւակերպման, եւ ենթակայ չէն հրապարակման։