Մեր կռիւը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից հետ չենք կանգնելու

Մեր կռիւը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից հետ չենք կանգնելու

Տեւական դադարից յետոյ՝ երէկ, ԱԺ-ում էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը, եկել էր մասնակցելու Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմութեան հրաւիրած խորհրդարանական լսումներին։ Մինչ այդ՝ Դիմադրութեան շարժման հաւաքները դադարեցնելուց յետոյ, նրա գործընկերները վերադարձել էին խորհրդարան, սակայն ինքը չէր մասնակցում նիստէրին։ Մենք տեղեկացանք, որ այս ընթացքում նա շնչառական համակարգի հետ կապուած մի քանի վիրահատութիւն է տարել։ «Հրապարակ»ը հետաքրքրուեց՝ այսուհետ մասնակցելո՞ւ է ԱԺ նիստէրին։

«Այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպուել շատ կարեւոր թեմայով, բնականաբար՝ մասնակցել եմ լսումներին, յաջորդ շաբաթ հերթական նիստ կայ, նաեւ մեր պահանջով հրատապ նիստ է լինելու՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապուած, որտեղ պաշտպանութեան նախարարին ենք հրաւիրելու՝ բացատրութիւն տալու, վերջին դէպքերի հետ կապուած։

Բնականաբար՝ ես էլ ներկայ կը լինեմ։ Մնացած ընթացքը եւ օրակարգերը յետոյ կերեւան»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

– Մենք տեղեկացանք, որ Ձեր պասիւութիւնը պայմանաւորուած էր նաեւ նրանով, որ վիրահատութիւն եք տարել։

– Աեօ, նման խնդիր կար, ճիշտ է, փառք Աստծու՝ հիմա ամէն ինչ նորմալ է, արդէն դուրս եմ եկել աշխատանքի։

– Իսկ փողոցային պայքարի՞ երբ եք դուրս գալու։ Հիմա շատերին հէնց դա է հետաքրքրում։

– Դա մեր օրակարգում մշտապէս կայ, շատ յստակ բազմիցս դրան անդրադարձել ենք, անկախ խորհրդարանական գործունէութիւնից, այս իշխանութեան հեռացման ճանապարհը համաժողովրդական անհնազանդութիւնն է եւ փողոցային պայքարը։ Այսինքն՝ բացառապէս խորհրդարանական գործունեութեամբ հնարաւոր չէ ազատուել այս իշխանութիւնից։ Հետեւաբար, դա մշտապէս մեր օրակարգում կայ, այսօր էլ մենք ակտիւ քննարկումների մէջ ենք, պէտք է գտնենք էն ճանապարհներն ու լուծումները, որով մեր առջեւ դրուած խնդիրները կարողանանք իրականացնել։

– Ձեր խմբակցութեան որոշ պատգամաւորների նկատմամբ գլխաւոր դատախազը քրէական հետապնդում է սկսել ու պատրաստւում է միջնորդութեամբ մտնել Ազգային ժողով։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Սա բացառապէս քաղաքական հետապնդում է։ Աեօ, յաջորդ շաբաթ դատախազը միջնորդութեամբ հանդէս է գալու, որ քրէական վարոյթի թոյլտուութիւն եւ պատգամաւորներին անձեռնմխելիութիւնից զրկելու թոյլտուութիւն ստանայ։ Անկախ նիստից՝ ակնյայտ է, որ կայ քաղաքական որոշում, եւ իրենք, բնականաբար, բաւարարելու են դա։ Մեր մօտեցումների, պահուածքի մասին մեր ֆրակցիայի ղեկավարն առաջիկայ օրերին ամբողջ ֆրակցիայի անունից հանդէս կը գայ յայտարարութեամբ։

– Հնարաւո՞ր է յաջորդ թիրախը Դուք լինեք։

– Ես մի քանի տարի է՝ իմ ամբողջ ընտանիքով էս իշխանութեան թիրախում եմ։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի, ու ակնյայտ է, որ էս ընթացքում բազմաթիւ քայլեր, գործողութիւններ փորձել են ձեռնարկել ու նաեւ՝ մեր կուսակցութեան բազմաթիւ անդամների հանդէպ։ Վերջին խայտառակ դէպքն Արարատի մարզում տեղի ունեցած ձերբակալութիւններն էին։

– Ձեր դաշինքի մասին արդէն խօսում են, որ միասնական չէ, փլուզւում է, ճաքեր է տալիս, վերջերս էլ Վահէ Յակոբեանն իր թիմով հեռացաւ դաշինքից։ Դուք սա ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ ենք ասել, որ սասանուել են դաշինքի հիմքերը։

– Այդ հարցին արդէն անդրադարձել ենք, մանրամասնելու կարիք չկայ, ֆրակցիան համալրուած է նոր պատգամաւորներով եւ ամբողջութեամբ գործում է։ Այն բոլոր քննադատութիւնները, որ ընդդիմութիւնը պէտք է լինի աւելի նախաձեռնող, աւելի ակտիւ, աւելի գործունեայ ու աւելի արդիւնաւետ, մէզ համար շատ հասկանալի է, յատկապէս մեր այն քաղաքացիների պահանջը, որոնք մէզ քուէ են տուել եւ այդ ակնկալիքն ունեն։ Էս իմաստով մենք ամբողջութեամբ ըմբռնումով ենք մօտենում յատկապէս մեր օգտին քուէարկած քաղաքացիների պահանջկոտութեանը ու պարտաւոր ենք բոլոր քայլերը ձեռնարկել՝ օր առաջ էս խնդիրը լուծելու համար։

– Իսկ Վահէ Յակոբեանի ու նրա թիմակիցների դուրս գալու որոշմանն է՞լ եք ըմբռնումով մօտենում։

– Չեմ ուզում մտնել կրկին այդ հարցերի մէջ, իրենք հանրային յայտարարութիւն են արել, մենք մեր կողմից ենք մեր դիրքորոշման հետ կապուած յայտարարութիւն արել։

– Պարզապէս մարդիկ կան, որոնք համարում են, որ այս իրավիճակում, այս գործիքակազմով ընդդիմութեան հետ ճանապարհ անցնելով՝ որեւէ լուծման չենք գայ, դրա համար հեռանում են։ Սա պատասխանատուութիւնից խուսափե՞լ է, թե՞ այդպէս մտածելու հիմքեր ունեն։

– Տեսեք, ցանկացած քաղաքական ուժ եւ անհատ ինքն է որոշում իր գործունէութիւնը, իր դիրքորոշումը եւ դրանով տալիս պարզաբանում, բացատրութիւն։ Մենք ընտրել ենք այս ճանապարհը, եւ ես վստահ եմ, որ մի օր այս ամէն ինչը յաղթահարելու ենք եւ հետ ենք նայելու ու տեսնենք՝ այս պայքարի ընթացքում ով ինչ մասնակցութիւն է ունեցել, ով ինչ ներդրում է ունեցել, ով ինչ դիրքորոշում է ունեցել, ով ինչ պահուածք է ցուցաբերել։ Ես ըմբռնումով եմ մօտենում բոլորի որոշումներին եւ դիրքորոշումներին, բայց Դաշնակցութեան պարագայում մենք այս պայքարի առաջամարտիկ ուժերից մէկն ենք, ու մեր բոլոր հնարաւոր ռեսուրսներով մեր կռիւը տալու ենք մինչեւ վերջ ու երբեք ճանապարհից հետ չենք կանգնելու։

– Ասացիք՝ ձեր ֆրակցիան համալրուել է նոր անդամներով, մարդիկ նկատում են, որ «Հայաստան» խմբակցութիւնը կարծես դարձել է աւելի դաշնակցական ֆրակցիայ, քանզի պատգամաւորների կէսից աւելին ՀՅԴ անդամ են։

– Դաշնակցութեան պատգամաւորների թիւը, աեօ, 50 տոկոսից աւելի է խմբակցութիւնում։

– Մենք յիշում ենք, որ ՀՅԴ-ն այդքան պատգամաւոր չուներ անգամ կոալիցիայով իշխանութեան եղած ժամանակ, իսկ հիմա ձեզ համար, փաստօրէն, հրաշալի պայմաններ են ստեղծուել՝ Դաշնակցութիւնը տասից աւելի մանդատով ներկայացուած է խորհրդարանում։

– Տեսեք, դժբախտութիւնն այն է, որ երկրի համար է դաժան ժամանակաշրջան։ Դաշնակցութեան ուժն էլ երբեք պայմանաւորուած չի եղել պատգամաւորների թուով։ Բայց քանի որ էսօր խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցութիւնն ենք, էդ իմաստով նաեւ մեծ պատասխանատուութիւն ունենք ընդդիմադիր դաշտի գործունէութեան համար։

Վահէ Մակարեան

Share