ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ազատութեան» հետ զրոյցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղեան հակամարտութեան գիտակ Թոմաս դը Վաալը:
Թոմաս դը Վաալի խօսքով՝ այն ինչ հիմա տեղի է ունենում Լաչինում, գէտնի վրայ շատ լուրջ գործողութիւններ են. «Վախենամ, որ 2023 թուականը լինի լարուած, ծանր։ Ես յոյս ունեմ, որ նոր հակամարտութիւն չի լինի, բայց, իհարկէ, դրա նշաններն արդէն տեղում են, քանի դեռ լուրջ բանակցութիւններ չէն ընթանում եւ քանի դեռ 2020-ի նոյեմբերեան համաձայնութիւնները չէն գործում, քանի որ չկայ Լաչինի ճանապարհով տարանցում։ Դա եռակողմ յայտարարութեան հիմնական դրոյթներից է։
Կան լուրջ մտավախութիւններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը եւ Զանգեզուրի միջանցքի հարցը աւելի շուտ որոշուելու են գէտնի վրայ եւ ոչ թէ բանակցութիւններով։ Իհարկէ, կան լուրջ փորձեր՝ Յունուարին Բրիւսելում վերականգնելու բանակցութիւնները, տեսնենք՝ ինչ կստացուի։
Բայց առայժմ իրավիճակը շատ լուրջ է»։ Հարցին՝ դա նշանակում է, որ Հայաստանը կտրուկ մերժում է ինքնիշխան միջանցք տալ, նշանակում է պատերազմն անխուսափելի՞ է, Թոմաս դը Վաալը պատասխանել է, որ այդպէս չի կարծում. «Կարծում եմ, որ եթէ հակամարտութիւն լինի, դրա մասշտաբը փոքր կը լինի՝ համեմատութեամբ այն, ինչ 2020-ին տեսանք։ Միգուցէ նաեւ այն պարզ պատճառով, որ հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են։ Իմ կարծիքով՝ նախագահ Ալիեւը հետաքրքրուած չէ նոր լայնամասշտաբ հակամարտութեամբ։ Աւելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթէ այն, ինչ չստացուի բանակցութիւններով, փորձի այսպէս ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդեօ՞ք դա կստացուի։ Հիմա, իհարկէ, Ռուսաստանում տօնական շրջան է, կարծում եմ՝ եթէ ոչ այժմ, ապա մի շաբաթից Մոսկուայի ակտիւացմանը ականատես կը լինենք, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, հարուած է ոչ միայն բանակցութիւններին, այլեւ տարածաշրջանում Մոսկուայի հեղինակութեանը»։
artsakhpress