ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խբակցութեան պատգամաւոր, անվտանգային հացերով փորձագէտ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Յեպատերազմեան ժամանակահատւածում Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանը 5 յարձակում է իրականացրել, որի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ Ադրբեջանն առաւելապէս մեծ յաջողութիւններ է ունեցել յատկապէս այն հատւածներում, որ ուղղութեամբ բարդ ենթակառուցւածքներ է ունեցել։
Օրինակ՝ Փառուխի (Արցախ) ուղղութեամբ աւելի մեծ հնարաւորութիւններ է ունեցել առաջանալու, քան Կութական, Ներքին Շորժա, Իշխանասար, Ջերմուկ, Սեւ լիճ, բայց 2 տարւայ ընթացքում բարդ լեռնային հատւածում, որտեղ տարւայ կէսը նաեւ ծանր եղանակային պայմաններ են՝ պլանաւորել եւ յարձակում է իրականացրել։
Աւելին, նշածս ուղղութիւններով, Հայաստանը ամրանալու, պաշտպանական համակարգ ստեղծելու եւ ամենակարեւորը՝ մատակարարումների մի քանի անգամ աւելի մեծ հնարաւորութիւն ունէր, քան Ադրբեջանը։
Այստեղ մեծ առումով խնդիրը միայն ադրբեջանական ԱԹՍ-ների առաւելութիւնը չի, որի մասին այդքան խօսւում է, ոչ էլ նոյնիսկ լեռնային պայմաններում գործելու հնարաւորութիւն ունեցող ադրբեջանական ստորաբաժանումները, խնդիրը Հայաստանի իշխանութեան կազմակերպւած անկազմակերպւածութեան մէջ է։
Ադրբեջանը 2 տարում լուրջ ռեսուրսներ է դրել Քարվաճառ-Քաշաթաղ հատւածում հիմնական, պահեստային ճանապարհներ կառուցելու/վերակառուցելու, զօրամասեր, ռազմական ենթակառուցւածքներ հիմնելու համար ու որքան էլ դա նպաստել է նրանց յաջողութիւններին մէկ է՝ դրանց նշածս հատւածներում, ոչ մեծ ուժերով կարելի էր ջարդել ու թոյլ չտալ առաջանալ։
Առաջնագծի տարբեր ուղղութիւններում՝ Արտանիշից մինչեւ Ներքին Հանդ, մեր զինծառայողների, առանձին ստորաբաժանումների բազմաթիւ խիզախութիւնների մասին եմ լսել ու տեսել։
Այնպէս չէ, որ մեր մարտիկները մոռացել են, թէ ինչպէս են մարտ վարում, յաղթում, խնդիրը նրանց թիկունքում պետութեան բացակայութեան մասին է։
Նորմալ իշխանութեան, պետութեան ներկայութեան պայմաններում կարելի է կազմակերպւել, աշխատել, ուժեղանալ ու յաջող պաշտպանւել»։