Փաշինեանը շնորհաւորել է Զելենսկիին, Զելենսկին էլ՝ Ալիեւին

Փաշինեանը շնորհաւորել է Զելենսկիին, Զելենսկին էլ՝ Ալիեւին

Արդէն մի քանի օր է, ինչ թեւակոխել ենք նոր՝ 2023 թուական, բայց Հայաստանի համար վերջին մի քանի տարիների մեկնարկը նոյն զգացողութիւններն են առաջացնում՝ անորոշութիւն, հասարակ քաղաքացու գլխին կախուած «դամոկլեան սուր», սեփական ապագայի վերաբերեալ յուսահատութիւն, ոչինչ փոխել չկարողանալու զգացում (վերջինով անընդհատ ներարկւում է հասարակութիւնը)։

Չէն փոխուել ոչ միայն քաղաքացու մօտ տագնապի զգացողութիւնները, այլ նաեւ այդ զգացողութիւնների հեղինակների «ճարտարապետները»՝ ՀՀ իշխանութիւնները, որոնք զուրկ են պատասխանատուութեան զգացումից, ինքնասիրութիւնից (համենան դէպս պետական պաշտօնեայի), ապաշնորհ են, շարունակում են պետութեան հեղինակութեան հետ խաղալ։

Ամիսներ առաջ ԱՄՆ-ն յայտարարեց եւ հաստատեց այն տեղեկութիւնները, որ 44-օրեայ պատերազմի ժամանակ Արցախի դէմ Ադրբեջանը օգտագործել է ՈՒկրաինայի կողմից մատակարարուած ֆոսֆորային զէնք, ինչը մի շարք կոնուենցիաներով՝ այդ թւում Ժնեւեան, արգելուած զինամթերք է համարւում։

Բայց Արցախն ու այնտեղի հայերին ի խորոց սրտի ատող Նիկոլ Փաշինեանը հերթական անգամ ցուցադրեց, որ Հայաստանի ու Արցախի դէմ անբարեացակամ տրամադրուած պետութիւնները իր համար առաւել կարեւոր են, քան սեփական դաշնակիցները՝ լաւ, թէ վատ։

Նիկոլ Փաշինեանը ամանորի առիթով շնորհաւորական ուղերձ է յղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ 

Բայց Փաշինեանի՝ Զելենսկու եւ Ուկրաինայի հանդէպ տածած սէրը մնաց անպատասխան. դեռ հակառակը՝ Զելենսկին շնորհաւորական ուղերձ յղեց Ուկրաինային անուէրապահօրէն աջակցող Ադրբեջանին եւ նրա բռնապետ Ալիեւին։

Ճիշտ են այն խօսքերը, որ «չկան յաւէրժական թշնամիներ, կան շահեր»։ Հայաստանի դէպքում, որը շրջապատուած է թշնամիներով, Ուկրաինայի հետ «թշնամութիւնը», շատ անտեղի կը լինի, բայց երբ որեւէ պետութիւն ամէն պատեհ առիթի հասկացնում է, որ «քո թշնամին իմ բարեկամն է, քո բարեկամը՝ իմ թշնամին, իսկ դու եղած-չեղած մի հաշիւ ես», առնուազն այդ պետութեան հետ չպէտք է ոչ մի բանի տանող սիրախաղի մէջ մտնել։

Առաւել եւս, երբ Հայաստանի կարեւորագոյն ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը (լաւ, թէ վատ), պատերազմում է Ուկրաինայի դէմ, իսկ Ուկրաինայի հովանաւորեալների դէմ պայքարում է բարեկամ պետութիւնը՝ Իրանը, ապա Ուկրաինային անտեղի սիրաշահելը միայն խնդիրներ եւ հերթական խոռոչներ կարող է ստեղծել առանց այդ էլ քիչ դաշնակիցների հետ յարաբերութիւններում։

Share