Այսօր Շահումեանի արծուի` Շահէն Մեղրեանի ծննդեան օրն է

Այսօր Շահումեանի արծուի` Շահէն Մեղրեանի ծննդեան օրն է

«Միայն դիլետանտներն ու պրոֆաններն են կարծում, որ Դաշնակցութիւնն ու պետութիւնը կարող են հակասել իրար։ Նրանք չէն կարող հակասել իրար, նրանք կարող են լրացնել միմեանց»…

Այսօր հայ լեգենդար զօրահրամանատար, Արցախի հերոս, պետական-ռազմական գործիչ, ՀՅԴ անդամ Շահէն Մեղրեանը կը դառնար 71 տարեկան։

Շահէն Մեղրեանը ծնուել է 1952 թ. յունուարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում: Ընտանիքի 9-րդ երախան էր, ունէր 6 եղբայր, 4 քոյր:

Գերազանց աւարտելով միջնակարգ դպրոցը` 1969թ. ընդունուել է ԵՊՀ Տնտեսագիտութեան ֆակուլտետ: 1975 թ. աւարտել է համալսարանը եւ վերադարձել Շահումեանի շրջան: Սկզբից աշխատել է որպէս տնտեսագէտ, ապա շրջանի կոմերիտմիութեան առաջին քարտուղար: 1981-1988 թթ. եղել է շրջանի պահածոների գործարանի տնօրէն, 1988-1991 թթ.` Ագրոարդիւնաբերութեան վարչութեան պետ: 1991-1992 թթ.` մինչեւ շրջանի անկումը` շրջանի գործկոմի նախագահ եւ կուսշրջկոմի առաջին քարտուղար: Կամաւորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմաւորել եւ հանդիսեցել շրջանի ինքնապաշտպանութեան փաստացի ղեկավարը։ Կապ է ունեցել Արցախեան շարժման ՀՀ եւ ԼՂՀ գործիչների հետ, հարկ եղած դէպքում բողոքի հեռագրեր ուղարկել ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին եւ ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։

Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսուել է 1988թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինուած ջոկատներ: 1990 թ. յունուարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինուորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշենի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանուած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, եւ հայերի անվտանգութեան եւ յուղարկաւորմանը մասնակցելուն խոչընդոտներ չստեղծելու ռուսների խոստումը դրժուեց: Հայ պատանդների խուզարկութեան ժամանակ Շահէնը իր մօտ գտնուող ատրճանակը տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նուէր» ասելով: Մեկ ամիս պատանդ պահելուց յետոյ հայ մարտիկների կողմից ձեռնարկուած յանդուգն գործողութիւնների արդիւնքում ադրբեջանցիները ստիպուած էին համաձայնուել պատանդների փոխանակմանը: Շահենին ձերբակալելուց յետոյ չէին փոխանակի, եթէ ճանաչեին: Իբրեւ Շահումեանի ղեկավար ադրբեջանցիները ճանաչում էին Աղաջանեան Վոլոդեային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դէմք այլեւս որեւէ ազդեցութիւն չուներ:

Շրջանի ինքնապաշտպանութեան առաջին գործողութիւնը տեղի ունեցաւ Մանաշիդ գիւղում 1990 թ. յունուարի 12-13-ին: Երբ ադրբեջանցիները փորձեցին գիւղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գիւղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տուեց այդ մարտում: Շահէնը Շահումեանի շրջանի եւ Գետաշէն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցոյ» օպերացիայից յետոյ ընկաւ Գետաշէն-Մարտունաշէնը, Շահումեանի դրութիւնը կտրուկ վատացաւ: 1991 թ. յունիսին ադրբեջանցիները ռուսների օգնութեամբ գրաւեցին շրջանի 3 գիւղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ. Շահէնն իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիայ, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրուեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը: Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախեան ազատամարտիկները կարողացան գրաւուած տարածքները ազատագրել:

1991 թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխաւորութեամբ մաքրուեց Թոդան ադրբեջանական գիւղը: Մինչեւ շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թ. յունիսի 13-ին բռնի տեղահանումից յետոյ Շահէնը կարողացաւ Հաթերք գիւղում իր շուրջը հաւաքել մի խումբ տղաներ` թուով 25 հոգի, եւ այդ տղաների հետ մտաւ թշնամու թիկունք: Այդպէս սկսուեց հայդուկային շարժումը ԼՂՀ հիւսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրուեցին Մարտակերտի մի շարք գիւղեր` Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Օպերատոր Նեւզօրովը նկարահանել է Գերանբոյի գնդի պարտութիւնը Սարսանգի ջրամբարի մօտ, ադրբեջանցիների խուճապահար փախուստը եւ ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով («Геранбойский батальон» ռեպորտաժ): Այդ յաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրուեց Գիւլիստանը, եւ գրաւուեցին դէպի շրջան տանող բոլոր բարձունքները:

Շահէն Մեղրեանն իր պարտիզանական ջոկատով փառաւոր ուղի է անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով (1992թ. օգոստոսի 28-ին Վարարակն գէտի ակունքներում գտնուող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողութեան ընթացքում ոչնչացուել է 40 ադրբեջանցի թալանչի: 1992թ. սեպտեմբերի 20-ին Գիւլիստանի գործողութիւնը. ոչնչացուել է 11 աւտօմեքենայ եւ 54 ադրբեջանցի զինեալ; 1992թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրայ ոչնչացուել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանուել է հակառակորդի 9 զինուոր; 1992թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացուել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենայ եւ մի քանի տասնեակ զինծառայողներ):

Շահէնը պատրաստւում էր ՀՀ գալուց յետոյ ազատագրել հարազատ շրջանը: Բայց աւա՜ղ, 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփուեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհուեցին՝ Շահէն Մեղրեանը, 17-ամեայ Հայկ Մեղրեանը, Արտակ Խաչատրեանը, Գրիգոր Գրիգորեանը, Պողոս Սիմոնեանը, Ռաֆիկ Բադալեանը, Արմէն Բազեանը եւ Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադեանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորեանը եւ բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելեանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զօրագնդում՝ Եռաբլուրում:

Պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, յետոյ նրանց միանում են Շահումեանում գտնուող տարբեր ջոկատների («Արաբոյ», «Տիգրան Մեծ», Պռոշեանի ջոկատ, Հոկտեմբերեանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծուեց զօրամաս, որի հրամանատար նշանակուեց Շահէն Մեղրեանը: 1993թ. յունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիւ 314 հրամանով զօրամասն անուանակոչուեց «Շահէն Մեղրեան» յատուկ նշանակութեան ջոկատ:

Յարազատ հողի ազատագրման պայքարը, Շահէն Մեղրեանը մղել է, հանդիսանալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ եւ Շահումեանի ՀՅԴ կազմակերպութեան ղեկավար գործիչ:

Share