ՀՅԴ Բյուրոյի Հայտարարությունը

Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացահայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին։

Քաղաքական հետապնդումների թիրախում են հատկապես ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնությունների ու քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արվում կոտրել հայրենիքի փրկության համար սկսված պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծված բռնաճնշումները ավելի են խորացնելու այդ ճգնաժամը։

Այսու, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում հանուն հայրենիքի և արժանապատվության պայքարի դրոշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանություններին եւ նրանց կամակատար ուժային կառույցներին հորդորում ենք մնալ օրենքի և օրինականության շրջանակներում։ Հիշեցնում ենք, հայրենիքի և ազգի ազատագրության, Հայաստանում հայ մարդու և քաղաքացու ազատ և արժանապատիվ կյանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ ՀՅԴ 130 տարվա պատմությունը։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
1 մայիսի, 2021թ.

Share