Փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան ժամանող ԵԽ պատգամաւորները կը հանդիպէն Արցախի Հանրապետութեան պատուիրակութեան հետ

Փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան ժամանող ԵԽ պատգամաւորները կը հանդիպէն Արցախի Հանրապետութեան պատուիրակութեան հետ

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ 2022 թուականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եւրոպական Խորհրդարանից պատգամաւորների փաստահաւաք առաքելութիւն է ժամանում Հայաստան։ 

«Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու եւ Արցախին պարտադրուող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպէս նաեւ՝ Արցախեան հակամարտութեան շարունակական միջազգայնացումն ապահովելու եւ առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ 2022 թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եւրոպական Խորհրդարանից պատգամաւորների փաստահաւաք առաքելութիւն է ժամանում Հայաստան»,- ասուած է հաղորդագրութեան մէջ:

Նշւում է, որ պատուիրակութեան կազմում են Եւրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամաւոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համահիմնադիր Պետէր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամաւոր Ֆաբիոյ Մասիմոյ Կաստալդոն եւ գերմանացի պատգամաւոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։

Պատուիրակութեան անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էվինեանը եւ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։

Այցի ընթացքում նախատեսուած են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հաեօց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետութեան պատուիրակութեան, ՀՀ օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան, քաղաքական ընդդիմութեան ներկայացուցիչների հետ։

Նոյեմբերի 2-ին նախատեսուած է պատուիրակութեան այցը Սիւնիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելութիւն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր եւ հանդիպում քաղաքացիական բնակչութեան հետ։

Share