Հայաստանը Կործանման Նախաշեմին. Ի՞նչ Է Տեղի Ունենում Երկրի Ներսում Եւ Շուրջը

Հայաստանը Կործանման Նախաշեմին. Ի՞նչ Է Տեղի Ունենում Երկրի Ներսում Եւ Շուրջը

Հրանդ Մելիք-Շահնազարեան

Հոկտեմբերի 6-ին Փրակայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ու ԵԽ նախագահ Շարլ Միշելը հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ, որում նշւում է, որ «Հայաստանն ու Ազրպէյճանը հաստատեցին իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991 թ. Ալմա-աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը» (1):

Սա մի ձեւակերպում է, որը բացայայտում է ազրպէյճանա-հայկական բանակցութիւնների հետագայ ողջ ընթացքը: Հայ հանրութիւնը տարակուսած է` ի՞նչ է նշանակում ճանաչել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Արցա՞խն էլ է մաս կազմում այդ ամբողջականութեանը` տարբեր հարթակներում հարցնում են հայ քաղաքացիները` կարծես չցանկանալով հաւատալ, որ անցած երեսուն տարուայ պայքարը կարող է այսպիսի անփառունակ աւարտ ունենալ: Եւ ոչ ոք կարծես չի համարձակւում խոստովանել, որ, այո՛, այս փաստաթղթով Փաշինեանն Արցախը ճանաչում է Ազրպէյճանի մաս: Բայց որպէսզի իր հասցէին ուղղուած մեղադրանքներն ու քննադատութիւնները որոշ չափով մեղմելու հնարաւորութիւն ունենայ, Հայաստանի գործող ղեկավարը երկու փոքրիկ հնարք է կիրառում.

այ) Ասում է, որ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը Հայաստանը ճանաչել է դեռեւս 1991 թ., երբ անդամակցում էր ԱՊՀ-ին:

բ) Խօսում է «Պաքուի եւ Ստեփանակերտի միջեւ քննարկումների մեքանիզմներ» ստեղծելու անհրաժեշտութեան մասին (2):

Այս երկու պնդումներն էլ, ի հարկէ, մոլորեցնող են եւ բխում են բացառապէս Ազրպէյճանի շահերից: Սակայն սեփական ընտրազանգուածի առաջ արդարանալու տեսանկիւնից լիովին աշխատող են Փաշինեանի համար, որը վստահ է, որ այդ կերպ կարող է Ազրպէյճանի «տարածքային ամբողջականութեան» ճանաչման մեղքը գցել նախկինների վրայ, իսկ Արցախի համար տալ այնպիսի խոստումներ, որոնք կը համոզեն իր ընտրազանգուածին, թէ իբր ինքն ամէն ինչ անում է, որպէսզի արցախահայութեան շահերը պաշտպանուած լինեն: Ընդ որում, պէտք է նշել, որ Ալիեւի շարունակ կրկնուող յայտարարութիւններն այն մասին, որ Ստեփանակերտի հետ Պաքուի յարաբերութիւններն Ազրպէյճանի ներքին գործն են, եւ իրենք թոյլ չեն տայ, որ որեւէ այլ երկիր փորձի միջամտել դրանց, Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնութեան համար լսելի չեն: Այս առումով, Փաշինեանն ու իր քարոզչամեքենան իսկապէս լաւ են աշխատում:

Ինչեւէ, հայկական պետութիւնների առջեւ այսօր ծառացած հիմնական մարտահրաւէրը նոյնիսկ Փրակայում ընդունուած քառակողմ յայտարարութիւնը չէ, այլ այն, թէ իրականում ի՛նչ օրակարգով է Ազրպէյճանը ներկայանում բանակցութիւնների:

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինեանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ուշագրաւ մի նիւթ հրապարակեց, որում «Հաւաստի աղբիւր» կեղծանուամբ հանդէս եկող հեղինակը, որը, ամենայն հաւանականութեամբ, հէնց ինքը` Փաշինեանն է, ներկայացրել է Հայաստանին ուղղուած Ազրպէյճանի պահանջները`

– ԼՂ պաշտպանութեան բանակի լուծարում,

– ԼՂ ճանաչում Ազրպէյճանի կազմում` առանց որեւէ, նոյնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն` 0 կարգավիճակով,

–  Միջանցք Հայաստանի տարածքով,

– սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թուականների քարտէզներով (առայժմ յայտնի չէ, թէ որոշակիօրէն ո՛ր քարտէզների մասին է խօսքը),

– Անհետ կորած ազրպէյճանցիների ճակատագրի պարզաբանում, ինչը, հնարաւոր է, ունի հետագայում Հայաստանին պատերազմական յանցագործութիւնների մէջ մեղադրելու միտում (3):

Նշուած կէտերից իւրաքանչիւրը, առանձին վերցրած, վկայում է միայն այն մասին, որ Ազրպէյճանի քաղաքականութեան նպատակը ոչ թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն է, այլ` հայկական երկու պետութիւնների ոչնչացումը կամ առնուազն Արցախի պետականութեան ոչնչացումն ու Հայաստանի նկատմամբ լիարժէք վերահսկողութիւնը: Ի՞նչ է սրան հակադրում պաշտօնական Երեւանը: Ցաւօք, ոչի՛նչ: Բառացիօրէն ոչի՛նչ:

Երկրի վարչապետը սեպտեմբերի 14-ին Աժ-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ յստակ յայտարարել է, որ «ծանր որոշումների» գնալու պատասխանատուութիւն է վերցրել իր վրայ. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդիւնքում մեզ լիքը մարդ կը քննադատի, լիքը մարդ կը հայհոյի, լիքը մարդ դաւաճան կասի, նոյնիսկ կարող այ ժողովուրդը որոշի մեզ իշխանութիւնից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կը լինենք, որ դրա արդիւնքում ՀՀ-ն 29-800 քառ. քմ տարածքով ստանայ տեւական խաղաղութիւն եւ անվտանգութիւն: Ես շատ յստակ ասում եմ` էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ յստակ ասում եմ, ստորագրելու եմ: Ու ինձ չի հետաքրքրում` ինչ կը լինի յետոյ ինձ հետ, ինձ հետաքրքրում է` ինչ կը լինի յետոյ ՀՀ-ի հետ» (4): Եւ ահա այս յայտարարութիւնից մի քանի օր անց «Հայկական ժամանակ»-ում հրապարակւում է Ազրպէյճանի պահանջների մասին վերը յիշատակուած նիւթը…

Իշխանական շրջանակներից անընդհատ լուրեր են հասնում, որ Փաշինեանն իսկապէս պատրաստւում է կատարելու թուրք-ազրպէյճանական դաշինքի պահանջները: Աւելի՛ն. իշխող խմբակի վերնախաւը կողմ է դրան եւ նոյնիսկ պահանջում է Փաշինեանից հնարաւորինս շուտ խաղաղութեան պայմանագիր ստորագրել Ազրպէյճանի հետ: Հարցը, սակայն, ձգձգւում է այն պատճառով, որ պաշտօնական Երեւանը չի կարողանում կողմնորոշուել, թէ աշխարհաքաղաքական կենտրոններից որի՛ հովանու տակ կատարի այդ քայլը` Ռուսաստանի՞, թէ՞ Արեւմուտքի: Երկրորդ խնդիրն էլ, որ ծառացել է Փաշինեանի առջեւ, այսպէս կոչուած «Խաղաղութեան» պայմանագրի ստորագրումից յետոյ իշխանութեան պահպանումն է: Այդ է պատճառը, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը փորձում է Ազրպէյճանի պահանջներից գոնէ մէկը` ՀՀ տարածքով միջանցքի տրամադրումը, անկատար թողնել: Յաջողելու պարագայում նա այդ փաստը կօգտագործի` ցոյց տալու, որ կարողացել է «միջանկեալ» լուծում ապահովել եւ կը յայտարարի, որ հասել է իր նպատակին` «խաղաղութեան դարաշրջանի» հաստատմանը:

Իրենց արդիւնաւէտութեամբ, ցաւօք, չեն առանձնանում նաեւ հայկական ընդդիմութեան լուծումները: Այս թեմաներով Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում բաւական աշխուժ քննարկումներ են ընթանում: Յատկապէս ուշագրաւ էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի` սեպտեմբերի 14-ին Հայաստանի նախկին նախագահներին, վեհափառ հայրապետին եւ ընդհանրապէս բոլոր կարող ուժերին արուած առաջարկը` հանդէս գալ միասնական ճակատով, վարչապետի պաշտօնից հեռացնել Նիկոլ Փաշինեանին եւ, միաւորելով ազգային ողջ կարողութիւնները, լուծել Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները (5): Այս կոչից յետոյ Սաղաթելեանը բաւական ծաւալուն ու դժուար աշխատանք է տարել եւ կարողացել է համոզել կաթողիկոսին, ՀՀ ու Արցախի նախկին նախագահներին նստել մէկ սեղանի շուրջ ու ելքեր փնտռել: Այդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում: Սակայն, ցաւօք, մինչ այս պահը հանդիպման մասնակիցները որեւէ արդիւնքի չեն հասել եւ որեւէ առաջարկով հանդէս չեն եկել: Աւելի՛ն.  պարզ դարձաւ, որ ստեղծուած իրավիճակում Լեւոն Տէր Պետրոսեանի առաջարկը Փաշինեանին աջակցելն ու նոր անձնատուութիւն ստորագրելն է (6): Մինչդեռ Հայաստանն արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին բաւական մեծ ներուժ ունի: Հարցն այդ ներուժը կազմակերպելն ու երկրի անվտանգային խնդիրներին ծառայեցնելն է: Սակայն սա մի ճանապարհ է, որով իշխանութիւնները չեն ցանկանում գնալ, իսկ ընդդիմութիւնը դեռեւս չի կարող:

Մէկ այլ կարեւոր խնդիր է Հայաստանի արտաքին միջավայրը: Ինչպէս յայտնի է, 2013 թ. սկիզբ առած ռուս-ուքրանիական ճգնաժամը խափանել է մեր տարածաշրջանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի` նախկինում բաւական կայուն հիմքերի վրայ դրուած համագործակցութիւնը: Ըստ էութեան, արդէն 2014 թ. առաջին ամիսներից աշխարհաքաղաքական այդ երկու կենտրոնները դադարել են Հարաւային Կովկասում հակամարտութիւնների զսպման մեքանիզմների գործադրման հարցում իրենց կարեւոր բաժինը կատարելուց: 2014 թուականից ընդհուպ մինչեւ 2020 թ. 44-օրեայ պատերազմը այդ գործառոյթը կատարել են բացառապէս հայկական զինուած ուժերը: 2020 թ. վերջից փոխուել է ոչ միայն այդ իրողութիւնը, այլեւ` ընդհանրապէս մեր տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքականութիւնը: Փոխուել են նաեւ` ուժերի յարաբերակցութիւնը, հակամարտութիւնների զսպման մեքանիզմները, տարածաշրջանային պետութիւնների ձգտումներն ու ախորժակները, հարեւան տէրութիւնների շահերն ու հնարաւորութիւնները: Այդ փոփոխութիւններն էլ աւելի ակնյայտ դարձան սոյն թուականի փետրուարի վերջին Ռուսաստանի` Ուքրանիայում ռազմածան յատուկ գործողութիւն սկսելու պատճառով:

Հիմա արդէն պարզ է, եւ ռուսական դիւանագիտական ու փորձագիտական շրջանակները այլեւս չեն էլ փորձում թաքցնել, որ Հարաւային Կովկասում, ի դէմս Թուրքիայի, ի յայտ է եկել նոր մեծ եւ ուժեղ դերակատար: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պարտաւոր է անվտանգային նոր հայեցակարգ մշակել ու ստեղծուած իրողութիւններին համարժէք քաղաքականութիւն վարել:

Ռուս-ուքրանիական պատերազմը հնարաւորինս լաւ բացայայտում է նոր իրողութիւնների տրամաբանութիւնը: Այսպէս, սոյն թուականի մարտի վերջին, երբ պարզ դարձաւ, որ Ռուսաստանը չի կարող արագ լուծել Ուքրանիայում իր առջեւ դրուած ռազմական խնդիրները, Ազրպէյճանի զինուած ուժերն Արցախում ներխուժեցին ռուս խաղաղապահների պատասխանատուութեան գօտի եւ գրաւեցին Փարուխ գիւղն ու Քարագլուխ ռազմավարական բարձունքը: Իսկ սեպտեմբերի կէսերին, երբ ռուսական բանակը մի շարք պարտութիւններ կրեց Խարկովի ուղղութեամբ, Ազրպէյճանը յարձակուեց Հայաստանի արեւելեան սահմանների վրայ եւ քիչ էր մնում` գրաւէր Ջերմուկ քաղաքը: Ակնյայտ է, որ թուրք-ազրպէյճանական դաշինքն իր գործողութիւնները դիտարկում է աշխարհաքաղաքական վերափոխումների լոյսի ներքոյ եւ ներդաշնակեցնում իր քայլերն այն իրողութիւնների հետ, որոնք ձեւաւորւում են յարակից տարածաշրջաններում: Սա ընդհանուր նշանակութեան մի գործընթաց է, որի պատճառով, ըստ տարածուած կարծիքի, ձեւաւորուելու է նոր աշխարհակարգ: Պարզ է, որ վերջին տարիներին տնտեսական եւ քաղաքական մեծ հնարաւորութիւններ ձեռք բերած Թուրքիան ամէն ինչ անելու է աշխարհաքաղաքական այդ մրցավազքում առաւելագոյն արդիւնքների հասնելու համար: Այդ է պատճառը, որ Ռուսաստանի իւրաքանչիւր ձախողում թուրք-ազրպէյճանական դաշինքին մեր տարածաշրջանում է՛լ աւելի ուժեղանալու, նոր դիրքեր գրաւելու եւ սեփական հնարաւորութիւններն աւելացնելու առիթ է տալիս:

Պաշտօնական Երեւանը սա կարծես չի նկատում: Արցախի եւ ընդհանրապէս մեր տարածաշրջանի խնդիրները Փաշինեանի կառավարութիւնը դիտարկում է բացառապէս հայ-ազրպէյճանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների տիրոյթում` յընթացս փորձելով իր համար լուծումներ գտնել մէ՛կ Մոսկուայում, մէ՛կ Պրիւքսելում եւ մէ՛կ Ուաշինքթընում: ՀՀ իշխանութիւններն այդպէս էլ չհասկացան, որ եկել է ընտրութիւն կատարելու ժամանակը: Ազրպէյճանը, օրինակ, այդ ընտրութիւնն արդէն կատարել է. Ալիեւն իր երկրի ապագան տեսնում է փոփոխուող այս աշխարհում Թուրքիայի կողմից ձեւաւորուող նոր աշխարհաքաղաքական բեւեռում: Այդ է պատճառը, որ Ալիեւը չի խորշում ժամանակ առ ժամանակ դէմ գնալ Ռուսաստանի տարածաշրջանային շահերին եւ նոյնիսկ հակամարտութեան մէջ մտնել Քրեմլինի հետ: Հայաստանում նման որոշում չկայ: Փաշինեանը կարող է գնալ եւ «համբուրել» Փութինի ձեռքերը, իսկ յաջորդ պահին լուրջ հարուած հասցնել նոյն Ռուսաստանին: Նոյն կերպ է Փաշինեանն աշխատում նաեւ Իրանի հետ, որը, ի դէպ, վերջին մէկ տարուայ ընթացքում սկսել է հանդէս գալ որպէս Հայաստանի ֆիզիքական անվտանգութեան ապահովման բաւական ազդեցիկ դերակատար:

Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական պայքարում լուրջ դերակատարում է ստանձնել նաեւ Արեւմուտքը, որի հիմնական խնդիրը Հարաւային Կովկասից Ռուսաստանի դուրսմղումն է: Փաշինեանի կառավարութիւնն անմասն չէ նաեւ այս զարգացումներից: Յամենայն դէպս ակնյայտ է, որ վերջին ամիսներին հայկական կողմն աւելի աշխուժ համագործակցում է հէնց Պրիւքսելի, Փարիզի եւ Ուաշինկթընի հետ: Ընդ որում, կարեւոր է նշել, որ այդ համագործակցութիւնն ընթանում է հէնց Արեւմուտքի քաղաքական օրակարգերի շրջանակներում: Հայկական շահն այստեղ նոյնպէս ի սպառ բացակայում է: Ամէն դէպքում արդէն փաստ է, որ Ազրպէյճանի «տարածքային ամբողջականութիւնը» Հայաստանը ճանաչել է Փրակայում կայացած «եւրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման ժամանակ` Ֆրանսայի եւ ԵԽ նախագահների անմիջական մասնակցութեամբ տեղի ունեցած Ալիեւ-Փաշինեան հանդիպմանն ի հետեւանք:

Ի հարկէ վերոնշեալ փաստերը չեն նշանակում, թէ հայ-ազրպէյճանական հակամարտութեան կարգաւորման ռուսական առաջարկները, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արդէն փոխանցուել են Հայաստանին ու Ազրպէյճանին, աւելի լաւն են, քան` Արեւմուտքինը: Դա այդպէս չէ: Բայց այստեղ կարեւորն այն է, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը զբաղուած է ոչ թէ հայամէտ, այլ իր համար նուազագոյնս ցաւոտ լուծումների որոնումով: Մինչդեռ, ինչպէս արդէն նշուեց, Հայաստանն ունի մարտահրաւէրներին դիմագրաւելու ներքին եւ արտաքին լուծումներ: Օրինակ` պաշտօնական Երեւանը կարող է եւ պարտաւոր է կրկին քաղաքական օրակարգ վերադարձնել ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը կամ նուազագոյնը զբաղուել սեփական զինուած ուժերի վերականգնման եւ վերակազմակերպման խիստ անհրաժեշտ գործով: Ինչո՞ւ այս ամէնը չի արւում: Կարծում եմ` պատասխանն ակնյայտ է. Փաշինեանին ու իր խմբակիցներին հետաքրքրում է բացառապէս սեփական իշխանութիւնը:

Ստեղծուած իրավիճակից ելքերի մասին արդէն բաւական շատ է խօսուել: Առաջին քայլը, անկասկած, դաւաճան իշխանութիւնների հեռացումն է: Սակայն մենք տեսնում ենք, որ չափազանց ակնյայտ այս քայլը, տարբեր, կարծում եմ` հիմնականում արտաքին գործօններով պայմանաւորուած, յետաձգւում է: Ցաւօք, հայ քաղաքական վերնախաւերը մինչ այս պահը բացարձակ անկարողութիւն եւ թուլութիւն են հանդէս բերել: Շատ ուղիղ եմ ուզում ասել` ես չեմ կարող եւ չեմ ուզում հաւատալ, որ կաթողիկոսի, նախագահների, մտաւորականների այսչափ հանդիպումներից ոչ մի առաջարկ, բացի Լեւոն Տէր Պետրոսեանի անձնատուութիւն օրակարգից, չի ծնւում: Չի կարող նման բան լինել: Սա աներեւակայելի փաստ է: Եւ որքան ուշանում է այդ առաջարկը, այնքան Հայաստանի վիճակն աւելի օրհասական է դառնում:

—————–

Յղումներ

(1).- Վարչապետ Փաշինեանի, նախագահ Ալիեւի, նախագահ Մակրոնի եւ նախագահ Միշելի` 2022 թուականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման յայտարարութիւնը, 06.10.2022, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/ (մուտք` 08.10.2022):

(2).- Երեւանը յայտարարում է Ստեփանակերտի եւ Պաքուի միջեւ քննարկումների մեքանիզմների մասին, 03.10.2022, https://www.azatutyun.am/a/32062951.html (մուտք` 04.10.2022):

(3).- Ի գիտութիւն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրութեան. ի՞նչ է ուզում Ազրպէյճանը, 03.10.2022, https://armtimes.com/hy/article/245285 (մուտք` 04.10.2022):

(4).- Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդիւնքում լիքը մարդ դաւաճան կասի. չի հետաքրքրում` ինչ կը լինի ինձ հետ. Փաշինեան, 14.09.2022, https://lurer.com/?p=481372&l=am (մուտք` 15.09.2022):

(5).- Վիճակն օրհասական է, մէկ սեղանի շուրջ պէտք է հաւաքուեն ՀՀ նախկին նախագահները, պաշտպանութեան նախարարները, կաթողիկոսը. Իշխան Սաղաթելեան, 13.09.2022, https://www.tert.am/am/news/2022/09/13/saghatelyan/3839144 (մուտք` 15.09.2022):

(6).- Եկել է հազարապատիկ լրջանալու պահը: Հարցազրոյց Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ, 26.09.2022, Հանրային հեռուստաընկերութիւն, Լուրեր, https://youtu.be/kTeWytVBdVI (մուտք` 27.09.2022):

«ԴՐՕՇԱԿ» թիւ 10, 2022

Share