«Դրօշակի» ընթերցողը համացանցի վրայ արդէն կարող է ընթերցել պարբերականի հոկտեմբերեան համարը։ Հետեւելով գլխաւոր իրադարձութիւնների ընթացքին պաշտօնաթերթի հերթական համարը հիմնականում նուիրուած է Հայ-Ադրբեջանական, հայ-թուրքական փոխյարաբերութիւններին եւ դրանց շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Սոյն թուականի հոկտեմբերին Պրահայում եւ Աստանայում տեղի ունեցած բանակցութիւնների եւ դրանց հետեւանքների թեման է քննւում հոկտեմբերեան համարի Առաջնորդողում, ինչպէս եւ քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի վերլուծական յօդուածում։
Կարծում ենք ընթերցողների ու քաղաքական, քաղաքագիտական շրջանակների մօտ հետաքրքրութիւն կառաջացնի թարգմանաբար ներկայացուող իրանական ԻՌՆԱ գործակալութեան հարցազրոյցը միջազգային իրաւունքի եւ եւրասիական հարցերի փորձագէտ Ահմադ Քազեմիի հետ։ Հարցազրոյցի բնոյթի մասին պատկերացում է փոխանցում վերջինիս խորագիրը «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը․ ՆԱՏՕ-ի եւ միջազգային սիոնիզմի դաւադրութիւնն ընդդէմ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի»։
Իրանագէտ Լիանայ Պետրոսեանը «Դրօշակ»ի ընթեցողին է ներկայացնում 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դէմ ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերեալ միջազգային հանրութեան արձագանքը։
«Դրօշակ»ի այս համարում հրապարակուած է պատմաբան Արարատ Յակոբեանի՝ մեր տագնապալի օրերի հետ աղերսուող «Դրուագներ Արցախ-Սիւնիքի ազատագրական պայքարի պատմութիւնից (1722-1730 թթ.) (պայքարի սկզբնաւորման 300-ամեակի առթիւ)» յօդուածի երկրորդ եւ վերջին մասը։
Նշէնք, որ «Դրօշակ»ի հերթական համարը աչքի է ընկնում նիւթերի ու թեմաների բազմազանութեամբ: