Նիկոլ Փաշինեանին 4 տարուայ ընթացքում յաջողուեց հաղթող ազգին դարձնել պարտուած ու վախեցած ժողովուրդ։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:
«Հպարտ» եւ «ինքնիշխան» 2018-ին սրանք ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանութիւն» եւ «հպարտ» բառերը։ Ասում էին՝ մենք Հայաստանը վերջապէս դարձնելու ենք ինքնիշխան, իսկ ՀՀ քաղաքացուն՝ հպարտ։
Ինքնիշխանութեան ապահովման տակ նկատի ունէին հակառուսական քաղաքականութիւնը (Բոլթոնն ասել էր, որ պէտք է ազատուել պատմական կարծրատիպերից), հպարտի տակ՝ Նիկոլին երկրպագելը։
Նիկոլ Փաշինեանին 4 տարուայ ընթացքում յաջողուեց յաղթող ազգին դարձնել պարտուած ու վախեցած ժողովուրդ։ Այլ կերպ ասած՝ «հպարտ»։
Ինչ վերաբերում է ինքնիշխանութեանը, ապա օրուայ իշխանութիւնը ՀՀ–ի համար ինքնիշխանութիւն, խաղաղութիւն, տարածքային ամբողջականութիւն է մուրում Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, ՄԱԿ-ից, ԵՄ դիտորդներից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից, Փելոսիից, Մակրոնի կնոջից ․․․
Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հիւպատոսը հանգստացնում է կապանցիներին եւ ասում, որ Իրանը կը պաշտպանի սիւնեցիներին։ Ինքնիշխանիստները հպարտօրէն լսում են Իրանի հիւպատոսին ու արտգործնախարարին, մինչդեռ եթէ ամօթ ունենային, ապա գետինը պէտք է մտնէին։
Լաւ է, իհարկէ, որ Իրանը Սիւնիքը պաշտպանում է ու Ադրբեջանին առայժմ յետ պահում ոտնձգութիւններից, բայց վատ է, որ էս օրին հասանք։ Եւ այս ամէնը «հպարտ» քաղաքացիների աղաղակների ու «ինքնիշխան» յեղափոխականների ստերի ուղեկցութեամբ։
Եթէ այսպէս շարունակուի, ապա մի օր էլ Իջեւանում Վրաստանը կարող է հիւպատոսութիւն բացել ու յայտարարել, որ թոյլ չի տալու սահմանների վերաձեւում, եւ որ տաւուշցիները թող հանգիստ զգան իրենց, քանզի Վրաստանն այստեղ է։ «Հպարտութիւնն» ու «ինքնիշխանութիւն» հէնց այսպէս է լինում»,- գրել է նա։