Արթուր Խաչատրեանը համոզուած է՝ Թուրքիայի հետ սիրախաղից յետոյ 150 հազար դոլարի դիմաց ՀՀ քաղաքացիութիւն ստանալու նախագիծը պատահական չի «ծլել»: Կառավարութիւնը մի օրէնքի նախագիծ է դրել շրջանառութեան մէջ, որի համաձայն, Հայաստանի տնտեսութեան մէջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիութիւն ստանալ։ Այս նախագծի հետ կապուած խիստ հակասական կարծիքներ են շրջանառւում: Որոշ տնտեսագէտներ վստահեցնում են, որ սա ՀՀ բնակչութիւնը կաւելացնի, տնտեսական օգուտ կը բերի, բայց նաեւ մտահոգութիւններ են հնչում, որ սա Հայաստանը «թրքացման տանող» ամենակարճ ճանապարհն է:
Այս առնչութեամբ «Առաւոտի» հետ զրոյցում ՀՅԴ Նդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը հարցին՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում այս նախագծի հետ կապուած՝ պատասխանեց. «Այս իշխանութիւնները գնացել են թուրքերի հետ մերձեցման, սիրախաղի՛ են գնացել, այնպէս որ, Հայաստանի թրքացման վտանգը կար նաեւ առանց այս օրէնքի նախագծի: Չեմ բացառում, որ նախագիծն ընդունելուց յետոյ որոշ թուրքեր կարող են գալ եւ այստեղ քաղաքացիութիւն ձեռք բերէն, բայց որ դա լինի շատ մեծ քանակի՝ մի քիչ կասկածում եմ: Բայցեւայնպէս, որ երկիրը սարքում են «проходной двор»` դա ակնյայտ է: Իսկ այս «проходной двор»-ում պարզ է, որ աւելի շատ այդ տիպի ազգեր՝ պակիստանցիներ, թուրքեր, ադրբեջանցիներ կը գան ու թող յոյս չունենան, թէ շուեյցարացին, գերմանացին, կանադացին կը գան, որ երկրորդ հայկական անձնագիր ունենան:
Հայկական անձնագրի համար դիմող այլազգին այստեղ հաստատ ինչ-որ հետին միտք է ունենալու՝ նաեւ հայկական անձնագրով ճամփորդելու, բիզնես բացելու: Բիզնես բացելու համար եթէ շուեյցարացին կամ Քաթարից որեւէ լուրջ ներդրող գար, իրեն դա որեւէ խոչընդոտ չէր հանդիսանայ: Եթէ իրենք պէտք է գնան այս ճանապարհով, նախ գումարը անտրամաբանական փոքր է, երբ նայում ես այլ երկրների ցանկը, թէ ինչքան են դրա համար վերցնում: Նաեւ այդ գործընթացը պէտք է լինի շատ խիստ: Կարծում եմ, որ կարող է գան, օրինակ, գիւղատնտեսական նշանակութեան հող առնէն: Ցաւօք սրտի, մենք հիմա տեսնում ենք ինչքան անմշակ հողեր կան, եթէ դրանք մշակուեին, ես միայն ուրախ կը լինէի, բայց հողը ցանկապատ են քաշել ու ոչ մի բան չէն արել: Ռիսկերը շատ-շատ են, դրական ազդեցութիւն ես չեմ տեսնում ու ռեալ չեմ համարում»:
Արթուր Խաչատրեանի խօսքով՝ քանի որ այս իշխանութիւնները ունակ չէն ռիսկերը կառավարել, լաւ կանէն այս օրէնքի նախագծից «վազն անցնեն»:
Պատգամաւորի համար կասկածելի է այս օրերին նման նախագիծ բերելը. «Ժամկէտն է հարցը, ի՞նչն է իրենց վառւում, որ որոշեցին այս օրէնքը անցկացնել: Ժամկէտայնութիւնը շատ կարեւոր է, գնում են թուրքական սիրախաղերի, սահմանների բացման, այսինքն, Հայաստանի՝ թուրքական կցորդ դառնալու քաղաքականութեանը եւ յանկարծ այս օրէնքի նախագիծն է ծլում: Այսինքն, փաթեթով երբ նայենք, այս նախագծի ռիսկը շատ աւելի մեծ է, քան առանձին որպէս օրէնք: Իրենց վարած քաղաքականութեան տրամաբանութեամբ որ նայեք, շատ ռիսկային օրէնք է»:
Հարցին՝ 150 հազար դոլարը ասացիք քիչ է, ո՞ր երկրների հետ եք համեմատում՝ Արթուր Խաչատրեանը պատասխանեց. «Կան Եւրամիութեան երկրները, օրինակ՝ Աւստրիան, Մալթան, Մոնտենեգրոն, Հիւսիսային Մակեդոնիան, Թուրքիան: Օրինակ, Մալթայի պարագայում, որպէսզի ստանաս ներդրման պայմանով քաղաքացիութիւն, պահանջւում է 600 հազարից 750 հազար եւրոյ: Այդ այսօր է, որ եւրոն դոլարից էժան է, բայց վերջին 22 տարուայ ընթացքում շատ կարճ ժամանակ է դոլարից ներքեւ լինում: 150 հազար կարող է լինել Անտիգուայ եւ Բարբուդան, կամ Դոմինիկեան Հանրապետութիւնը, Յորդանանը, օրինակ, 750 հազար է վերցնում, Հիւսիսային Մակեդոնիան՝ 250 հազար եւրոյ: Թուրքիան ուզում է առնուազն 400 հազար, որպէսզի անշարժ գոյք առնէն եւ կէս մլն, որպէսզի կապիտալի ներդրում անէն»:
Նշէնք, որ ՀՀ կառավարութեան կողմից շրջանառուող նախագծի համաձայն, ՀՀ քաղաքացիութիւն կարող են ստանալ այն օտարերկրեայ քաղաքացիները, որոնք կրթութեան կամ գիտութեան բնագաւառում գործունէութիւն իրականացնելու համար ստեղծուած հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրէն առնուազն 150 հազար դոլար, առեւտրային կազմակերպութեան կանոնադրական կապիտալի մէջ կը ներդնէն առնուազն 150 հազար դոլար՝ առնուազն 10 տարի ժամկէտով, ձեռք կը բերէն պետական պարտատոմսեր առնուազն 150 հազար դոլարի չափով՝ առնուազն 7 տարի ժամկէտով, ձեռք կը բերէն անշարժ գոյք՝ առնուազն 150 հազար դոլարի չափով՝ նուազագոյնը 10 տարի ժամկէտով, անշարժ գոյքի շուկայական արժէքին մօտարկուած կադաստրային արժէքով:
Հռիփսիմէ ՋԵԲԵՋՅԱՆ