Հոկտեմբերի 28-ից 31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Հայ Առաքելական եկեղեցին (ներառեալ Կիլիկիոյ կաթողիկոսարանը) արդէն յայտարարել է, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը եւս չի պատրաստւում մասնակցել։ Այս եւ այլ թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ։
«Մենք չենք մասնակցելու: Առհասարակ կեղծ եւ ապազգային օրակարգերին մասնակցութիւնը մերը չի: Անցնող չորս տարիների ընթացքում, ինչ ստեղծուել է յանձնակատարի գրասենայկը, որեւէ երեւելի, աչքի ընկնող գործ չեմ նկատել: Կառաւարութեան կառուցուածքից Սփիւռի նախարարութեան կրճատումն իսկ խօսում էր Սփիւռքի նկատմամբ այս իշխանութիւնների վերաբերմունքի մասին: Այս ամէնը տեղաւորւում է ամէն բան մերժելու, ներազգային համախմբումը պառակտելու իշխանութիւնների որգեգրած քաղաքականութեան համատեքստում: Իսկ յանձնակատարը զբաղուած է նախորդի գործունէութիւնը մերժելով, Սփիւռքի աւանդական կառոյցների դերակատարութիւնը նսեմացնելու փորձերով, վերամբարձ խոստումներ տալով, եւ ոչինչ չանելով: Յենց սա էր պատճառը, որ սփիւռքեան մի քանի համայնքներում, մեղմ ասած չողջունուեց յանձնակատարի այցը:
Հարցին, թէ արդյօք անհատ դաշնակցականներ ստացել են հրաւէր, պատգամաւորը նշեց, որ հրաւիրեալների ցանկից տեղեակ չէ, եւ ինքը փոխանւում է կուսակցութեան հաւաքական վերաբերմունքը:
«Մենք այս իշխանութիւններին յստակ գնահատական ենք տուել. ապազգային իշխանութիւններ, որոնք հեռու են ազգային պետական շահերի գիտակցումից, աւելին՝ սրանց վարած հայրենազրկումի եւ ուրացումի քաղաքականութեան արդիւնքում ողջ հայութիւնն ու Սփիւռքը աներեւկայելի տագնապներեւ մարտահրաւէրներ են ապրում, ընդհուպ՝ պետականութեան կորստի սպառնալիք: Անկախութեան երեսուն տարիներին Սփիւռքը երբեք այսքան օտարուած չի եղել Հայրենիքից: Մեր նուիրական երազներից ու ձեռքբերումներից հրաժարուածների հետ մենք գնալու ճանապարհ չունենք: Դաշնակցութիւնը՝ իր բոլոր կառոյցներով` նկատի ունեմ քոյր կառոյցները, մերժել են մասնակցութիւնը։ Օրերս այդ կառոյցի հետ աշխատելու մերժում հնչեցրին երկու կաթողիկոսները։ Նրանք մերժել են մասնակցութիւնը, որովհետեւ սա ապազգային, ազգային ջլատման, քայքայման քաղաքականութիւն վարող օղակներից մէկն է, եւ մասնակցութիւնը նշանակում է մաս դառնալ պառակտմանն ու ուրացմանը։ Կգտնուեն մարդիկ, որոնք կը գան սնափառութիւնից ելնելով, մարդիկ, ում կշոյի Հայաստան գալը, մարդիկ, ովքեր Սփիւռքում այդքան խորը իմացութիւն չունեն՝ Հայաստանի իրական մարտահրաւէրներից, կամ ապատեղեկատուութեան տիրոյթում են: Սա հերթական անպտուղ, ոչինչ չասող, ոչ մի տեղ չտանող ծրագիր է։ Ես անհատներին չեմ թերագնահատում, բայց սա Սփիւռքի հետ ճիշտ աշխատելու ձեռագիր չէ»։
Երկու վեհափառների կողմից այս ժողովի մասնակցութեան մերժումն, արդէն իսկ մեծագոյն ապտակ է: Սա հայ իրականութեան մէջ պատմականօրէն ահռելի վաստակ ունեցող ազգային կառոյցի վերաբերմունքն է: Այսքանով արդէն գնահատականը տրուած է, ամէն ինչ ասուած։
Անդրադառնալով Սփիւռքի վերաբերեալ թուրքական տեսակէտներին (երբ, օրինակ, յայտարարում են, որ Սփիւռքը խանգարում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը), եւ այս պայմաններում այստեղ գագաթնաժողով անել առանց Սփիւռքի կարեւոր գործոն հանդիսացողների, պատգամաւորը նշեց․
«Հակառակորդի ցանկութիւններն այդպէս հեշտ չէն կատարւում։ Խնդիրը նա է, որ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանութիւնների ցանկութիւններն են շատ տարօրինակօրէն սինխրոն։ Վտանգաւորը դա է։ Բազմաթիւ առիթներ ենք ունեցել ապացուցելու եւ գնահատականներ տալու ՀՀ իշխանութիւններն։ Սփիւռքը ջլատելն ամենամեծ թշնամանքն ու հարուածն է համահայկական ներուժին։ Աւելի մեծ ռեսուրս՝ քան համահայակականութեան միասնութիւնն է՝ չունենք։ Աւաղ, իշխանութիւններն այլ վերաբերմունք ունեն: Յիշեք դաշնակացական գործիչներին Հայաստան մուտքի արտօնութիւնից զրկելը:
Մեր իրական, հաւաքական խնդիրն այլ է՝համազգային օրակարգերի շուրջ վերականգնել Հայաստան-Արցած-Սփիւռք եռամիասնութիւնը: Ամէն բան անելու ենք, որ յաջողենք: Սա է մեր ուժականութեան եւ վերընձիւղուելու աղբիւրը»,- ասաց Լիլիթ Գալստեանը։