Արցախում ու Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների վերաբերեալ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ.
-Վերջերս ՀՀ մեկնեց ԱՀ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը եւ հանդիպումներ ունեցաւ ՀՀ իշխանութիւնների ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկութիւնների՝ Դուք եւս մասնակից եք եղել այս նախաձեռնութեան իրականացմանը: Արդեօ՞ք արդիւնաւետ եք համարում տեղի ունեցած հանդիպումները եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները:
-Նախ ուզում եմ արձանագրել, որ հետպատերազմեան շրջանում ՀՀ եւ ԱՀ քաղաքական իշխանութիւնների մակարդակով կարելի է ասել՝ սա առաջին պաշտօնական թիմային հանդիպումն էր: Մենք, իհարկէ, հետպատերազմեան շրջանում տարբեր հանդիպումների ենք ականատես եղել, բայց հիմնական հանդիպումները եւ քննարկումները տեղի էին ունենում ՀՀ վարչապետի եւ ԱՀ նախագահի մակարդակով: Մենք տարբեր ամբիոններից հնչեցրել ենք, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական թելերը կտրուել են, եւ այստեղ մեղքի հիմնական բաժինը տեսնում ենք ՀՀ իշխանութիւնների մօտ: Ադրբեջանի կողմից վարուող քաղաքականութեան հետեւանքով ուղղակի եւ անուղղակի ճնշումներ են գործադրւում ՀՀ վրայ, եւ ՀՀ իշխանութիւնները ոչ միայն իրենց այցելութիւններն են սահմանափակել դէպի Արցախ, այլ նաեւ համատեղ համապատասխան քննարկումները: Մինչեւ 2018 թուականը համահայկական կարեւոր օրակարգային հարցերի շուրջ համատեղ քննարկումները եւ որոշումների կայացումը դարձել էր քաղաքական աւանդոյթ:
Պետք է արձանագրել, որ շատ կարեւոր էր այս պատուիրակութեան այցը, եւ եթէ դիտարկէնք այդ տեսանկիւնից, այն ողջունելի է, բայց կայ նաեւ նախապատմութիւն: Այս տարուայ ապրիլի 14-ին հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը՝ ԱՀ Ազգային ժողովը հանդէս եկաւ յայտարարութեամբ: Այդ օրերից մենք անընդհատ պահանջում էինք նախագահ Արայիկ Յարութիւնեանից, որ պէտք է յստակ ճշգրտել ՀՀ իշխանութիւնների տեսակէտներն ու դիրքորոշումները. մէզ չէր բաւարարարում ՀՀ վարչապետ-ԱՀ նախագահ մակարդակի երկխօսութիւնը, երբեմն նաեւ ԱՀ նախագահի՝ ՀՀ անվտանգութեան խորհրդի նիստէրին մասնակցութիւնը, տարբեր առիթներով ՀՀ արտաքին գործերի նախարարի, անվտանգութեան խորհրդի քարտուղարի, Ազգային ժողովի նախագահի մակարդակով հնչեցրած տեսակէտները, որովհետեւ անհրաժեշտ էր դէմ առ դէմ ճշգրտել եւ ունենալ յստակութիւն: Եւ մենք ակնկալում էինք փակ հանդիպում երկու քաղաքական սուբյեկտների՝ ԱՀ եւ ՀՀ քաղաքական պատասխանատուների միջեւ:
Անհասկանալիօրէն միշտ ձգձգւում, յետաձգւում կամ անկարելի էր դառնում այդ ձեւաչափով հանդիպումը: Ես հակուած եմ այն տեսակէտին, որ այստեղ մեղքի հիմնական բաժինը ՀՀ վարչապետինն է, որ նա խուսափում էր եւ չէր նախաձեռնում նման հանդիպումներ: Մինչեւ անգամ մենք յղում էինք անում 1993թ. յունիսի 12-ին ՀՀ իշխանութիւնների, մասնաւորապէս Լեւոն Տեր-Պետորսեանի գլխաւորած թիմի եւ Արցախի քաղաքական իշխանութեան հանդիպումը Գորիսում:
Իհարկէ, սեպտեմբերին Ջերմուկում եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների վրայ Ադրբեջանի ագրեսիայից յետոյ Արցախի խորհրդարանականների այցը Հայաստան արժանացաւ ընդունելութեան Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի կողմից, բայց սա բաւարար չէր: Մեզ համար այդպէս էլ յստակ չեղաւ, թէ որն է ՀՀ իշխանութիւնների տեսակէտը Արցախի հարցով: Արցախում ձեւաւորուած տեսակէտ կայ, որն արտայայտուել է ապրիլի 14-ի ԱՀ ԱԺ եւ հոկտեմբերի 3-ի Արցախի անվտանգութեան խորհրդի ընդլայնուած նիստի յայտարարութեամբ: Հիմնական տեսակէտը հետեւեալն է՝ մէզ համար անընդունելի է ՀՀ իշխանութիւնների կողմից որեւէ փաստաթղթի ստորագրում, որով կասկածի տակ կդրուի ԱՀ գոյութեան փաստը կամ մեր ինքնորոշման իրաւունքը: Մեր տեսակէտը մենք արձանագրել ենք: Դեռեւս հարցական է, թէ ինչ տեսակէտ ունեն ՀՀ իշխանութիւնները: Յենց այս նկատառումներից ելնելով՝ մենք քաղաքական պատուէր ենք տուել Արցախի իշխանութիւններին, Արցախի նախագահին՝ պատուիրակութեամբ մեկնելու Երեւան:
Աեօ՛, մամուլում հնչում են տեսակէտներ, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հաւաքի ճնշումների տակ է մեկնել նշուած պատուիրակութիւնը: Թող այդպէս էլ հնչի, մենք դէմ չենք: Աեօ՛, Արցախում կայ ձեւաւորուած բացասական վերաբերմունք եւ մթնոլորտ ՀՀ իշխանութիւնների նկատմամբ: Մենք յստակօրէն ակնակալում էինք, որ Արցախի նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը հրապարակայնօրէն կփոխանցեր մեր ժողովրդի պահանջը, ձեւաւորուած տեսակէտը, որով նաեւ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման կամ գոնէ որոշակի ճշգրտման ճանապարհ ցոյց կտար: Անցած օրերին մենք չտեսանք նախագահի կողմից հրապարակային ներկայացուած տեսակէտ: Արցախի ժողովուրդն իր իշխանութիւններից սպասում է յստակ դիրքորոշումներ եւ վճռական քայլեր: Ցաւօք սրտի, պատուիրակութեան վերադարձից յետոյ չէն տրուել այս հարցերի պատասխանները:
Մենք ակնկալում ենք, որ Արցախի նախագահն առաջիկայում իր հարցազրոյցի ժամանակ բաց ու անկեղծ կը խօսի այդ ամէնի մասին:
-Թէ՛ ԱՀ նախագահի, թէ՛ ՀՀ պաշտօնեաների կողմից նշւում է, որ ՀՀ-ԱՀ երկկողմ յարաբերութիւնները մշտական բնոյթ ունեն, եւ ԱՀ իշխանութիւնները տեղեակ են Արցախի հարցով ընթացող բանակցութիւններից: Սակայն մամուլի հրապարակումներում այլ պատկեր է ի յայտ գալիս: Ի՞նչ տեսակէտ ունեք այս հարցի վերաբերեալ:
-Գաղնիք չէ, որ Հայաստանի իշխանութիւնները ճարպկօրէն օգտագործում են Արցախի նախագահի եւ իշխանութեան տարբեր օղակների հետ իրենց շփումները, մասնաւորապէս ՀՀ վարչապետ-ԱՀ նախագահ յարաբերութիւնների կոնտեքստում փորձում են տարբեր առիթներով ներկայացնել, թէ մեր տեսակէտները համահունչ են, որ բանակցային գործընթացի հետ կապուած բոլոր մանրամասները փոխանցւում են ԱՀ իշխանութիւններին, մասնաւորապէս նախագահին, իսկ նա էլ իր հերթին խորհրդարանում եւ դրանից դուրս գործող քաղաքական ուժերին: Մենք Արցախի նախագահին ներկայացրել ենք, որ չենք վստահում ՀՀ իշխանութիւններին, բաւարար հիմքեր ունենք մտածելու, որ ՀՀ իշխանութիւնները ոչ բոլոր մանրամասներն են փոխանցում Արցախի նախագահին: Այդ կիսատ-պռատ փոխանցուած տեղեկատուութիւնը, երբեմն նաեւ քաղաքական մոլորեցնող տեսակէտները Արցախի իշխանութիւններն ընդունում են որպէս հիմք եւ ըստ այդմ էլ կառուցում իրենց քաղաքականութիւնը, որի հետեւանքները բաւականին ծանր են:
Այդ ամէնի հետեւանքներից մէկը ժողովրդի մէջ անորոշութեան արմատաւորումն է, ապագայի նկատմամբ անվստահութիւնը, որը պատճառ է դառնում արտագաղթի, ներքին դժգոհութիւնների: Եթէ նոյնիսկ այդ ամենն ուղղակիօրէն չի արտացոլւում, մենք տեսնում ենք, թէ ինչպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում բնակչութեան շրջանում: Դրանք արդիւնք են սոցիալական մեդիայի, տարբեր տեխնոլոգիաների ազդեցութեան, որոնք յատուկ նպատակ ունեն թուլացնելու, պառակտելու Արցախը, տարբեր ձեւերով հայաթափելու Արցախը:
Մինչեւ հիմա ներկայացւում էր, որ մեր քայլերը համահունչ են, եւ չկայ տեսակէտների տարբերութիւն, ուստի համոզուած եմ, որ եթէ նախագահն իր ելոյթներով ու կեցուածքով չբարձրաձայնի այս ամէնի մասին, ՀՀ իշխանութիւնները շատ ճարպկօրէն դա կօգտագործեն եւ կասէն՝ ամէն ինչի մասին մենք խօսել ենք՝ պատասխանատուութիւնը թողնելով Արցախեան կողմի վրայ:
—Պրահայում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել, որ Արցախի կողմից ներկայացուցիչ ճշտուի Ադրբեջանի հետ ուղղակի բանակցութիւնների համար: Դրան զուգահեռ ՀՀ ԱԺ խօսնակը նշել է, որ այդ յարաբերութիւնները միշտ եղել են, որը չի հերքւում ԱՀ իշխանութիւնների կողմից: Արդեօ՞ք Արցախի հարցի կապակցութեամբ Ադրբեջանի եւ ԱՀ միջեւ բանակցութիւններ են ընթանում:
-Անցած օրերին Արցախի նախագահն անդրադարձաւ այս կէտին, որ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից Արցախի իշխանութիւնների եւ ադրբեջանական կողմի միջեւ շփումներ կան: Աեօ՛, այդպէս է: Այդ շփումները հումանիտար մակարդակի են, վերջապէս դիակների փոխանակման, որոնողական աշխատանքների, կոմունիկացիաների հետ կապուած խնդիրներ կան, սակայն այս ամէնը հումանիտար, սոցիալական ոլորտներից աստիճանաբար տեղափոխում է դէպի քաղաքական դաշտ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այս ամենն անում է հետեւողականօրէն, իր նախագահի շուրթերով յայտարարում է, որ այլեւս չկայ Ղարաբաղի հարց եւ Արցախում ապրող բոլոր հայերին համարում է իր քաղաքացիները եւ փորձում է դրա վրայ կառուցել իր քաղաքականութիւնը: Այլ խնդիր է, թէ մենք ինչ ենք անում, որքանով ենք տրւում Ադրբեջանի սադրանքներին, որքանով ենք այդ ամենն ընդունում եւ դրա վրայ կառուցում մեր քաղաքականութիւնը:
Ես չեմ ուզում արժեզրկել Արցախի իշխանութեան ներկայացուցիչների շփումները, որոնց մասին տեղեկացուած եմ: Աեօ, դրանք անհրաժեշտ են: Անդրադառնամ 1992-1994թթ. ժամանակահատուածի շփումներին: Իսկ ո՞վ էր ասում, որ այն ժամանակ շփումներ չկային: Պատէրազմական այդ օրերին անհրաժեշտ էր հումանիտար որոշ շփումներ ունենալ եւ Արցախի մի քանի պատասխանատու օղակների մակարդակով տեղի էին ունենում համակարգուած յարաբերութիւններ՝ գերիների, դիակների փոխանակում եւ այլն: Սա պատերազմի օրէնքն է: Արդեօ՞ք ռուսների ու ուկրաինացիների միջեւ շփումներ չկան, կան: Այդեօ՞ք Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ չկան շփումներ: Իհարկէ կան: Բայց սա չի նշանակում, թէ կողմերից մէկը պէտք է իր քաղաքական շահերը զոհաբերի կամ դրանք ստորադասի: Այստեղ է խնդիրը:
Կայ մի վտանգաւոր գիծ, որի մասին խօսում են Ադրբեջանի նախագահը եւ միջազգային դերակատարները: Ցաւալի է, որ այդ մասին սկսել են խօսել ՀՀ իշխանութիւնների ներկայացուցիչները, այստեղ կայ ինտրիգ. Հայաստանի իշխանութիւնները փորձում են մէզ մենակ թողնել: Նրանք միտումնաւոր մէզ հրում են դէպի Ադրբեջանի գիրկը: Այնպիսի իրավիճակ է ստեղծւում, որ այլ ելք չունենանք: Մենք դէմ չենք երկխօսութեանը, բայց դա պէտք է լինի հաւասարը հաւասարի հետ սկզբունքով, երկու հաւասար սուբյեկտների միջեւ: Դա պիտի լինի նախագահների մակարդակով: Վտանգը եւ մտահոգող ու անհանգստացնող հանգամանքն այստեղ ՀՀ իշխանութիւնների կողմից բացայայտ այդ մասին խօսելն է, որը համազօր է պատասխանատուութիւնից խուսափելուն: Օգօստոսի սկզբներին, երբ Բերձորի, Աղաւնոյի, Սուսի, ՀՀ-ին կապող այլընտրանքային ճանապարհի հարցն էր մէջտեղ եկել, ականատես եղանք, թէ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց ՀՀ իշխանութիւնը: Վարչապետը եւ իր թիմակիցները փորձում էին ներկայացնել, իբր իրենք տեղեկացուած չէին ու Արցախի իշխանութիւնները առանձին գիծ ունեն ու առանձին բանակցում են:
Բաւականին տեղեկացուած լինելով՝ հրապարակային պէտք է ասեմ, որ ՀՀ իշխանութիւնները մենակ են թողնում Արցախին: ՀՀ իշխանութիւնները շատ ճարպկօրէն մէզ հրում են դէպի Ադրբեջան: Ես չեմ խօսում միայն այն մասին, որ ՀՀ վարչապետն իրեն թոյլ է տալիս հայկական բնակավայրերը «Էյուազլի» ու «Չայզամի» անուանել, չեմ անդրադառնում նրան, որ Արցախի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտարարողը յետոյ ասում է՝ Տեղ գիւղից այն կողմ Ադրբեջան է: Սա այսբերգի երեւացող մասն է: Կայ դրա չերեւացող մասը: Վերջապէս պէտք է հաշուի առնենք, որ անցած երկու տարիների ընթացքում այս փոխուած իրավիճակում նոր գործելաոճ պէտք է ցուցաբերել՝ ինչի մասին կարելի է հրապարակային խօսել, ինչի մասին չի կարելի հրապարակային խօսել, բայց գործել: Պրահայից առաջ կամ յետոյ, Բրիւսելից առաջ ու յետոյ այլ խնդիրներ են փորձում լուծել ՀՀ իշխանութիւնները: Պատահական չէ, որ երբ մեր պատուիրակութիւնը վերադարձել է ՀՀ-ից, յստակ ասում են՝ ունենք երկու տարբերակ՝ պլան A, պլան B:
Ես չեմ ուզում շատ խորանալ այն հարցում. հասկացողը կը հասկանայ, բայց ինձ թւում է՝ ՀՀ իշխանութիւնների համար պլան B-ն առաջնայինն է, որը նրանք փորձում են ներկայացնել որպէս պարտադրուած ու պարտաւորուած գործընթաց: Մենք յստակ հասկանում ենք՝ ինչ է խօսւում եւ ինչ է կատարւում: Խոսւում է մի բանի մասին, գործնականում կատարւում մէկ այլ բան: Սա պէտք է հասկանայ Արցախի քաղաքական էլիտան:
Մեր ժողովուրդը ճակատագրական որոշման առջեւ է, Արցախի խնդիրը եւ Արցախի հետ կապուած բոլոր հարցերը համահայկական օրակարգի թիւ մէկ խնդիրն են, իսկ Հայաստանը փորձում է այս ամէնը ներկայացնել այլ ձեւով՝ կազատուենք Արցախից, կփրկէնք Հայաստանը: Այսինքն այսօրուայ զարգացող գործընթացների գինը Արցախն է: Իմ համոզմամբ 2020թ. պատերազմը կշեռքի նժարի վրայ ունէր հէնց այդ գինը՝ Արցախը: Այն, ինչից մենք սարսափում էինք, որ կարող է վրացական կամ այլ տարբերակով այստեղ կրկնօրինակուել, այդ ամէնը կատարուեց:
-Վերջերս շատ է խօսւում խաղաղութեան մասին, այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի բանակցութիւններ են ընթանում, այս քննարկումները նորութեօ՞ւն են:
-Երբ առաջին անգամ խօսուեց խաղաղութեան օրակարգի եւ պայմանագրի մասին, ՀՅԴ խմբակցութիւնն Արցախի ԱԺ ամբիոնից, ՀՀ Գերագոյն մարմնի ընկերները, «Դիմադրութիւն» շարժման ներկայացուցիչները հանրային բեմից, փողոցային պայքարի ընթացքում հանրահաւաքների ամբիոններից անընդհատ խօսում էին խաղաղութեան, մեր ժողովրդին խաղաղութիւն բերելու եւ խաղաղութիւն պարգեւելու մասին: Խաղաղութեան պայմանագիրը դեռեւս խաղաղութիւն չի նշանակում: Մենք տեսնում ենք, թէ խաղաղութեան օրակարգն ինչպիսի խաղաղութիւն է բերում ՀՀ-ում, ԱՀ-ում: Երբ փորձում ենք խաղաղութեան պայմանագրի մասին խօսել, պարտաւոր ենք յստակեցնել, իսկ ո՞րն է գինը: Եթէ այդ գինն Արցախն է, ապա դա անընդունելի է: Ամէն ինչ պէտք է անենք, որ նման ձեւով խաղաղութեան պայմանագիր չստորագրուի:
ՀՀ-ն իր իրաւական փաստաթղթերում վաղուց ամրագրել է, որ ինքը Արցախի անվտանգութեան երաշխաւորն է՝ դեռեւս 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումով, 1992թ. Գերագոյն խորհրդի որոշումով, 1991թ. օգոստոսի 23-ի ՀՀ անկախութեան մասին հռչակագրով եւ տարբեր իրաւական փաստաթղթերով:
Արդէն սոցիալական մեդիայում, տեղեկատուական դաշտում քննարկւում են տարբեր առաջարկէնր: Խոսւում է ռուսական առաջարկի՝ Խովաեւի առաջարկի, եւրոպական կամ Շառլ Միշելի առաջարկների, Բլինքենի կողմից առաջարկուած ամերիկեան տարբերակի մասին: Ի՞նչ են մէզ առաջարկում, արդեօ՞ք այդ քննարկումների մանրամասները փոխանցւում են ԱՀ իշխանութիւններին: Կայ Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացուած տեսակէտը, որ Արցախը պէտք է Ադրբեջանի կազմում լինի ինքնաւար կարգավիճակով եւ որոշակի համեմատութիւն է անցկացւում խորհրդային ժամանակների հետ ԼՂԻՄ հետ:
Սա՞ է արդյօք 35 տարուայ հայ ժողովրդի պայքարի, ազգային-ազատագրական պայքարի այս հանգրուանի արդիւնքը: Ուզում եմ մէկ անգամ եւս նշել, որ մէզ համար անընդունելի է որեւէ պայմանագրի ստորագրում, որով կասկածի տակ կարող է դրուել ԱՀ գոյութեան փաստը, որով կարող է կասկածի տակ դրուել Արցախի անկախ պետականութեան իրողութիւնը: Հայաստանի որեւէ իշխանութիւն չի կարող նման բան անել: Ես վստահօրէն ասում եմ, որ այդպիսի փաստաթղթի ստորագրումը կ’ունենայ համապատասխան հետեւանքներ: Մենք ամէն ինչ պէտք է անենք, որ այն սկզբունքներով եւ այն բովանդակութեամբ, որով նախատեսւում է պայմանագրի ստորագրումը, չդառնայ իրականութիւն: Այդ պայքարը կը լինի Արցախից, Հայաստանից, թէ Սփիւռքից, էական չէ, բայց վստահ եմ, որ այդ ուղղութեամբ համապատասխան ջանքեր կը գործադրուեն:
-Արցախը համահայկական միասնութեան առանցքն էր հանդիսանում, սակայն պատերազմից յետոյ կարծես միտումնաւոր կերպով լուսանցք է մղւում Արցախը: Դուք այդպիսի տպաւորութիւն չունե՞ք:
-Շատ նուրբ հարց է: Շատ էինք խօսում Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան մասին: Հայաստանի եւ Արցախի միջեւ յարաբերութիւններն այսօր բնականոն չէն, եւ Հայաստանը ձեռքերը լուանում է Արցախից, իսկ Արցախի համար վերջին 35 տարիների ընթացքում շատ կարեւոր է եղել Սփիւռքի դերակատարութիւնը: Սփիւռքը մէզ համար եղել է բարոյական, նիւթական, քաղաքական հիմնական յենարանը: Արցախ այցելած իւրաքանչիւր սփիւռքահայ ինքն էլ վստահ է, որ Արցախը Սփիւռքը չի դիտարկել որպէս նիւթական միջավայր, մենք կարողանում էինք միմեանց փոխլրացնել: Սփիւռքն ապրում էր Արցախով, Արցախն էլ՝ Սփիւռքով: Արցախում սփիւռքահայ տարբեր բարերարների, կազմակերպութիւնների ու կառոյցների կողմից իրականացուած բազմաթիւ ծրագրերը դրա վառ ապացոյցն են: Ես վստահ եմ՝ այսօր Արցախն ունի բաւարար հիմքեր դառնալու համահայկական առանցք: Մենք տեսնում ենք, թէ ինչպիսի յարաբերութիւններ են ձեւաւորուել վերջին տարիներին Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ: ՀՀ իշխանութիւնները միտումնաւոր քանդում են Սփիւռքը, փորձում այնտեղ գործող աւանդական կառոյցներին զուգահեռ ստեղծել նոր կառոյցներ, եղածը ջարդել: Լուրջ անդունդ է առաջացրել Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, ամէն ինչ պիտի անենք, որ այդ անդունդը չլինի Արցախի եւ Սփիւռքի միջեւ:
Շատ ցաւալի մի երեւոյթ է նկատւում: Շփումներ ունենալով սփիւռքահայ տարբեր անհատների, գաղթօջախների հետ, ապշել եմ այն բանից, որ Սփիւռքում արդէն կարծրանում է այն մտայնութիւնը, թէ Արցախն այլեւս չկայ: Չէն ուզում ոչ միայն ներդրումներ կատարել, այլեւ տարբեր սոցիալական ծրագրերի մասնակցել: Հայաստանի իշխանութիւնների եւ յատկապէս Սփիւռքի յանձնակատարի թեթեւ ձեռքով արմատաւորում է այդ մտայնութիւնը: «Հայաստան» համահայկական հիմանդրամի անգործութիւնը եւս նպաստում է այդ մտայնութեան խորացմանը: Առաջիկայում կազմակերպուելու է համահայկական գագաթնաժողով: Նայեք օրակարգը, մօտ չորս օր տեւող այդ գագաթնաժողովի ընդհանուր օրակարգում չկայ Արցախը, Արցախին յատկացուել է ընդամէնը մէկ ժամ 15 րոպէ եւ այն էլ խարոյկի շուրջ հանդիպում ՀՀ ԱԳՆ, անվտանգութեան խորհրդի եւ Արցախի ներկայացուցիչների հետ: Իմ տեղեկութիւններով՝ առայսօր ընդամէնը երկու հրաւէր է ուղարկուել Արցախին, իսկ մենք գիտենք, որ Սփիւռք-Հայաստան համաժողովների ժամանակ ինչպիսի ներկայացուցչական կազմով էր Արցախը մասնակցում, ինչպիսի քննարկումներ էին տեղի ունենում, ինչպիսի օրակարգային հարցերում Արցախը ներգրաւուածութիւն ունենում ու բոլորի համար Արցախը հետաքրքրութեան հիմնական առանցքներից մէկն էր:
Հետպատերազմեան շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հետեւողականօրէն Արցախում իրականացուող ծրագրերը դադարեցրել է եւ այստեղ գրեթէ ծրագրեր չի իրականացնում: Ոչ միայն փակուել է հիմնադրամի Ստեփանակերտի գրասենեակը, եւ այսօր Արցախում պաշտօնական ներկայացուցիչ չունեն, այլ նաեւ ծրագրերն են սահմանափակել: Ինչպէս ընդունել այն փաստը, որ հիմնադրամի հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ փորձել են փոփոխութիւններ մտցնել կանոնադրութեան մէջ եւ դրանց հետեւանքով հանել «Արցախի Հանրապետութիւն» բառակապակցութիւնը: Հիմնադրամի գործադիր տնօրէնը, ներկայացուցիչները չէն այցելում Արցախ: Ես ուզում եմ առիթը օգտագործել եւ սփիւռքահայ մեր քոյրերին ու եղբայրներին ասել՝ նախ սատար կանգնեք Արցախին, Արցախը կայ, Արցախն ունի Սփիւռքի, մայր հայրենիքի կարիքը, Արցախն իր որդեգրած ճանապարհով առաջ է գնալու ձեզանով կամ առանց ձեզ, բայց երբ մենք միասնական ճակատում ենք, յաջողութիւնները երաշխաւորուած են: Սրանք կենցաղային խօսքեր չէն: Մենք այստեղ ենք եւ մեր պայքարը շարունակելու ենք: Այս պատգամն ուղղուած է ոչ միայն սփիւռքահայ մեր քոյրերին ու եղբայրներին, այլ նաեւ համաշխարհային բոլոր խաղացողներին, մեր հակառակորդներին ու թշնամիներին: Բոլորը լաւ պիտի հասկանան, որ պայքարի ոգին Արցախում չի մարել:
-Արցախում պետականութեան պահպանման համար կա՞ արդյօք միասնականութիւն: Քաղաքական ուժերն ու հոսանքները արդեօ՞ք պատրաստ են համախմբուել այս գաղափարի շուրջ:
-Ընդհանուր առմամբ, աեօ՛: Ինչպէս ՀՅԴ, այնպէս էլ ընդդիմադիր դաշտի միւս կուսակցութիւնները լուրջ դերակատարութիւն ունեն այդ միասնականութիւնն ապահովելու գործում: Չեմ ուզում թերագնահատել իշխանական կուսակցութիւններին, բայց նախաձեռնութիւնների հիմնական բաժինը ընդդիմադիր դաշտի կուսակցութիւններինն է: Ցանկալի կը լինէր, որպէսզի բոլորի կողմից լինէին այս նախաձեռնութիւնները: Սա իշխանութեանը վերապահուած գործառոյթ է, եւ ինքը պիտի նախաձեռնի: Տարբեր նախաձեռնութիւններ, որոնք արտայայտւում են յայտարարութիւնների տեսքով, ի յայտ են գալիս միասնական դաշտում: Պատահական չէ, որ հետպատերազմեան շրջանում գրեթէ բոլոր յայտարարութիւնները եւ մեր բոլոր գործողութիւնները միտուած էին միասնականութեան մթնոլորտի պահպանմանը: Արտախորհրդարանական ուժերը եւս իրենց քայլերով սատար են կանգնում խորհրդարանական ուժերին: Ողջունելի է ապրիլի 14-ին Ազգային ժողովի յայտարարութեանն արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպութիւնների կողմից միանալը: Այս ճակատագրական ժամանակաշրջանում միասնական քննարկումների եւ միասնական քայլերի մէջ է մեր յաջողութիւնների գրաւականը: Մենք պէտք է սա ընդունենք որպէս գործելաոճ եւ անկախ նրանից, թէ որեւէ քաղաքական միջոցառում որ քաղաքական ուժի նախաձեռնութիւն է, եթէ այն ուղղուած է հանուն Արցախի, պէտք է գիտակցաբար միանալ ու ցուցաբերել պատասխանատու կեցուածք:
Աւելացնեմ, որ ականատես ենք եղել ՀՀ իշխանութիւնների կողմից Արցախի քաղաքական դաշտը տրոհելու որոշակի քայլերի: Սա այսբերգի չերեւացող մասն է: Մենք համապատասխան ջանքեր ենք գործադրել չէզոքացնելու այդպիսի դրսեւորումները: Տեսնում ենք, թէ ինչպէս են ՀՀ խորհրդարանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները թոյն թափում Արցախի քաղաքական տարբեր գործիչների, Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնների վրայ: Կարեւորում եմ Արցախում առկայ միասնականութիւնը եւ մեր բոլոր ջանքերն ուղղելու ենք, որպէսզի պահպանուի միասնական ճակատը:
Զրուցեց՝ Տաթեւիկ Աղաջանեանը
ԱՊԱՌԱԺ