Գրիշ Դաւթեան
Դու եկել ես հայրենի բիլ հեռուներից
Ու մտել ես իմ սրտի լուրթ խորունկները,
Վառել ես սիրոյ կանթեղ լուսեղ ու անբիծ,
Ջերմութեամբ ես ողողել իմ ողջ յոյզերը։
Մի նոր ցոլանք ես բերել դու քո սիրութեամբ
Անստուեր փայլով զօծել հեստ ոգորումներ,
Հայրենական օրհնութեան ձոյլ հաւատութեամբ,
Հաւաստիքով աներկբայ, ջինջ նուիրումներ․․․
Վարս ես փռել ճամփեքիս հանց սիրոյ կապանք,
Թեւերս օղակել ես ձոյլ, զմրուխտ մատնիքով․
Հորիզոնում գիրկ բացել՝ իմ սրտի բաղձանք,
Ճաշակումի, ըմբոշխման քաղցր հրճուանքով։
Ոգի, ոգի վայելքի, ուրախ բերկրութեան,
Երջանկաբեր զգացում ու երանաւետ,
Որ տրւում է որպէս կեանք մի նուիրական,
Դրախտային մի ընծայ ու բախտ կենսաւետ։
Երբ սուզւում եմ հնոցիդ ահուր խորքերը,
Ցանկութեան պինդ մոլուցքով ու սիրապարփակ,
Ինձ հալում են թէժութեան քո կրակները,
Քո հալքի հետ ինձ էլ են հալհլում համակ․․․
Հուրիփերի, աղջնակ, դու իմ սիրոյ կին
Լոյս ուսերիդ ու սորուն լանջիդ եմ փարւում,
Ծուարում եմ փայանքում քո լի կուրծքերի
Փափուկ, փմփուշ ջերմ մահճում սիրոյ եթերում։
Տարածւում է հեշտանքը քո հուր կրքերի,
Ուզմունքների, տենչերի վառ եդեմական,
Եւ պայթում է հուսկ կայծով, շանթով աստղերի
Դառնում գունեղ ցիր ու շաղ, ցօղեր հագութեան․․․
Ապա յոյսի խոնջ հեւքով յափրում ենք անլուր,
Քամած համ ու կտղանքը խենթ մարդեղենի,
Որպէս մարող ասուպը վերներում լազուր
Վառուած մաքուր անմոխիր անհանգ մորենի։