Չաւուշօղլուի յայտարարութիւններով պէտք է զբաղուեն այդ երկրների անվտանգութեան ծառայութիւնները. Գեւորգ Ղուկասեան

Չաւուշօղլուի յայտարարութիւններով պէտք է զբաղուեն այդ երկրների անվտանգութեան ծառայութիւնները. Գեւորգ Ղուկասեան

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Չաւուշօղլուի յայտարարութեանը, որով նա կոչ է արել Ֆրանսիայում ապրող թուրքերին պայքարել տեղի հայկական համայնքի դէմ:

Օտար երկրներում թուրք պաշտօնեաների, այդ թւում արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութիւններով պէտք է զբաղուեն այդ երկրների անվտանգութեան ծառայութիւնները, որովհետեւ կոնկրէտ այս դէպքում Չաւուշօղլուի կոչը միջամտութիւն է սւուերն երկրի` Ֆրանսիայի ներքին գործերէն։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսութիւնում հոկտեմբերի 9-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական սփիւռքին` նշելով, որ վերջինս դէմ է Թուրքիայի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների կարգաւորմանը։ Չաւուշօղլուն կոչ է արել ֆրանսաբնակ թուրքերին աւելի կազմակերպուած կերպով իրենց ձայնը բարձրացնել հայկական սփիւռքի դէմ։

«Ի տարբերութիւն հայկական սփիւռքի` Ֆրանսիայի թուրքական համայնքն ուղղորդւում է Թուրքիայի կողմից, կազմակերպւում պաշտօնական Անկարայի միջոցով։ Թուրքիան հսկայական միջոցներ է ծախսում արտասահանում գործող թուրքական կառոյցներն ուժեղացնելու համար, մինչդեռ հայկական սփիւռքի պարագայում մենք գործ ունենք համայնքային կազմակերպութիւնների հետ, որոնց անդամները Ֆրանսիայի լիիրաւ քաղաքացիներն են եւ ուղղակի աշխատում են իրենց ազգային պահանջները բաւարարելու ուղղութեամբ»,– նշեց Ղուկասեանը։

Նրա խօսքով` թուրքական իշխանութիւնների նմանօրինակ յայտարարութիւնները նորութիւն չէն։ Նա յիշեցրեց, որ մէկ տարի առաջ Թուրքիայի անվտանգութեան խորհուրդը վեց ժամանոց նիստ անցկացրեց, որի կարեւորագոյն օրակարգային հարցերից մէկը հայկական սփիւռքին հակազդելն էր։

«Ի դէմս հայկական սփիւռքի` մենք գործ ունենք միջազգային քաղաքական գործոնի հետ, որը թուրքական պետութեան կոկորդին ոսկոր է դարձել Հայաստանի նկատմամբ իր ծաւալապաշտական նկրտումները բաւարարելու ճանապարհին։ Դրանով է պայմանաւորուած այն թշնամական վերաբերմունքը, որն ունեն Թուրքիայի ղեկավարները հայկական սփիւռքի նկատմամբ, քանզի վերջինս իր լոբբինգի գործիքակազմով եւ կազմակերպական ցանցի միջոցով սպասարկում է հայկական ազգային օրակարգը, ինչը հակառակւում է Թուրքիայի պետական շահերին»,– ասաց մեր զրուցակիցը։

Ղուկասեանը կարծում է, որ Հայաստանի գործող իշխանութիւնն իր քայլերով, ցաւօք, տուրք է տալիս հայկական սփիւռքի նկատմամբ թուրքական քննադատութեանը, այդ իսկ պատճառով Հայաստանի եւ հայկական սփիւռքի յարաբերութիւններն այժմ լաւ վիճակում չէն։ Վերաբերմունքն ադեկուատ չէ գոնէ սփիւռքի այն հատուածի հանդէպ, որն իր քաղաքական գործունեութեամբ եւ էթնիկ լոբբինգով պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների պետական շահը, հետեւաբար հայկական սփիւռքի հանդէպ պաշտօնական Երեւանից ցուցաբերուող ներկայիս մօտեցումը թուլացնում է սփիւռքը։

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերը վերջերս Փարիզում տեղակայուած ադրբեջանական դեսպանատան մօտ բողոքի ակցիայ էին անցկացրել` Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առթիւ։ Ցուցարարները պնդում էին, որ ադրբեջանցի դիւանագէտները վիրաւորուել են իրենց եւ անպարկեշտ ժեստէր ցոյց տուել պատուհանից։

Share