Հաշուի առնելով իշխանութեան սանձազերծած գրոհը Ռուսաստանի դէմ՝ կարելի է ենթադրել, որ խաղաղութեան համաձայնագրում իշխանութիւնը կգնայ արեւմտեան սցենարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով տելեգրամեան ալիքներից մէկում հրապարակուած փաստաթղթին, որն, ըստ ալիքի, քննարկուել է 2022 թուականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտօնում։։
«Փաշինեանը եւ իր մունետիկները յայտարարում են, որ Հայաստանն այլեւս չի կարող լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը։ Այս իշխանութիւնը 120 հազար հայի ուղղակի թողնում է յաթաղանի տակ։ Փաշինեանն ասում է, թէ արցախցիները խօսէն ադրբեջանցիների հետ, մենք խօսենք ադրբեջանցիների հետ առանձին։ Արցախի բանակցային ուժը համեմատած Ադրբեջանի բանակցային ուժի հետ զրոյ է։ Ոչ թէ Հայաստանը չի կարող, այլ իրենք չէն կարող։ Իրենք ձախողել են, պէտք է գնան, պէտք է գան նրանք, որոնք ոչ միայն ասում են, որ կարող են, այլ որ իրենց գործունեութեամբ են բազմիցս ցոյց տուել»,- նշեց Խաչատրեանը։
Խաչատրեանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հզօրացումն այս տարածաշրջանում է դէմ է ոչ միայն ռուսական եւ իրանական շահին, այլ նաեւ ամերիկեան շահին։ADVERTISING
«Ուղղակի պէտք է կարողանալ աշխատել այս երեք ուժային կենտրոնների հետ եւ ապահովել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւն, ինչը սրանք չենք կարողացել անել եւ հզօրացնել մեր բանակը։ Հայաստանը միշտ կարողացել է զէնքը ձեռք բերել, ընդորում՝ շատ յաճախ առաւել էժան, քան միջազգային գներն են, իրենք չէն կարողանում, բայց դա փորձում են ներկայացնել իրենցից անկախ, օբյեկտիւ իրականութիւն»,- ասաց Արթուր Խաչատրեանը։
Արթուր Խաչատրեանի խօսքով՝ եթէ հնարաւոր չեղաւ կանգնեցնել այս վտանգաւոր ընթացքը, ապա պէտք է պատրաստ լինել, որ Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրեբեջանի գաղութ, որին էլ տանում են իրենց առաջարկած պայմանները։
«Փաշինեանը, կուլ տալով ադրբեջանական խայծը, գնացել է սահմանազատման եւ սահմանագծման։ Եթէ դու գնում ես դրան, նշանակում է դու քո սահմանները չես ճանաչում, այլապէս պէտք է ասես՝ սա է իմ սահմանը։ Տեխնիկապէս հասկանալի է՝ ես քեզ այս թուփը տալիս եմ, դու ինձ այս թուփն ես տալիս, բայց գլոբալ առումով գնալ դրան նշանակում է չճանաչել քո սահմանները։ Իրենք տանում են այն բանին, որ Արցախը եւ արցախցիներին թողնէն Ադրբեջանին, ինչը նշանակում է կործանում, որովհետեւ Հայաստանն առանց Արցախի շատ աւելի թոյլ է, քան Հայաստանն Արցախով»,- ընդգծեց Արթուր Խաչատրեանը։