«Թուրքական միջավայրները լաւատեղեակ են, որ ես եմ առաջին գծի վրայ եւ, անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ». Մուրադ Փափազեան

«Թուրքական միջավայրները լաւատեղեակ են, որ ես եմ առաջին գծի վրայ եւ, անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ». Մուրադ Փափազեան

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուին դարձեալ անհանգստացնում է հայկական Սփիւռքը. այս անգամ նրան մտահոգել է Ֆրանսիայի հայ համայնքի գործունէութիւնը, որը, ըստ նրա, խոչընդոտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։

Մտահոգութիւնների մասին թուրք պաշտօնեան պատմել է Ստրասբուրգում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ապա Ֆրանսիայում բնակուող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել այդ երեւոյթի դէմ՝ յիշեցնելով, որ թուրք-ամերիկեան համակարգող կոմիտէն եւս յաջողութեամբ պայքարել է ԱՄՆ-ի հայկական սփիւռքի դէմ։

Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը շեշտում է՝ Սփիւռքը պատմականօրէն դէմ է այդ յարաբերութիւնների կարգաւորմանը, որովհետեւ յստակ է՝ ՀՀ-ն պատրաստ չէ գործընթացին, որը ղեկավարում է Թուրքիան:

«Այսօր պարտուող Հայաստանը, դժբախտաբար, ի վիճակի չէ ստորագրել որեւէ համաձայնագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետեւ այս վիճակում անխուսափելիօրէն մեր դէմ կշրջուի ցանկացած պայմանագիր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կգրէն, որովհետեւ իրենք գրիչն ունեն իրենց ձեռքում. ՀՀ-ն, ցաւօք, իր ձեռքում չունի գրիչ: Դրա համար է, որ Սփիւռքը եւ մասնաւորապէս ֆրանսահայութիւնը դիմադրում ենք այս ամէնին:

Չաւուշօղլուն առաջին անգամը չէ, որ նման յայտարարութիւններ է անում Սփիւռքի դէմ. եթէ յիշում եք՝ յուլիսի 3-ին նոյն յայտարարութիւններն էր արել, եւ 10 օր անց ինձ արգելեցին մտնել Հայաստան Նիկոլ Փաշինեանի հրահանգով. սա, կարծում եմ, լուրջ կապ ունի, եւ պէտք է տեսնենք այդ կապը»,- 168.am-ի հետ զրոյցում մանրամասնեց Մուրադ Փափազեանը:

Հարցին՝ արդեօ՞ք Չաւուշօղլուին անհանգստացրել է նաեւ Ձեր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատութիւնը, որով, կարելի է ասել, դուրս եք եկել Էրդողանի ռեժիմի դէմ, սփիւռքահայ գործիչը պատասխանեց.
 «Այս գիրքն ուղղակի Էրդողանի դէմ է եւ բաւական լուրջ արձագանք է գտել ֆրանսիական մեդիաների եւ քաղաքական միջավայրների մօտ, եւ յստակ է, որ այս գիրքը խանգարում է Թուրքիային: Տեղեակ ենք արդէն, որ Թուրքիայի դեսպանը շատ մօտից է հետեւում այս գրքի մասին հրապարակումներին եւ արձագանքներին: Վստահ եմ, որ թուրքական կառավարութեանը զայրացրել է Ֆրանսիայում նման գրքի հրապարակումն ու յաջողութիւնները. սա յստակ է:

Բայց յստակ է նաեւ, որ Թուրքիան կարողացաւ ճնշել ՀՀ կառավարութեանը, եւ ՀՀ կառավարութիւնն ու մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանը շատ տկար դիրքի վրայ են Թուրքիայի դէմ եւ ի վիճակի չէն պաշտպանել Հայաստանը. Արցախի մասին արդէն չեմ խօսում, Հայաստանի մասին եմ խօսում, որովհետեւ Հայաստանն է այսօր վտանգի տակ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

Թուրք ղեկավարները հասկացել են, որ Փաշինեանն արդէն իրենց գրպանի մէջ է, ու այժմ խնդիրը Սփիւռքն է, որը կարող է իր լծակներով խանգարել ՀՀ-ի դէմ թուրքական ծրագրերը, որովհետեւ լուրջ պանթուրքական ծրագրեր կան ՀՀ-ի եւ Հայաստանի ժողովրդի դէմ: Ու որովհետեւ մենք ազատօրէն, անկախորէն նշում ենք դրանց մասին Սփիւռքում, Չաւուշօղլուն կոչ է արել Ֆրանսիայում թուրքական սփիւռքին հակազդելու, ընդդիմանալու հայկական սփիւռքին»:

Արդյօք Չաւուշօղլուի այս կոչին կը յաջորդի՞ նաեւ անհատների, այդ թւում՝ Ձեր թիրախաւորումը՝ մեր վերջին հարցադրումին ի պատասխան էլ՝ Մուրադ Փափազեանը նկատեց.

«Վստահ եմ, որ դա է նպատակը. այսինքն՝ երբ հանրային ձեւով շատ յստակ թիրախաւորում են, անունս տալու կարիքը չունեն. թուրքական միջավայրները շատ լաւատեղեակ են, որ ես եմ առաջին գծի վրայ եւ,անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ»:

Share