Հայաստանեան 35 հասարակական կազմակերպութիւններ պահանջում են  ոստիկանապետի պաշտօնանկութիւնը

Հայաստանեան 35 հասարակական կազմակերպութիւններ պահանջում են ոստիկանապետի պաշտօնանկութիւնը

Նրանց տարածած յայտարարութեան մէջ ասւում է.

«2022 թուականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրուայ առաւօտեան, Եռաբլուր զինուորական պանթէոնում, վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցին ընդառաջ, ոստիկանութեան ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին  զոհուած զինծառայողների՝ ի սկզբանէ խաղաղ եւ օրինական պահուածք ցուցաբերող հարազատներին:

Ոստիկանութեան ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման եւ կազմակերպուած ապօրինութեան արդիւնքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհուած զինծառայողների ընտանիքի անդամներ են: Առկայ են նաեւ արժանահաւատ տեղեկութիւններ գործողութեան ընթացքում՝ զոհուած զինծառայողների ծնողներից մի քանիսին մարմնական վնասուածքներ հասցնելու մասին: Գործողութեան արդիւնքում խախտուել են քաղաքացիների՝ Հայաստանի Սահմանադրութեամբ, Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայով եւ Հայաստանի օրէնսդրութեամբ երաշխաւորուած մի շարք իրաւունքներ:

Դատելով այն հանգամանքից, որ զոհուած զինծառայողների հարազատները բերման ենթարկուելուց յետոյ բաժիններում եւս ենթարկուել են ապօրինի հետապնդման (նրանց նկատմամբ վարչական իրաւախախտման մասին արձանագրութիւններ են կազմուել), իսկ բերման ենթարկելու գործողութեանը մասնակցել են ոստիկանութեան ու ոստիկանութեան զօրքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թուով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողութիւնը կատարուել է առնուազն ոստիկանութեան ղեկավար անձնակազմի հրամանով:

Ոստիկանութեան ու ոստիկանութեան զօրքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը (պետը) ոստիկանապետ Վահէ Ղազարեանն է, որն անմիջականօրէն ենթակայ է վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Ներքոստորագրեալ հասարակական կազմակերպութիւններս յայտարարում ենք, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանութեան ղեկավարութեան կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողութիւն կատարելու հրամանների արձակումը եւ կատարումը: Իսկ պետութեան պաշտպանութեան համար զոհուած զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնութիւն կատարելու եւ ազատութիւնից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաեւ հատում է բարոյականութեան բոլոր շեմերը:

Հարկ է նկատել, որ զոհուած զինծառայողների հարազատների եւ ծնողների նկատմամբ կազմակերպուած բռնութիւնը նաեւ խիստ բացասաբար է անդրադառնում այս օրերին Հայաստանի սահմանները ադրբեջանական ագրեսիայից պաշտպանող զինուորների բարոյահոգեբանական վիճակի վրայ:

Ոստիկանութեան՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թուականի յեղափոխութեան եւ, առհասարակ, ժողովրդաւարութեան արժէքներից, այլեւ համալրում է այդ արժէքներին հակասող ու նախկինում արձանագրուած մի շարք պրոցեսների ցանկը (ինչպիսին է բարեփոխումների խոչընդոտումը, ներսում կոռուպցիայի դէմ պայքարի պակասը եւ յանցաւորութեան դէմ արդիւնաւետ պայքարի անկարողութիւնը):

Հիմք ընդունելով վերոգրեալը՝ ներքոստորագրեալ հասարակական կազմակերպութիւնները համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պէտք է պաշտօնից ազատի (համապատասխան միջնորդութիւն ներկայացնելով ՀՀ նախագահին) ոստիկանութեան պետ Վահէ Ղազարեանին:

Հակառակ պարագայում, զոհուած զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնութիւնների եւ վկայակոչուած այլ խնդիրների ամբողջ պատասխանատուութիւնն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վրայ:

Միեւնոյն ժամանակ, անդընունելի ենք համարում տեղի ունեցածի կապակցութեամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից արձագանքի եւ գնահատականի բացակայութիւնը, առաւել եւս՝ իշխանական խմբակցութեան որոշ ներկայացուցիչների կողմից ոստիկանութեան այս յանցաւոր պահուածքն արդարացնելու փորձերը։

Յաւելենք, որ համարում ենք, որ ոստիկանական կազմակերպուած այս յանցագործութեան հրաման արձակողներին քրէական հետապնդման ենթարկելը լուրջ ցուցիչ է լինելու՝ Հայաստանում դատաիրաւական համակարգի անկախութեան վերաբերեալ:

Հետաքրքրականն այն է, որ յայտարարութիւնը ստորագրող կազմակերպութիւնների շարքում են մի շարք իշխանամետ և արևմտեան հիմնադրամներով սնուող կազմակերպութիւններ:

Share