«Միացեալ Նահանգները տեսել է բաւական ապացոյցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը» լրագրողների հետ ամենօրեայ ճեպազրոյցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդէպի խօսնակ Նեդ Փրայսը։
«Ինչպէս արդէն ասացինք՝ պէտքարտուղար Բլինկենի յայտարարութեան մէջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիեւին անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւնները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրաւումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարեւոր հարցերի կարգաւորման գործում… Մենք զգալի ապացոյցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը եւ զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցուածքներին։ Սակայն ամենակարեւորը մէզ համար այն է, որ երկու կողմերն էլ յանձնառու լինէն ռազմական գործողութիւնների դադարեցմանը եւ աւելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։
Պատասխանելով հարցին, թէ ինչպէս է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտութեանը՝ պետդէպի խօսնակը յայտարարեց. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցութիւնը եւ կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողութիւնների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկէ, դժուար է պատկերացնել, թէ ինչպէս հակամարտութեան մէկ կողմից օտար ուժերի ներգրաւումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պէտք է նշեմ, որ մեր շեշտը բռնութիւններին վերջ դնելու վրայ է»։
Ադրբեջանի զինուած ուժերը սեպտեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, յարձակման են անցել Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողութիւններ ձեռնարկելով Սիւնիքի, Վաեօց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղութիւններով: ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել է, որ հրետակոծման են ենթարկուել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղութեամբ տեղակայուած դիրքերը: Հարուածներ են հասցւում նաեւ քաղաքացիական ենթակառուցուածքներին: Ինտենսիւ գործողութիւնները շարունակուել են ողջ գիշեր: Նախնական տուեալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արամ Թորոսեանը երեկոյեան ճեպազրոյցի ընթացքում յայտնել է, որ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատուածներում ժամը 18:00-ի դրութեամբ շարունակում է լարուած մնալ: Թորոսեանի խօսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տուեալները ճշտւում են: