Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անունը կրող թիւ 2 դպրոցի բակում կայացել է ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլեանի կիսանդրու բացման արարողութիւնը։ Հերոսի կիսանդրու տեղադրման նախաձեռնութիւնը ՀՅ Դաշնակցութեան Արցախի կառոյցինն է, իսկ ֆինանսաւորումն իրականացրել է աւստրալահայ երիտասարդ բարերար Շանթ Կրաջեանը՝ ԱՀ կառավարութեան հետ համատեղ:
Բեկորի անունը կրող դպրոցի տնօրէն Լաուրայ Մարտիրոսեանը, շնորհակալութիւն յայտնելով նախաձեռնութեան հեղինակներին, նշել է, որ Աշոտ Ղուլեանը մէզ պատգամել է ճիշտ ապրել, ճիշտ քայլել եւ միասնաբար պահել հայրենիքը: «Ամէն օր այս դպրոց են մուտք գործում 1100 աշակերտներ եւ ուսուցիչներ: Ամէն առաւօտ խոնարհուելու ենք Բեկորի վեհաշուք կիսանդրու առաջ, նորից ուխտ ենք անելու, որ ապրելու ենք ճիշտ, քայլելու ենք ճիշտ»,- ասել է Լ. Մարտիրոսեանը:
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, ներկայացնելով նախաձեռնութեան մասին, տեղեկացրել է, որ գաղափարը մի քանի տարի առաջ է ծագել, երբ ՀՅԴ անդամների հետ հանդիպման ժամանակ տնօրէնը յորդորեց դպրոցում կանգնեցնել Աշոտ Ղուլեանի դիմաքանդակը:
«Մեր խոստումը կարող ենք համարել իրականացուած: Պատահական չէ, որ Աշոտի հայեացքը սեւեռուած է դէպի Շուշի, այսօր իր կիսանդրու կողքին կանգնած են փառապանծ բանակի զինուորները եւ ապագայ սերունդը: Այս ամենն իր մէջ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռեւս իրականանալու են: Եթէ մեր սերունդը, իր ժամանակակիցները չէն կարողացել ամբողջականացնել այդ գաղափարը, վստահ ենք, որ նոր սերունդը այն կարող է իրականութիւն դարձնել: Համոզուած եմ, որ այդ նպատակները կ’իրականանան ու Աշոտ-Բեկորի կիսանդրու առջեւ խոնարհուողը հպարտութեամբ կլցուի: Մեր խոնարհումը կարող է լինել միայն մեր նահատակների եւ մեր մեծերի շիրիմներին»,- իր խօսքում նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:
Կիսանդրու տեղադրման աշխատանքներին աջակցել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի կրթութեան եւ սպորտի բաժնի պետ Թերեզայ Ղարախանեանի խօսքով՝ ազգային-ազատագրական պայքարի իւրաքանչիւր փուլ ծնել է հերոսներ, որոնք իրենց անձնական կեանքով, իրենց ապրած ժամանակաշրջանով տարբերւում էին, բայց նրանց անձնական կեցուածքը նոյնն էր՝ հայրենասէր, հայրենատենչ, մահ իմացեալ ընդունելու պատրաստակամութեամբ: Դիմելով ներկայ աշակերտներին՝ Թերեզայ Ղարախանեանը նշել է, որ նրանք իրաւունք ունեն հպարտանալու, որ սովորում են Աշոտ Ղուլեանի անունը կրող կրթօջախում:
ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումեանը ներկաների հետ կիսուել է ուսանողական տարիների մի դրուագով. «Մի թէժ ժողւում հանդիպեցի Բեկորին. նա դեռ այդ անունը չուներ: Ժողւում քննարկւում էին տարբեր հարցեր, Աշոտին դուր չեկան որոշ դրոյթներ եւ նա ձեռքը թափ տուեց՝ ասելով՝ զինուել է պէտք եւ վերջ: Ուրիշ բան չի ասել: Սա է նաեւ մեր այսօրուայ կարգախօսը՝ զինուել ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Պետք է մեր երեխաներին զինել գիտելիքներով, որովհետեւ գիտելիքը ամենաանխոցելի զէնքն է, մեր ուսուցիչներին՝ մանկավարժական հմտութիւններով, մեր պետական այրերին՝ ճշմարտութիւնը եւ արդարութիւնը գնահատելու կարողութիւններով եւ այսպէս շարունակ»,- նշել է Մ. Համբարձումեանը՝ կոչ անելով ձեւաւորուած միասնականութեան միջոցով ներկայ ողորմելի օրերը շուռ տալ լաւերի:
Բեկորի մարտական ընկեր Աշոտ Սարգսեանն իր ելոյթում անդրադարձել է Աշոտ Ղուլեանի մարդկային որակներին, քանի որ հիմնականում խօսւում է ռազմական գործողութիւների, Բեկորի վաշտի հերոսութիւնների մասին. «Իւանեանի ազատագրման նախօրեակին ես ու Ֆելիքս Գաբրիելեանը զինուած մօտեցանք Բեկորին, բայց նա թոյլ չտուեց մասնակցել: Ռազմագործողութեան աւարտից յետոյ մօտեցանք ու պարզաբանում խնդրեցինք: Հարցրեց՝ քեզ ո՞վ է նշանակել Ստեփանակերտի դաշնակցական կառոյցի ղեկավար, ասացի՝ բնականաբար վերեւից: Հարցրեց՝ ինձ ո՞վ է նշանակել հրամանատար, ասացի՝ մենք: Ասաց՝ իւրաքանչիւր մարդ թող իր գործով զբաղուի: Աշոտի թողած պատգամն է, որ ամէն մարդ իր գործով զբաղուի»:
ԱՀ անհետ կորած ազատամարտիկների հարազատների միութեան նախագահ Վերայ Գրիգորեանը «Հայրենիք եւ հաւատ» մեդալով պարգեւատրել է Աշոտ Ղուլեանի այրուն՝ Նելլիի Ղուլեանին: Անհետ կորած իր որդին՝ Սպարտակը, Բեկորի վաշտում 3 ամիս 20 օր է ծառայել, այնուհետեւ հրամանատարը հեռացրել է վաշտից որպէս տան միակ զաւակի:
Յուշակոթողի հեղինակը քանդակագործ Յուրի Հովհաննիսեանն է, ճարտարապետը՝ Սերգեյ Ադամեանը:
Կիսանդրու բացման պատիւը տրուել է դպրոցի տնօրէն Լաուրայ Մարտիրոսեանին, Նելլի Ղուլեանին եւ Բեկորի թոռ Աշոտ Ղուլեանին:
Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, պատգամաւորներ, պետական այրեր, Բեկորի մարտական ու կուսակցական ընկերները, հարազատները, դպրոցի մանկավարժական եւ աշակերտական կոլեկտիւը: