ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը-Փոստինֆո

ԱԱԾ-ն Մուրադ Փափազեանից թաքցնում է վերջինիս մուտքը ՀՀ արգելելու հիմքը-Փոստինֆո

ԱԱԾ-ն, շրջանցելով օրէնքը, թաքցնում է Մուրադ Փափազեանից, թէ ինչու է նա ՀՀ-ում յայտարարուել որպէս անցանկալի անձ, ինչի հետեւանքով նրա մուտքն արգելուել է ՀՀ, փոխարէնը՝ տեղեկութիւնը յայտնւում է վարչապետի աշխատակազմի սեղանին։

Ինչպէս արդէն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազեանը ընտանիքի հետ 2022թ յուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զուարթնոց» օդանաւակայանի սահմանային անցման կէտում իրաւասու աշխատակիցները չէն թոյլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թէ ինքն ընդգրկուած է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազեանը ստիպուած էր նոյն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիայ։ Ընդ որում, Մուրադ Փափազեանի մուտքը մինչ այդ արգելուած էր Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Իրաւապահների եւ պատկան մարմինների կողմից որեւէ յօդաբաշխ պարզաբանում այդպէս էլ չի տրուել, թէ որն է պատճառը Փափազեանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացուած աղմուկին օրեր անց յաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալութեանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի «գ» եւ «զ» կէտէրը:

«Տվեալ անձը հանդիսանում է նախորդ տարուայ յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատուիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտօշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Աւտոշարասեան ուղղութեամբ նետուել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրօշակիր աւտօմեքենան ենթարկուել է յարձակման եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարուել է միայն ֆրանսիական ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի ջանքերի արդիւնքում:

Այդ մասին վկաեօղ տուեալներ հրապարակուել են տարբեր լրատուամիջոցների կողմից, իսկ տեսանիւթերն առկայ են նաեւ համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշուած անձի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգելուել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ յարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետութիւն՝ օրէնքով սահմանուած կարգով արգելուել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից եւս յիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի գ եւ զ կէտէրը, համաձայն որի՝ գոյութիւն ունեն հաւաստի տուեալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունէութիւն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպութեան անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակութիւնը, իրականացնել ահաբեկչական գործունէութիւն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թոյլտուութեան) տեղափոխել զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր, ռադիօակտիւ նիւթեր, թմրանիւթեր, հոգեներգործուն նիւթեր կամ իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ։ Իսկ զ կէտը թոյլ է տալիս անձի մուտքն արգելել, եթէ գոյութիւն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետութեան պետական անվտանգութեանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնաւոր սպառնալիքներ:

Իսկ թէ ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար՝ հայրենանուէր գործունէութիւն իրականացնող եւ բացառապէս ՀՀ շահը սպասարկող Մուրադ Փափազեանը՝ որեւէ կերպ պարզաբանում չի տրւում։ Աւելին, պարզւում է, որ Մուրադ Փափազեանին, եւ նրա ներկայացուցիչ Արծուիկ Մինասեանին եւս առ այս պահն ընդհանրապէս չի պարզաբանուել, թէ ինչու է արգելուել Փափազեանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ն՝ թաքցնում է, թէեւ «Անձնական տուեալների պաշտպանութեան» մասին ՀՀ օրէնքի 15-րդ յօդուածի համաձայն՝ տուեալների սուբյեկտն իրաւունք ունի ստանալու իր անձնական տուեալների, տուեալները մշակելու, մշակելու հիմքերի եւ նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատուութիւնը։

Մասնաւորապէս, պարզաբանումներ ստանալու համար Փափազեանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամաւոր Արծուիկ Մինասեանը դիմում է հասցէագրել ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թէ արդյօք ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացուած տեղեկութիւնը համապատասխանում է ԱԱԾ-ում վարուող ՀՀ տարածքում անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում Մուրադ Փափազեանի վերաբերեալ ներառուած տեղեկատուութեանը, արդյօք Կառավարութիւնը կամ վարչապետի աշխատակազմն է հանդիսանում այն մարմինը, որը դիմել է ԱԱԾ՝ Փափազեանին անցկանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում ներառելու համար, եթէ աեօ, ապա ինչ տեղեկութիւններ են տրամադրուել, երբ են դիմել եւ որ օրէնսդրական նորմի կոնկրէտ լիազօրութեամբ են գործել, եթէ ոչ, ապա որ մարմինն է դիմել ԱԱԾ՝ Մուրադ Փափազեանին անցկանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում ներառելու համար եւ ինչ տեղեկութիւնների հիման վրայ։ Փափազեանի ներկայացուցիչը փորձել է նաեւ պարզել, թէ որքան ժամանակ է տեւել Մուրադ Փափազեանի անձնական տուեալների մշակումը՝ պայմանաւորուած նրան անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում ներառելու հետ, ինչ չափանիշներով եւ չափորոշիչներով է ԱԱԾ-ն գնահատել տրամադրուած տեղեկութիւնները, դրանք հիմնաւորող ապացոյցներն ու դրանց արժանահաւատութիւնը, որոնք են անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում Փափազեանին ներառելու հիմք հանդիսացող փաստական հանգամանքները, դրանք հիմնաւորող ապացոյցները, ինչպէս նաեւ՝ իրաւական հիմքերը։ ԱԱԾ-ին հասցէագրուած դիմումում դիմումատուն խնդրել է յստակ մատնանշել, թէ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածում առկայ որ հիմքով է արգելուել Փափազեանի մուտքը ՀՀ։

ԱԱԾ-ից յայտնել են միայն, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացուած տեղեկութիւնը ՀՀ ԱԱԾ-ում վարուող ՀՀ տարածքում անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում Մուրադ Փափազեանի վերաբերեալ առկայ տեղեկատուութեան շրջանակներում առկայ է. Նրան անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում ներառելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից որեւէ տեղեկութիւն չի ստացուել, Փափազեանի վերաբերեալ տուեալներն անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում ներառելու համար հիմք են հանդիսացել Ազգային անվտանգութեան մարմինների կողմից ձեռք բերուած տեղեկութիւնները: Իսկ թէ ինչ հիմքով է Փափազեանի տուեալները ներառուել անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկում՝ ԱԱԾ-ն առհասարակ որեւէ հիմնաւորում չի ներկայացրել՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածը՝ առանց յստակեցման՝ յղում կատարելով գաղտնիութեան ռեժիմին: Իսկ թէ ինչպէս է գաղտնիք հանդիսացող տուեալը, որը թաքցւում է անգամ Փափազեանից, յայտնուել Փաշինեանի աշխատակազմում, առանց Փափազեանի թոյլտուութեան հասել երրորդ անձանց՝ անվտանգութեան մարմինները կրկին պատասխան չունեն, միայն նշում են, թէ իբրեւ իրենց կողմից որեւէ երրորդ անձի տեղեկութիւն չի փոխանցուել: Ստացւում է՝ Փաշինեանի աշխատակազմը օրէնքի խախտմամբ հասանելիութիւն է ձեռք բերել ԱԱԾ-ի գաղտնի տեղեկատուութեանը, ինչի վրայ դատախազութիւնն ու նոյն ԱԱԾ-ն աչք են փակում։

Պարզաբանումներից զատ Մուրադ Փափազեանի ներկայացուցիչը միջնորդել էր նաեւ հեռացնել Փափազեանի տուեալները տուեալներն անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկից, թոյլատրել վերջինիս մուտքը ՀՀ եւ վերացնել ՀՀ օրէնսդրութեան խախտումներով նրա վերաբերեալ մշակուած տուեալները, սակայն միջնորդութեանն ԱԱԾ-ն անգամ չի անդրադարձել՝ փաստացի ցուցաբերելով անգործութիւն եւ այժմ Փափազեանն իր իրաւունքների խախտումները վերականգնելու համար պատրաստւում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան:

Ի դէպ, վերջին շրջանում ձեւաւորուած արատաւոր պրակտիկայի վրայ հրաւիրուել է նաեւ ՄԻՊ-ի եւ Արդադադատութեան նախարարութեան ուշադրութիւնը: Փափզեանի ներկայացուցիչը դիմել է կառոյցներին՝ արձանագրելով, որ վերջին շրջանում սփիւռքահայ մեր հայրենակիցները բախւում են ՀՀ մուտք գործելու արգելքի հետ, ընդ որում, նրանք այդ մասին տեղեկանում են արդէն ՀՀ մուտք գործելու պահին եւ որեւէ կերպ պարզաբանում չի ներկայացւում ՀՀ մուտք գործելու արգելքի իրաւական եւ փաստական հիմքերի մասին տեղեկութիւն, ինչի հետեւանքով նրանք զրկւում են իրաւաբական օգնութիւն ստանալու իրաւունքից: Յատկանշական է, որ յաճախ այդպիսի արգելքի մէջ ընդգրկուած անձանց միաւորում է Հայաստանի գործող քաղաքական իշխանութիւնների հետ ակնյայտ տարբեր հայեացքներ ունենալը, ինչն էլ ենթադրաբար այն իրական պատճառֆն է, որով պայմանաւորուած արգելւում է մեր հայրենակիցների մուտքը ՀՀ:

Աղբիւր` Փաստինֆո

Share