«Այս ձմռանը եւրոպական երկրները կը վճարեն Ուկրայինային աջակցելու գինը»․ Սթոլթենբերգ

«Այս ձմռանը եւրոպական երկրները կը վճարեն Ուկրայինային աջակցելու գինը»․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, Financial Times-ի համար յօդուածում գրել է, որ թէեւ այս ձմռանը եւրոպացիները կը բախուեն էներգակիրների գների աճի՝ Ռուսաստանի դէմ պատժամիջոցներ սահմանելուց յետոյ, մայրցամաքը Ուկրայինային աջակցելու «բարոյական պատասխանատւութիւն» է կրում:

Միեւնոյն ժամանակ, Սթոլթենբերգը խոստովանել է, որ առջեւում «դժուար վեց ամիսներ են սպասւում»՝ նշելով էլեկտրաէներգիայի անջատումների, խափանումների եւ հնարաւոր քաղաքացիական անկարգութիւնների սպառնալիքները, քանի որ պատժամիջոցների հետեւանքները հարուածում են ՆԱՏՕ-ի եւ Եւրոմիութեան երկրներին: «Մենք վճարում ենք Ուկրայինային մեր աջակցութեան գինը»,- գրել է նա։ «Բայց մեր վճարած գինը դոլարով, եւրոյով եւ ֆունդով է, իսկ ուկրայինացիները վճարում են իրենց կեանքով»:

Սթոլթենբերգը նշել է այս մարտահրաւէրներն աճում են, սակայն ասել է, որ եւրոպացիներն ունեն «ընտրութիւն, որը նրանք պէտք է անեն այն աշխարհի հանդէպ, որտեղ մենք ցանկանում ենք ապրել»: «Մենք բոլորս շատ աւելի բարձր գին կը վճարենք, եթէ Ռուսաստանը եւ միւս աւտորիտար ռեժիմները որոշեն, որ կարող են անպատիժ ներխուժել իրենց հարեւան երկրներ եւ անտեսել միջազգային իրաւունքը»,- ասել է նա: «Եթէ Ռուսաստանը դադարեցնի պայքարը, խաղաղութիւն կը լինի»,- շարունակել է Սթոլթենբեգը։ «Եթէ Ուկրայինան դադարեցնի պայքարը, նա կը դադարի գոյութիւն ունենալ որպէս անկախ պետութիւն։ Մենք բարոյական պատասխանատւութիւն ենք կրում Եւրոպայի սրտում այդ անկախ ժողովրդավարութեանն աջակցելու համար»:

Share