Մարդկանց եկամուտների չաւելացան պայմաններում յատկապէս սննդամթերքի գների աճը յանգեցնում է մարդկաց աղքատացման։ Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ անդրադառնալով Հայաստանում ամէն օր մեծ տեմպերով շարունակուող գնաճին։
«2022 թուականը գնաճային տարի էր բոլոր առումներով, մենք ունէինք ներքին եւ արտաքին գնաճի պատճառներ։ Արտաքին պատճառը կայանում էր նրանում, որ համաշխարհային տնտեսութիւնում ցնցումներ էր՝ պայմանաւորուած կորոնաւիրուսի ճգնաժամի վերականգնմամբ, ինչպէս նաեւ ռուս-ուկրաինական հակամարտութեամբ, եւ էներգակիրների, պարարտանիւթերի գների աճը շեշտակի բարձրացրեցին պարէնամթերքի գները համաշխարհային շուկայում։ Եւ պատահական չէ, որ ՄԱԿ-ի վերլուծութիւնների համաձայն Հայաստանում թերսնուած մարդկանց թիւն աւելացել է շուրջ 80 հազարով։ Սա խօսում է այն բանի մասին, որ Հայաստանի տնտեսութիւնն ու բնակչութիւնն անմասն չի մնացել համաշխարհային միտումներից եւ պարէնամթերքի գների աճը յանգեցրել է մարդկանց թերսնման, մարդկանց եկամուտների էլ աւելի նուազման»։
Ինչ վերաբերում է գնաճի ներքին պատճառներին, Սուրէն Պարսեանը նշում է․ «Այս տարուայ առաջին կիսամեակի հաշուարկով գիւղատնտեսութեան ոլորտը 5,5 տոկոս անկում է գրանցել։ Այսինքն մենք բաւարար քանակութեամբ սննդամթերք չենք արտադրել, որը թոյլ կտար զսպել համաշխարհային գնաճի այս միտումը։ Եթէ մենք կարողանայինք բաւարար քանակութեամբ գիւղմթերք մշակել, ապա յունուար-օգոստոս ամիսներին գնաճը սննդամթերքի դէպքում կը լինէր ոչ թէ 13,5 տոկոս, այլ 8-9 տոկոս»։
Իսկ այն, որ կառավարութեան անդամները յաճախ խօսում են եւ ներկայացնում դրական միտումներ եւ ասում, որ տնտեսական ակտիւութեան աճ կայ, տնտեսագէտն ընդգծում է, որ մենք պէտք է խօսենք ոչ միայն աճի քանակի, այլ նաեւ որակի մասին․ «Այս տարուայ 7 ամիսների հաշուարկով մենք ունենք 13,1 տնտեսական ակտիւութեան աճ, սա չսպասուած աճ էր՝ պայմանաւորուած արտաքին գործոններով՝ մետաղների գների աճ, ռուս տուրիստների հոսք, դրսից տրասֆերների աճ․ սա յանգեցրեց ծառայութեան, առեւտրի ոլորտների ծաւալների աճի։ Բացի այդ այս տարի կառավարութիւնը մեծ գումարներ յատկացրեց շինարարութեան ոլորտին, մասնաւորապէս ճանապարհաշինութեանը։ Նաեւ եկամտային հարկի օրէնքի փոփոխութեան հետեւանքով մեծ քանակութեամբ աւելացաւ բնակարանների հանդէպ պահանջարկը։ Մարդիկ շտապում են օգտուել այս եկամտային հարկի արտօնութիւնից։ Այս աճը որակապէս շատ թոյլ է, սրանից չի օգտւում բնակչութեան մեծ մասը»։
Տնտեսութեան ակտիւութիւնը հիմնականում բնակչութեան կենսամակարդակի վրայ որեւէ դրական ազդեցութիւն չի թողնում, բայց ինչպէս նշում է մեր զրուցակիցը՝ կան մարդիկ, ովքեր կարողանում են օգտուել ստեղծուած իրավիճակից եւ հարստանալ․ «Հայաստանում կան մարդիկ, ովքեր հարստացել են, մեծ եկամուտներ են կուտակում, ովքեր ունեն մի քանի բնակարաններ, ովքեր այդ վարձավճարներով կարող են առոք-փառոք ապրել։ Ու սրան հակառակ, մարդիկ կան, որոնց եկամուտը մնացել է նոյնը, բայց ապրանքների գները թանկացել են։ Պետք է արձանագրենք, որ թոշակառումերի, նպաստառուների, պետական սեկտորի աշխատողների մեծ մասի կենսամակարդակը նուազել է»։
Մանրամասները՝ տեսանիւթով։