Ո՞վ է մեղաւորը

Ո՞վ է մեղաւորը

Ռոբերտ Մարգարեան

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր հանրութեանն իր հայհոյախառն ուղիղ եթերներով յայտնի, Դոգ անուամբ ճանաչուած Վարդան Ղուկասեանը:

Վարդան Ղուկասեանը՝ Դոգը, որ վերջին շրջանում նաեւ Հայաստանում հիմնադրել է «Հայրենի ձայն» կուսակցութիւնը, Լոս Անջելեսում կամ աւելի ճիշտ հայաշատ Գլենդէլ քաղաքում ունեցաւ հանրային մի հանդիպում՝ շուրջ 20-ից 30 անձանց ներկայութեամբ եւ մի ասուլիս:

Թէ ո՞վ է Դոգ կոչուածը, ինչպիսի՞ անցեալով է ճանաչում նրան հայ հասարակութիւնն ու ի՞նչ եղանակով է նրան յաջողուել սոցցանցերում հարիւր հազարաւոր հետեւորդներ ձեռք բերել, որեւէ մէկի համար գաղտնիք չէ:

Նրա ցինիկ պահուածքն ու բացայայտ ստախօսութիւնն առաւել ցցուն դարձան, երբ Գլենդէլ կատարած իր այցի ժամանակ փորձեց փողով վարձուած թիկնապահներին իր խեղճ ու անտեղեակ հետեւորդներին ներկայացնել որպէս իր անվտանգութիւնն ապահովող ԱՄՆ Հետախուզութեան դաշնային բիւրոյի աշխատակիցներ, կամ Գլենդէլի կենտրոնական փողոցի յայտնի բիզնէս շէնքում սենեակ ու համագումարի սրահ վարձելով հանդերձ նրանց այնպէս համոզել, որ իբր իր այցը տեղի է ունեցել խիստ գաղտնի ու ապահովական մթնոլորտում:

Այստեղ իհարկէ Դոգի երեւոյթի մասին չէ որ պիտի գրեմ, ոչ էլ նրան լսելու եկած այն մարդկանց մասին, որոնց մի մասը ինչպէս արդէն մէկ այլ առիթով գրել եմ 2018 թուականին Գլենդէլի քաղաքապետարանի դիմաց յայտնի Լոսի Քիսոյի hետեւից պար բռնելով աջակցում էին Նիկոլ Փաշինեանի իշխանափոխութեանն, իսկ այսօր Դոգի hետեւից ընկած իբր փորձում են ձերբազատուել նոյն Նիկոլ Փաշինեանից, իսկ մի մասին էլ (ինչպէս իրենք էլ խոստովանել են) այդտեղ էր բերել Դոգի հարիւր հազարաւոր հետեւորդների կողմից լսուելու գայթակղութիւնը:

Այս պահին ինձ հետաքրքրում է մէկ այլ կարեւոր հարց:

Մեր համայնքում լոսի քիսոների ու դոգերի պէս երեւոյթների երեւան գալու ու հետեւորդներ ձեռք բերելու յանցանքն ո՞ւմն է: Քիսոների՞ ու դոգերի՞: Ինչ-ինչ պատճառով նրանց լսողների՞ ու հետեւորդների՞:

Անշուշտ այս հարցում դերակատար են լոսի քիսոներն ու դոգերը, նաեւ նրանց թիկունքին կանգնած ու նրանց ֆինանսաւորող ու աջակցող թաքուն ուժերը:

Անշուշտ մեղաւոր են նաեւ նրանք, ովքեր ականջահաճոյ մի քանի «քֆուր» լսելու ու մի փոքր «բաւարարուելու» գայթակղութեանը տրուած ընկնում են նրանց ծուղակն ու մեծացնում են այս երեւոյթների հետեւորդների թիւը, որից ի դէպ յիշեալները նաեւ ֆինանսապէս շահում են:

Բայց այս հարցում մեղաւոր ենք նաեւ մենք, որ մեր կրաւորականութեամբ ասպարէզը բաց ենք թողնում նման երեւոյթների երեւան գալու համար:

Հասարակութիւնն իրեն ընկալելի լեզուով ու բառապաշարով ու իրեն հասանելի միջոցներով թարմ տեղեկութիւններ ու վերլուծութիւններ ստանալու կարօտ է:

Իսկ եթէ մենք այդ բացը լրացնելու եւ այդ պահանջին յագուրդ տալու համար որեւէ քայլ չենք ձեռնարկում, դա անում են լոսի քիսոները, դոգերը, չիբուխչյաններն ու ռաֆայէլները:

Այսօր, յատկապէս մեր համայնքում որն արդէն երկու տարուց ի վեր է ինչ դիմագրաւում է Հայաստանում 2018 թուականի իշխանափոխութեան պառակտիչ ու սփիւռքը քանդող քաղաքականութեան բացասական հետեւանքները, օդի ու ջրի պէս հարկաւոր է տեսալսողական մեդիայի դաշտում ակտիւ ներկայութիւնը, համախոհ գաղափարակիցների ու նաեւ պարզ ժողովրդի հետ դէմ առ դէմ շփուելն ու նրանց հետ առանց միջնորդի կիսուելը:

Երէկ՝ 2018 թուականի իշխանափոխութեան ու 44-օրեայի ժամանակ, մեր խեղճ համայնքին իր մատների վրայ պտտեցնում էր Լոսի Քիսոն: Իսկ այսօր երբ նրա հաղորդումների երբեմնի հարիւր հազարաւոր դիտումների թիւը իջել է մի քանի հազարի, նրա առաքելութիւնը փոխանցուել է Դոգին: Քիսոյի օրինակից դատելով կարելի է գուշակել, որ Դոգն էլ ունենալու է իր սպառման ժամկէտը:

Շուտով ժողովուրդը յոգնելու է նաեւ Դոգից: Իսկ մենք որքանո՞վ են պատրաստ լրացնելու գոյութիւն ունեցող տեղեկատուական այդ բացն ու կանխել նման երեւոյթների կրկնութիւնը:

Share