Ռուսաստանի Արմաւիր քաղաքում վերսկսուել է աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող հայկական թերթ

Ռուսաստանի Արմաւիր քաղաքում վերսկսուել է աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող հայկական թերթ

Ռուսաստանի Արմաւիր քաղաքում վերսկսուել է աւելի քան մէկդարեայ պատմութիւն ունեցող հայկական թերթի տպագրութիւնը։ Յայտնի է, որ «Կռունկ» անուանմամբ թերթն առաջին անգամ քաղաքում լոյս է տեսել 1917 թուականի մայիսին՝ Ներսէս Երտեցեանի խմբագրմամբ։ Պարբերականը լուսաբանում էր քաղաքի հայ բնակչութեան կեանքը, սակայն ԽՍՀՄ տարիներին փակուել է։ «Կռունկ»-ը վերածնուել է  արդէն յետխորհրդային տարիներին եւ լոյս է տեսել 1995-1999 թուականներին՝ «Արմաւիր» մշակոյթի եւ գթութեան հայկական ընկերութեան կողմից, որը ղեկավարել է Արտեմ Գրիգորի Աւանէսովը։ Մի շարք պատճառներով թերթի հրատարակումը կրկին դադարեցուել էր։

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Երկրամաս»-ը, արդէն մեր օրերում Ռուսաստանի հայերի միութեան Արմաւիր քաղաքի  տեղական բաժանմունքի նախագահ Ռոբերտ Գալուստովը որոշում է կայացրել վերսկսել «Կռունկ» թերթի թողարկումը: Օգոստոսի 29-ին, ՌՀՄ տեղական բաժանմունքի խորհրդի նիստում տեղի է ունեցել թերթի առաջին թողարկման շնորհանդէսը։ Թերթն ընթերցողներին ծանօթացնելու է քաղաքի հայ համայնքում իրականացւող ակտիւ աշխատանքին։

Որոշւել է թերթը թողարկել ամիսը մէկ անգամ՝ 999 տպաքանակով։ «Կռունկ»-ը հրատարակւում է հովանաւորչական միջոցների հաշուին, ընթերցողների շրջանում տարածւում է անվճար:

Share