Այս իշխանութիւններին հեռացնելու համար կայ երկու ճանապարհ…

Այս իշխանութիւններին հեռացնելու համար կայ երկու ճանապարհ…

Իշխան Սաղաթելեանի ելոյթը սեպտեմբերի 2-ի հանրահաւաքին

«31 տարի առաջ այս օրը Ստեփանակերում տեղի ունեցաւ ԼՂԻՄ մարզային պատգամաւորների եւ Շահումեանի շրջանային խորհրդի համատեղ նիստը, որտեղ Արցախը հռչակուեց անկախ»,- սեպտեմբերի 2-ի հանրահաւաքի ժամանակ յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

«Արցախի անկախութիւնը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զաւակների արեան գնով։ Արցախը հայ ժողովրդի արժանապատուութիւնն է։ Արցախը մեր անցեալն է, մեր ներկան ու ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգութիւնը։ Մենք զիջելով՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանի Հանրապետութիւնն ու պետականութիւնը։ Եւ հէնց այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է եւ վերջ», – յայտարարեց Սաղաթելեանը։

Նա ասաց՝ Արցախի գլխին կախուած աղէտը աղէտ է նաեւ Հայաստանի համար, Արցախի հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է, այն մեր ուժն է, անվտանգութիւնը, մեր արժանապատուութիւնը։

Սաղաթելեանն ասաց, որ կայ երեք կարեւոր սկզբունքային պահանջ, որը պէտք է ապահւուի. «Այն երբեք ու երբեք սակարկման առարկայ չէ։ Արցախն այսօր կանգնած է աղէտի առջեւ՝ հայաթափման ու էթնիկ զտման առաջ։

Առաջինը՝ պէտք է բացառուի որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում,

երկրորդ՝ պէտք է բացառուի Արցախի անկլաւային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան միջեւ պէտք է լինի կայուն, յուսալի ցամաքային կապ,

երրորդ՝ պէտք է բացառուի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութիւնն իր Զինուած ուժերով պէտք է ստեղծուի միասնական անվտանգային համակարգ։

Ցաւօք, Հայաստանում չկայ որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկայ ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփիւռքում. այսօր միակ սուբյեկտն իր լաւ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրութիւն» շարժումն է եւ այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է եւ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողութիւններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»։

Իշխան Սաղաթելեանը նաեւ անդրադարձաւ ՀՀ իրաւապահ համակարգի ղեկավարներին գործելաոճին. «ԱԱԾ պետ Արմէն Աբազեան, Ոստիկանութեան պետ Վահէ Ղազարեան, Քննչական կոմիտէի պետ Արգիշտի Քեարամեան, Հակակոռուպցիոն կոմիտէի պետ Սասուն Խաչատրեան, գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեան՝ դուք այսօր Նիկոլի իշխանութեան միակ պահապանը եւ յենարանն եք, դուք անձամբ պատասխանատուութիւն եք կրում ամէն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետեւողական խոչընդոտել եւ խոչընդոտում են «Դիմադրութիւն» շարժման ընդլայնումը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկութիւններով, հետապնդումներով։ Ամէն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանութիւնը։ Դուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետութեանը, դուք ծառայում եք մի դաւաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տուէք այդ ճնշումներին, հաւատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»։

Այս իշխանութիւններին հեռացնելու համար կայ երկու ճանապարհ՝ հրաժարական եւ պաշտօնանկութիւն խորհրդարանի միջոցով, եւ այս ճանապարհով յաջողութեան կարող ենք հասնել բացառութեամբ մի դէպքում համաժողովրդական լայն ճնշման միջոցով. շեշտեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ որպէսզի ԱԺ–ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառութեան մէջ անհրաժեշտ է պատգամաւորների 1/3-ի քուէն՝ 36 ստորագրութիւն։ Երկու ընդդիմադիր խմբակցութիւնները դէ ֆակտոյ ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտօնանկութեան համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամաւորի ձայն։

Իշխան Սաղաթելեանը նաեւ նշեց, որ պաշտօնանկութեան համար անհրաժեշտ է Սահմանադրութեամբ նախատեսուած երկու պայման՝ իրաւաքաղաքական հիմքեր եւ վարչապետի թեկնածու։ «Իրաւաքաղաքական հիմքերը ակնյայտ են»,–ասաց նա՝ յաւելելով, որ ցանկացած նորմալ երկրում այս հիմքերը բաւարար կը լինէին վարչապետի պաշտօնանկութեան համար։ Սաղաթելեանն ասաց, որ վարչապետի պաշտօնանկութեան գործընթացը պէտք է սկսել հնարաւորինս շուտ, բայց ճիշտ ժամանակին, որպէսզի արդիւնաւետ լինի։

«Երբ մենք 36 ստորագրութիւնն ապահովենք, գործընթացը տեւելու է 48-72 ժամ։ Այդ 72 ժամում մէզ անհրաժեշտ են տասնեակ հազարաւոր քաղաքացիներ՝ 24-ժամեայ ռեժիմով։ Ընդամէնը 72 ժամ։ Եւ մենք այդ երեք օրուայ ընթացքում ժողովրդի կամքը թելադրելով, ժողովրդի թեկնածուին ներկայացնելով միասին հեռացնելու ենք այս իշխանութեանը»,– ասաց նա եւ յաւելեց, որ գործընթացը չէն սկսելու զուտ սկսելու համար, քանի որ եթէ յաջողութեան չհասնեն, ապա այդ գործիքակազմից օգտուել կը կարողանան վեց ամիս յետոյ միայն։

Վաղն առաւօտուանից սկսում ենք նախաձեռնութիւն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, վերլուծաբաններին, փորձագէտներին, մտաւորականներին, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցութիւններ՝ 2 հիմնական ուղղութեամբ՝ «Հայաստանը Նիկոլից յետոյ» զարգացման ծրագիր եւ շարժումն աւելի ընդլայնելու ուժ տալու իմաստով։

Share