ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակ
Օգօստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասէրի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահուածքը չէզոքացնելու համար ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակներն իրականացրել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակն է Արցախը շարունակաբար էթնիկ զտման ենթարկել եւ արղախահայութեան համար առաջացնել գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ, ինչպիսին, օրինակ, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան հաստատման փորձը՝ հակառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, որով Լաչինի միջանցքը գտնւում է բացառապէս ռուսական խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տիրոյթում։ Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիւանագիտութեան շրջանակներում հակազդելու գործին լծուեց ՀՅԴ Հայ դատի գրեթէ ամբողջ կառոյցը։ Առաւել մեծ ակտիւութիւն դրսեւորեցին Հայ դատի Ամերիկայի, Եւրոպայի, Կանադայի եւ Հարաւային Ամերիկայի յանձնախմբերը, ինչպէս նաեւ ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակը։ Վերջինս ՀՅԴ Հայ դատի միջազգային ցանցին ապահւում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերեալ հաւաստի տեղեկութիւններով։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անյապաղ իրազեկել է Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը եւ Ադրբեջանի մասով վերանայել 2023թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակութեան ֆոնդը եւ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտը», ինչպէս նաեւ վերականգնել 907-րդ բանաձեւի կիրարկումը։
Ադրբեջանական ագրեսիան դատապարտել եւ Պետդէպարտամենտին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ալիեւի սանձարձակ պահուածքին վերջ տալու կոչով է հանդէս եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ կոնգրէսական Ջեքի Սփիերը՝ ամերիկեան գործադիր իշխանութեանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին յատկացուող ամերիկեան օժանդակութիւնը։
Աւելի ուշ յայտարարութիւններով են հանդէս եկել եւ ադրբեջանական ագրեսիան խստօրէն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրէսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։
Օգօստոսի երկրորդ կէսին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննութիւն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնութիւն չտրամադրելու վերաբերեալ, քանի որ վերջինս ենթարկւում է ագրեսիայի եւ էթնիկ զտումների, ինչպէս նաեւ ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասութիւն։
Յղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարութեան մտադրութիւնը»՝ Համբարեանն ընդգծել է․ «ամերիկեան վարչակազմն Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնութիւն գրեթէ չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահը նաեւ նկատել է․ «Ամերիկան չպէտք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչութեան էթնիկ զտմանը»։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գրութեամբ ամերիկեան օրէնսդիրներից պահանջւում է, պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի եւ Միջազգային զարգացման ամերիկեան գործակալութեան ղեկավար Սամանթայ Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից տեղեկանալ թէ հումանիտար ի՞նչ բնոյթի միջոցառումներ է վարչակազմն իրականացրել Արցախի համար եւ ի՞նչ է պատրաստւում իրականացնել։
Րաֆֆի Համբարեանի նամակին յաջորդել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից իրականացուած համայնքային մոբիլիզացիան, ինչի արդիւնքում` յանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարաւորութիւններով, Ամերիկայի հայ համայնքի աւելի քան 100․000 ակտիւիստներ, ԱՄՆ ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրուած կոնգրէսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին եւ պահանջելով անյապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնութիւնն Ալիեւի ռեժիմին։ Ուղարկուած նամակների մէջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ եք իմ տուած հարկային դոլարներն ուղարկում նաւթով հարուստ ադրբեջանցի զինուորականներին, որոնք քրիստոնեայ հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։
Շարունակելով Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրէսականներ Ֆրենք Փալոնը եւ Դինայ Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախին ամերիկեան օժանդակութիւն ապահովելու համար՝ խնդրելով օրէնսդիրներին ստորագրել պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) ղեկավար Սամանթայ Փաուերին ուղղուած կոնգրէսական նամակը, որով վերջիններիս կոչ է արւում «անյապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնուող հայ բնակչութեանը նշանակալի օժանդակութիւն յատկացնելու համար»։
Կոնգրեսականներին ուղղուած նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծել են՝ մինչեւ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամէնը 5 միլիոն դոլար է յատկացրել Արցախից տեղահանուածների օժանդակութեանը, ովքեր ներկայումս գտնւում են Հայաստանում։ Կոնգրեսականները գումարի այդ չափը բաւարար չէն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար եւ մտահոգութիւն են յայտնել, որ Արցախի բնակչութիւնն առհասարակ այդ օգնութիւնը չի ստացել: Նամակով պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթայ Փաուերին կոչ է արւում աւելացնել Արցախի ժողովրդին տրամադրուող անմիջական օգնութիւնը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականօրէն աջակցելու ուղղութեամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերեալ կարիքների գնահատում։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզութեան յանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդէն իսկ յայտարարել են այս նախաձեռնութեանն իրենց զօրակցութեան մասին։ Հայ դատի յանձնախումբն աշխատանքներ է տանում հնարաւորինս շատ կոնգրէսականների ստորագրութիւն ապահովելու համար։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը եւ Հունայ-ամերիկեան առաջնորդութեան խորհուրդը տեւական շրջան է, ինչ համախմբել են ջանքերը՝ կանխելու Էրդողանի մտէրիմ եւ Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի Մեհմէտ Օզի ընտրութիւնն իբրեւ Ամերիկեան Սենատի՝ Փենսիլուանիան ներկայացնող անդամ։ Համայնքային կազմակերպութիւնների կողմից պատրաստուած եւ Օզի իրական դէմքը մերկացնող հոլովակը սոցիալական ցանցերում կարճ ժամկէտում ապահովել է աւելի քան մէկ ու կէս միլիոն դիտում։
Օգօստոսի վերջին օրերին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին համերաշխութիւն է յայտնել «Ի պաշտպանութիւն քրիստոնեաների» կազմակերպութիւնը, քննադատել ադրբեջանական էթնիկ զտումները Բերձորում եւ կոչ արել ԱՄՆ վարչակարգին վերջ տալ Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեանը:
Կանադայ
Արցախում արձանագրուած ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ Հայ դատի Կանադայի յանձնախումբը յարաբերական աշխատանքներ է կատարել ինչպէս կանադական իշխանութեան օրէնսդիր, այնպէս էլ գործադիր թեւի ներկայացուցիչների հետ։
Աւելի ուշ, օգոստոսի 11-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի եւ Հան Դոնգի ուղեկցութեամբ այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանօթացել հայ համայնքի առօրեայ կեանքին եւ հոգեւոր-կրթական կառոյցների գործունէութեանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտօնում, սա առաջին այցելութիւնն էր հայ համայնքին։ Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաեւ առանձնազրոյց Կանադայի արտաքին գործերի նախարարի եւ ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ է կատարուել Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանութեան հիմնդրութեան աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակութեանը, ինչպէս նաեւ Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունէութեանը։
Հայ դատի Կանադայի յանձնախմբի անդամները, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Րաֆֆի Տոնապետեանի ներկայութեամբ, օգոստոսի 17-ին ընդունել են Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցութեան ղեկավարի թեկնածու Պիեր Փոլիվերին եւ Կանադայի Սենատի անդամ Լեոյ Յուսաքուսին։ Հանդիպման ընթացքում Հայ Դատի Կանադայի յանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշեանը ներկայացրել է կանադահայ համայնքին յուզող մի շարք խնդիրներ, Հայաստանին ու Արցախին առնչուող քաղաքական առաջնահերթութիւններ։ Իր հերթին, Պիեր Փոլիվերը ներկայացրել է իբրեւ թեկնածու իր քաղաքական ուղեգիծն ու առաջիկայ ծրագրերը։
Եւրոպայ
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբն ադրբեջանական յարձակումների առաջին ժամէրից ինտենսիւ աշխատանքային կապ է պահել Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորների եւ Արցախեան հիմնախնդրին առնչուող ԵՄ ղեկավար կառոյցների հետ։ Գրասենեակը նաեւ յայտարարութիւն է տարածել եւ Եւրոպական Միութեան ղեկավարութիւնից պահանջել՝ հրաժարուել հաւասարակշռող յայտարարութիւններից եւ իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականութիւնն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործուած պատերազմական յանցագործութիւններին տալ թիրախային գնահատականներ եւ կանխել Թուրքիայի ռազմական ներգրաւումը հակամարտութիւնում եւ այդ պետութեան կողմից տարածաշրջանի ապակայունացումը։
Օգօստոսի սկզբին Հայաստանի իշխանութիւնների հանդէպ քննադատական յայտարարութիւններով են հանդէս եկել ինչպէս ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը, այնպէս էլ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների յանձնախումբը՝ վերջինիս ատենապէս Մասիս Բաղդասարեանը մուտքը Հայաստան ապօրինի խոչընդոտելու կապակցութեամբ։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը նկատել է, որ համայնքային ակտիւ գործունեութեամբ զբաղուող սփիւռքահայերին հայրենիք մուտք գործելն արգելելով՝ ՀՀ իշխանութիւնները բացայայտ խտրականութիւն են դրսեւորում իրենց քաղաքականութիւնը չկիսող եւ դրան ընդդիմացող անձանց նկատմամբ։
Մեծ Բրիտանիայ
Օգօստոս ամսուայ ընթացքում Մեծ Բրիտանիայում հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից կարեւոր քայլ էր մեր ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քօքսի կողմից շրջանառութեան մէջ դրուած բազմակուսակցական գրութիւնը՝ ուղղուած Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Լիզ Թրասին։ Գրութիւնը հանգամանօրէն ներկայացնում է Արցախում ստեղծուած ծանր իրավիճակը, անդրադառնում ադրբեջանական յարձակումներին, վտանգաւոր հռետորաբանութեանը, գերիների հանդէպ վատ վերաբերմունքին, ադրբեջանական ամենաթողութեանը, Լաչինի հումանիտար միջանցքին եւ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը։
Օգօստոսի 5-ի դրութեամբ գրութիւնը ստորագրել էին 13 խորհրդարանականներ, այդ թւում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Թիմ Լոթնը։ Օգօստոսի վերջին եւս 5 խորհրդարանականներ էին միացել այդ գրութեանը։
Հունաստան
ՀՅԴ Հայ դատի Հունաստանի յանձնախումբը նամակ է հասցէագրել Հունաստանում Եւրոպական Միութեան ներկայացուցչութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծուած իրավիճակն ու ԵՄ ղեկավարութիւնից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիօրէն դատապարտել ադրբեջանական յարձակումները, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտման քաղաքականութիւնն ու կանխել Արցախեան հակամարտութիւնում Թուրքիայի ռազմական ներգրաւումը։
Կիպրոս
ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Եւրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամաւոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եւրոպական յանձնաժողովին՝ կոչ անելով անյապաղ եւ պարտադրողական միջոցառումներ կիրառել եւ ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։
Բելգիայ
ՀՅԴ Հայ դատի Բելգիայի յանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է յղել երկրի արտաքին եւ եւրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անուէրապահօրէն դատապարտել Ադրբեջանի յարձակումը, կոչել ագրեսորին իր անունով եւ Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշուի առնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի (CEPA) հիմնարար կէտէրը, ինչպէս նաեւ 2020 թուականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունուած կարեւոր բանաձեւը։
Աւստրալիայ
Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը յայտարարութիւն է տարածել օգոստոսի 5-ին, որով Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն է հրաւիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախայարձակ գործողութիւնների վրայ՝ մանրամասնելով դրանց բնոյթն ու հեռահար նպատակները՝ այդ թւում Հայաստանի ու Արցախի մինչեւ ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում` Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Աւստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրել են Նոր Հարաւային Ուելսի օրէնսդրական համագումարի խօսնակ Ջոնաթան Օդեան եւ օրէնսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահն է։
Նամակում մասնաւորապէս անդրադարձ է կատարւում քաղաքացիական բնակավայրերի ուղղութեամբ ադրբեջանական վերջին յարձակումներին եւ 2020թ․ նոյեմբերին ձեւաւորուած շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը յանգեցրել է զոհերի ու վիրաւորումների եւ խախտել մարդու մի շարք հիմնարար իրաւունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն աւստրալիական կառավարութիւնից պահանջել են հրապարակայնօրէն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։
Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը օգոստոսի 22-ին ողջունել է աւստրալիական Վիլբի քաղաքի քաղաքային խորհրդի միանձնեայ որոշումը՝ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու վերաբերեալ։ Որոշման նախագիծը ներկայացուել է քաղաքային խորհրդի աւստրալահայ անդամ Սարգիս Մուրադեանի կողմից եւ երկրորդուել խորհրդի անդամ Բրենդոն Ժուի կողմից։ Վիլբի քաղաքն ունի հայկական մեծ եւ աշխոյժ համայնք։ Քաղաքի խորհուրդը Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքի իրացումը պաշտօնապէս ճանաչել էր 2020թ․ պատերազմի ընթացքում։
Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը, աւստրալիահայ գաղութի անունից, օգոստոսի 31-ին, բողոքի նամակ է ուղարկել Աւստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարութեանը՝ Շուշիում կազմակեպուած խորհրդաժողովին Բաքւում Աւստրալիայի դեսպանի մասնակցութեան համար։ Հայ դատի յանձնախումբը նամակում, ի թիւս այլնի, նշել է, որ խիստ անընդունելի է աւստրալիացի դիւանագէտի այցը էթնիկ զտման ենթարկուած Շուշի քաղաք, յատկապէս այն դէպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետութիւններից երկուսի դեսպանները մերժել էին այցելել Շուշի։ Նաեւ անընդունելի է համարուել այն, որ աւստրալիացի հարկատուների միջոցներով պահուող դիւանագիտական համակարգի ներկայացուցիչն այցելում է բռնապետական ու հակաժողովրդավարական վարչակազմի կողմից կազմակերպուած միջոցառմանը։
Հարաւային Ամերիկայ
ՀՅԴ Հայ դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբն Արցախում ստեղծուած իրավիճակը նկարագրող գրութիւն է ուղարկել Արգենտինայի ազգային գործերի նախարարութեանը եւ խորհրդարանի բոլոր անդամներին։ ՀՅԴ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգուայի եւ Բրազիլիայի յանձնախմբերն էլ համապատասխան գրութիւններ են հասցէագրել հարաւամերիկացի լրագրողներին եւ մարդու իրաւունքներով զբաղուող կազմակերպութիւններին։
Մերձաւոր Արեւելք
Օգօստոսի սկզբի իրադարձութիւնների առիթով յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ ՀՅԴ Հայ դատի Մերձաւոր Արեւելքի գրասենեակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնը հրաւիրելով ադրբեջանական ագրեսիայի վրայ եւ նկատելով, որ կատարուածը հայութեան նկատմամբ էթնիկ զտման քաղաքականութեան շարունակութիւն է։ ՀՅԴ Հայ դատի գրասենեակը նաեւ արաբերէնով թարգմանել եւ արաբական լրատուամիջոցներով տարածել Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակացութիւնների՝ օգոստոսի 4-ի համատեղ յայտարարութիւնը ադրբեջանական ագրեսիայի վերաբերեալ, որով միջազգային հանրութիւնից ակնկալւում է հասցէական յայտարարութիւններով ու կոնրետ գործողութիւններով սանձել ադրբեջանական նախայարձակ ագրեսիան։
Լիբանան
ՀՅԴ Հայ դատի Լիբանանի յանձնախումբը օգոստոս ամսին նամակներ է յղել Բեյրութում հաւատարմագրուած Կիպրոսի, Հնդկաստանի եւ Եգիպտոսի դեսպաններին։ Յանձնախումբը մի դէպքում խստօրէն քննադատել է օգոստոսի 9-ին Քոնիայում Իլհամ Ալիեւի եւ Հիւսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետութեան ղեկավար Էրսին Թաթարի հանդիպումը, ինչն, ըստ էութեան, Ադրբեջանի կողմից Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան ճանաչման դրսեւորում է։ Միւս նամակը յանձնախումբն օգոստոսի 15-ին հասցէագրել է Լիբանանում Հնդկաստանի դեսպանին՝ շնորհաւորելով Հնդկաստանի անկախութեան 75-րդ ամեակի առթիւ՝ ցուցելով ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրացման կարեւորութիւնը։
Բեյրութիւմ Եգիպտոսի դեսպանին ուղարկուած նամակով՝ յանձնախումբը խորին ցաւակցութիւն է յայտնել Եգիպտոսում ղպտիական մզկիթի հրդեհի, դրան զոհ գնացած մարդկանց եւ վիրաւորների համար։
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
01.09.2022