Վերջին շաբաթուայ ընթացքում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից իրականացուած համայնքային մոբիլիզացիայի արդիւնքում` յանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարաւորութիւններով, Ամերիկայի հայ համայնքի աւելի քան 100․000 ակտիւիստներ, ԱՄՆ ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրուած կոնգրէսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին եւ պահանջելով անյապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնութիւնը Ալիեւի ռեժիմին։ Ուղարկուած նամակների մէջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․ «Ինչու՞ եք իմ տուած հարկային դոլարներն ուղարկում նաւթով հարուստ ադրբեջանցի զինուորականներին, որոնք քրիստոնեայ հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։
Յատկանշական է, որ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրին», որի միջոցով ուղարկւում են նման գրութիւնները, բաժանորդագրուած են նաեւ ԱՄՆ ոչ հայ քաղաքացիներ, կոալիցիոն գործընկեր կազմակերպութիւնների ակտիւիստներ, ովքեր նոյնպէս օժանդակում են Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքներին։
Շարունակելով Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրէսականներ Ֆրենք Փալոնը եւ Դինայ Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախի համար ամերիկեան օժանդակութիւն ապահովելու համար՝ խնդրելով օրէնսդիրներին ստորագրել պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) ղեկավար Սամանթայ Փաուերին ուղղուած կոնգրէսական նամակը, որով վերջիններիս կոչ է արւում «անյապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնուող հայ բնակչութեանը նշանակալի օժանդակութիւն յատկացնելու համար»։
Կոնգրեսականներին ուղղուած նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծում են՝ մինչեւ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամէնը 5 միլիոն դոլար է յատկացրել Արցախից տեղահանուածների օժանդակութեանը, ովքեր ներկայումս գտնւում են Հայաստանում։ Կոնգրեսականները այդ գումարի չափը բաւարար չէն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար եւ մտահոգութիւն են յայտնել, որ Արցախի բնակչութիւնն առհասարակ այդ օգնութիւնը չի ստացել: Նամակով պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթայ Փաուերին կոչ է արւում աւելացնել Արցախի ժողովրդին տրամադրուող անմիջական օգնութիւնը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականօրէն աջակցելու ուղղութեամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերեալ կարիքների գնահատում։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզութեան յանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդէն իսկ յայտարարել են այս նախաձեռնութեանն իրենց զօրակցութեան մասին։ Հայ դատի յանձնախումբն աշխատանքներ է տանում հնարաւորինս շատ կոնգրէսականների ստորագրութիւն ապահովելու համար։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրի» միջոցով այս դէպքում եւս կապահւուի մեծաքանակ անյատական նամակների յղում կոնգրէսական պաշտօնեաներին։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը, նամակով դիմել է Կոնգրեսի ղեկավարութեանը՝ կոչ անելով հետաքննութիւն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնութիւն չտրամադրելու վերաբերեալ, քանի որ վերջինս ենթարկւում է ագրեսիայի եւ էթնիկ զտումների, ինչպէս նաեւ ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասութիւն։