Արևմտեան Ամերիկայի Հայ Երիտասադաց Դաշնակցութեան տարեկան համագումարի բացումը տեղի ունեցաւ Օգոստոսի 25-ի երեկոյեան, Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում:
Աւելի քան 47 պատգամաւորներ ՀԵԴ Արևմտեան Ամերիկայի բոլոր մասնաճիւղերից և 30 հրաւիրեալներ և դիտորդներ մասնակցում էին համագումարի բացման արարողութեանը:
Համագումարի բացումը կատարուեց Մշակ բանուոր քայլերգով և ՀԵԴ Կենտրոնական Վարչութեան ներկայացուցիչ Յասմիկ Բրուշեանի խօսքով: Ներկաների համար անակնկալ եղաւ Հայ ազգի հերոս, նախկին ՀԵԴական՝ Համբիկ Սասունեանի տեսակապով միանալն ու օրուայ պատգամի փոխանցումը: Ապա իր խօսքը փոխանցեց նոյն առիթով հրաւիրուած ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ Արշակ Մեսրոպեանը:
ՀԵԴի տարեկան համագումարը քննարկում է անցնող տարուայ գործունէութիւնը և ճշտում յաջորդ տարեշրջանի գործունէութեան հիմնական ուղիները: Համագումարը յաջորդ յ օրերի ընթացքում իր աշխատանքը շարունակելու է ՀԵԴ ճամբարում: