Խաչքարերը, յուշարձանները տարհանում ենք, որպէսզի Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան

Խաչքարերը, յուշարձանները տարհանում ենք, որպէսզի Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան

Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը Բերձորից, Աղաւնոյից եւ Սուսից տարհանում է հայկական յուշարձանները, քանի որ աչքի առաջ ունի Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը՝ հայկական յուշարձանները ոչնչացնելու բազում օրինակներ կան: Եւ հէնց այդ հանգամանքից ելնելով՝ որոշել են այս անգամ դրանք չթողնել թշնամու հսկողութեան տակ անցնող բնակավայրերում։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսեանն ասաց, որ Քաղպաշտպանութեան պլանի համաձայն, երբ սկսուել է բնակչութեան տարհանումը, պէտք է տարհանէին յուշակոթողները եւ միայն մոնումենտալ արուեստի յուշարձանները, խաչքարերը եւ այլն։

«Մենք այդ աշխատանքները սկսել ենք եւ տարհանում ենք ոչ միայն յուշարձանները, այլեւ գրադարանի գրքային ֆոնդը։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 հազարից աւելի կտոր գիրք ամբողջութեամբ տեղափոխուած է Ստեփանակերտ։ Տեղափոխում ենք Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի մոնումենտալ յուշարձանները, դրանք հաւաքւում են մի տեղում Ստեփանակերտում։ Կան տարբեր առաջարկութիւններ այդ յուշարձանների յետագայ ճակատագրի վերաբերեալ։ Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ պայմանաւորուածութիւն ունենք, որպէսզի Ստեփանակերտի Աստուածամոր Սուրբ Հովանու եկեղեցու մօտ ստեղծուի համապատասխան պուրակ եւ այնտեղ տեղադրուեն յուշակոթողներից մի քանիսը։ Ստեփանակերտի Սուրբ Յակոբ եկեղեցու մօտակայքում եւս կը տեղադրուեն որոշ յուշակոթողներ, խաչքարեր։

Կան նաեւ մասնաւոր առաջարկներ, օրինակ, Շուշիի յուշարձանախմբի հեղինակից, որ նմանատիպ յուշարձանախմբի պուրակ կարող է ստեղծուել նաեւ Ստեփանակերտում, Մարտակերտում կամ այլ վայրում։ Այսինքն՝ մենք այս ամէնը տեղափոխենք եւ արդէն կը սկսենք այս կամ այն վայրում դրանք տեղադրել ու պահպանել։

Ունենք 12-13-րդ դարերի խաչքար, որը, բնականաբար, իր տեղն է գտնելու պատմաերկրագիտական թանգարանում»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսեանը։

Ըստ նրա, այս պահին էլ յուշարձանները տարհանման փուլում են, աւարտուել է Ներքին Սուսի, Աղաւնոյի մոնումենտալ յուշարձանների տեղափոխութիւնը։ Արդէն աւարտին է մօտենում Բերձորի ճանապարհի եզրերին գտնուող յուշարձանների տարհանումը։

«Յաջորդիւ զբաղուելու ենք Բերձորի կենտրոնական մասում գտնուող յուշահամալիրի խաչքերի տեղափոխութեան հարցով, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, դրանով ենք զբաղւում։ Այդուհանդերձ, մէզ տրուած ժամկէտում դուրս կը հանենք բոլոր յուշարձանները։

Տարհանուող խաչքարերի, յուշարձանների եւ կիսանդրիների մօտաւոր թիւը ներկայ պահին 47 է։ Սակայն լինում են դէպքեր, որ տեղական իշխանութիւնը դիմում ու տեղեկացնում է, որ՝ այսինչ վայրում էլ խաչքարեր կան, մենք դրանց անմիջապէս արձագանքում ենք։ Կան մարդիկ, որոնք դիմում են, որպէսզի տարհանենք նաեւ իրենց բակերում գտնուող որոշ յուշակոթողներ։ Այսինքն՝ երբ այդ ամէնը տեղափոխենք, արդէն կոնկրէտ թիւ կ’ունենանք»,- յաւելեց Լ. Հովհաննիսեանը։

Լեռնիկ Հովհաննիսեանի խօսքով՝ առհասարակ բոլորին է յայտնի Ադրբեջանի վարուող քաղաքականութիւնը հայկական մշակոյթի նկատմամբ, այդ քաղաքականութիւնն Ադրբեջանը նոյնիսկ չի թաքցնում եւ իրականացնում է պետական մակարդակով։

«Յատկապէս 90-ականներից յետոյ տեղադրուած յուշակոթողները, յուշարձաններն անմիջապէս ոչնչացնում են, դրա վկան Ջրականի եկեղեցին է եւ բազմաթիւ այլ եկեղեցիներ ու յուշակոթողներ, որոնք մնացել են օկուպացուած տարածքներում։ Բնականաբար, այդ ամէնը տեսնելով, մենք քաղպաշտպանութեան պլանի համաձայն՝ ամէն ինչ տարհանում ենք, որպէսզի նոյն ճակատագրին չարժանանան»,- շեշտեց նա։

Դեռեւս այս տարուայ մայիսին Արցախի Հանրապետութեան նախագահը հրամանագիր է ստորագրել՝ օկուպացուած տարածքներում յուշարձանների պահպանութեան պետական խորհուրդ ստեղծելու մասին, եւ ըստ Լեռնիկ Հովհաննիսեանի՝ այդ խորհրդում կքննարկուի տարհանուած յուշարձանների վերաբերեալ բոլոր հարցերը եւ կը կայացուէն համապատասխան որոշումներ։

«Կան խաչքարեր, որոնք նուիրուած են այն ազատամարտիկներին, որոնք զոհուել են այդ շրջաններն ազատագրելու ժամանակ։ Բնականաբար, այդ ազատամարտիկների երեխաները, հարազատները կդիմէն նման խնդրանքով, որպէսզի այդ խաչքարերը տեղափոխէն այս կամ այն վայր, որտեղ իրենք ապրում են։ Կարծում եմ՝ մենք բոլոր լուծումները կգտնենք»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսեանը։

Share