Արցախում փորձուսուցում անցնելու ծրագիրը ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի երիտասարդական միութիւնն սկսել է 2018թ.: Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել Սփիւռքում ապրող երիտասարդների կապը Արցախի երիտասարդութեան հետ: Նրանք վեց շաբաթուայ ընթացքում իրենց նախընտրած ոլորտում աշխատում են՝ կառավարական եւ ոչ կառավարական, հասարակական կազմակերպութիւններում, առողջապահութեան, կրթութեան, տեղեկատուական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան կամ մուլտիմեդիայ ոլորտում: 2020թ. կորոնաւիրուսի պատճառով ծրագիրը չգործեց եւ ահա մի խումբ երիտասարդներ այս տարուայ յուլիսի 2-ից Արցախում են: «Ապառաժ»-ը զրուցել է փորձուսուցման ծրագրով Արցախում գտնուող երիտասարդների հետ: Ինչո՞ւ են որոշել մասնակցել ծրագրին, ի՞նչ են սովորել այս ընթացքում, ի՞նչ տպաւորութիւն են ստացել, արդեօ՞ք դժուարութիւններ ունէին՝ բարբառի հետ կապուած: Այս հարցերն ենք ուղղել նրանց, բայց ծրագրի արդիւնաւետութեան ամենաառաջին գրաւականը կարելի է համարել այն, որ չորս երիտասարդներից երկուսը որոշել են հայրենադարձուել, կամ, ինչպէս նրանցից մէկն է ասում, «արցախադարձուել»:
Արցախեան սիրտը շատ եմ կարօտելու. ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի Հայ երիտասարդայկան միութեան անդամ Արենի Համբարեան
-Անցեալ տարի եմ Արցախ եկել եւ սիրահարուել այստեղի ժողովրդին, նրանց ոգուն, հայրենիքի հանդէպ սիրուն: Մարդկանց հետ շփումներից հասկացել եմ, թէ ինչու է կարեւոր այստեղ մնալը, աշխատելը, այս գեղեցիկ երկիրը կառուցելը: Այն մերն է, եւ եթէ մենք տէր չլինենք, ո՞վ պիտի տէր կանգնի: Այդ առումով՝ զգում եմ, որ կարեւոր է այստեղ լինելը:
Առաջին շաբաթուայ ընթացքում ամէն մէկը գրկաբաց, ժպտալով ուզում է քեզ ընդունել, բայց աւելի շատ մնալով՝ հասկանում ես, թէ որքան ցաւ կայ այստեղ, երբ աւելի ես մօտենում մարդկանց ու խօսում պատերազմի մասին, զգում ես, թէ որքան է այն ազդել: Ծանր է իսկապէս: Որպէս սփիւռքահայ՝ չեմ կարող հասկանալ Արցախի ժողովրդի ուժը՝ կարողանալ նորից արթնանալ ամէն օր եւ շարունակել ապրել, փորձել հայ մնալ:
Շատ կարեւոր է հայրենիքում մնալը, նաեւ՝ կարեւոր է գալ այստեղ ու առօրեայ շփում ունենալ ժողովրդի հետ, հասկանալ, թէ ինչ կարող ենք անել՝ իրար հետ զօրացնելու մեր երկիրը: Գիտեմ, որ բաւականին դժուարութիւններ կան, բայց, վերջիվերջոյ, բոլորիս հայրենիքն է, պէտք է իրար հետ աշխատենք՝ զօրացնելու մեր երկիրը:
Ամենաշատը ժողովրդի սիրտն ու ոգին, բարութիւնն եմ կարօտելու: Մի քանի օր առաջ կորել էի, չգիտէի ինչպէս տուն հասնել. ումից հարցնում էի, փորձում էին օգնել՝ նոյնիսկ եթէ իմ ասած տեղը չգիտեին: Այս բարութիւնն ուրիշ ոչ մի տեղ չկայ: Երբ աւտօբուս ես նստում, ամէն մէկը փորձում է տեղ տալ քեզ: Խանութ ես մտնում, ու գիտէն, որ Սփիւռքից ես, հարցնում են՝ ինչ ծրագրով ես այստեղ, ուրախանում են Սփիւռքից եկած հայրենակիցներին տեսնելիս: Արցախեան սիրտը շատ եմ կարօտելու: Բարբառն էլ եմ մի քիչ սովորել՝ «Լոխ լեաւայ» (ամէն ինչ լաւ է), «եկ ստըղ» (արի այստեղ):
Այստեղի մարդիկ մէզ ուժ են տալիս. ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի Երիտասարդական միութեան անդամ Գալի Չակմակչեան
-Ես Արեւելեան շրջանի փորձուսուցման ծրագրին էի ուզում մասնակցել: Գրանցուել էի միայն նրա համար, որ գոնէ մի շաբաթ Արցախում լինեմ, յետոյ տեսայ, որ Արցախում էլ նոյն ծրագիրը կայ: Քանի տարի է՝ սպասում էի Արցախ գալուն, չէր ստացւում: Այս տարի որոշել էի անպայման գալ: Առաջին անգամ եմ Արցախում: Շատ ցաւում եմ, որ մեր տնից էլ են երեւում բռնագրաւուած տարածքները, Շուշին: Այս պահին չեմ կարող նկարագրել, բայց ուրիշների պատմածից աւելի սիրուն է Արցախը, շատ տպաւորուած եմ Արցախի այս էներգիայով: Այստեղի մարդիկ, ապահւութիւնը տարբեր է, ճանապարհներին քայլելիս ներքին ապահւութիւն կայ:
Ստեփանակերտի «Սոսէ» մանկապարտէզում եմ աշխատում: Շատ սիրուն են այստեղի մանուկները, ուժեղ են, համովիկ, ուզում ես սրտիդ մէջ դնել: Բոլորը դաստիարակուած են, շատ հայրենասէր են: Փոքր տարիքից ՀՄԸՄ-ի սկաուտ էի, յետոյ ՀՅԴ պատանեկան, երիտասարդական միութիւնների անդամ եմ եղել: Միշտ սիրել եմ փոքրիկների հետ աշխատել, որ ինչ մէզ սովորեցրել են՝ եկող սերունդներին տամ. սա պարտականութիւն է:
Լեզուի հարցերը մի քիչ դժուար են: Ընդհանրապէս ինձ հասկանում են, ես էլ իրենց եմ հասկանում, նաեւ միւս ուսուցիչներն են օգնում: Փօքրիկների էներգիայով ենք շփւում իրենց հետ: Կամաց-կամաց ականջս յարմարւում է՝ «եկ ստըղ» (արի այստեղ), «կեամ ում» (գալիս եմ), «օզում չում» (չեմ ուզում):
Շատ կարեւոր է այստեղի ժողովրդի հետ շփուել, մանաւանդ որ օտարութիւնից հայրենիք ես գալիս: Արցախն ուրիշ հայրենիք է, աւելի թանկագին: Այստեղի մարդիկ մէզ ուժ են տալիս: Տարօրինակ կարող է թուալ, բայց այդպէս է:
Ես ընդհանրապէս ուզում էի հայրենադարձ լինել, բայց հիմա Արցախում եմ եւ կ’ուզէի «արցախադարձ» լինել: Այս ծրագիրն օգնեց, որ այստեղ ապրելով հասկանանք տեղի կեանքը: Այստեղ գործի ենք գնում, ընկերներ են գտել: Շատ կուզեմ այստեղ ապրել:
Միշտ ասում եմ, որ իմ կեանքը արցախցու կեանքից թանկ չէ: Ձեր այստեղ ապրելը դիմադրութիւն է, այս հողի վրայ ապրելը դիմադրութիւն է: Ամէն մարդ պէտք է այսպէս մտածի: Բոլորս էլ մարդ ենք, հայ ենք, այս է մեր տունը, եւ ով պիտի մնա, որպէսզի պաշտպանի կամ դիմադրի: Դրսից դիմադրութիւնը նկարներով գեղեցիկ է երեւում, բայց այստեղ լինելը, աշխատելը ամենակարեւոր բանն է. բոլոր դաշնակցականները նոյն կերպ պէտք է մտածէն: Այստեղ գալու վախ չպիտի լինի, մանաւանդ դաշնակցականների մէջ:
Արցախն ամենակարեւոր տեղն է, որտեղ Սփիւռքը պէտք է լինի. ՀՅԴ ԱՄՆ Արեւմտեան շրջանի Հայ երիտասարդայկան միութեան կենտրոնական վարչութեան ատենապետուհի Յասմիկ Բուրուշեան
-Ես այս ծրագրին մասնակցում եմ, քանի որ Արցախն ամենակարեւոր տեղն է, որ Սփիւռքը պէտք է լինի: Սփիւռքը պիտի հայրենիքին մօտ կանգնի, եւ ես միայն իմ բաժինը փորձում եմ անել: Ուզում եմ ապագայում տեղափոխուել Արցախ, եւ սա լաւ փորձառութիւն կը լինի, որ սովորեմ, թէ ինչպիսին է այստեղ կեանքը:
Երկրորդ անգամն է, որ Արցախ եմ գալիս, դեռեւս առաջին անգամ էի որոշել այստեղ հաստատուել: 2018թ. եկել էի ճամբարի համար ու այդ տարի սիրահարուեցի Արցախին: Սիրեցի համայնքը, ժողովուրդը, ուտելիքը, հիմա պատերազմից յետոյ ժողովուրդը փոխուել է, հայրենիքը թուլացել է, բայց յուշում է, որ շատ գործ կայ անելու: Սփիւռքը պիտի միանայ Արցախի ժողովրդին, որ միասին աշխատենք: Երկրորդ անգամ գալով՝ համոզուեցի, որ Սփիւռքում մեր արածը կարեւոր է, բայց աւելի կարեւոր է, որ մենք հայրենիքում, տեղի ժողովրդի հետ լինենք:
Դեռ բարբառը չեմ սովորել, մի քիչ դժուար է հասկանալ, բայց փորձում եմ սովորել, որ տեղափոխուելուց յետոյ աւելի հեշտ լինի:
Քաղաքագիտութիւն եմ սովորել համալսարանում, աւարտել եմ 2020թ.: Հիմա համայնքային եւ կուսակցական աշխատանքներով եմ զբաղւում: Մինչ այստեղ գալն ուրիշ կերպ էի մտածում, այստեղ գալուց յետոյ իմ մտածելակերպը փոխուել է: Սփիւռքում մեր բոլոր աշխատանքները Հայաստանի ու Արցախի հզօրացման ուղղութեամբ են կատարւում, սակայն այժմ գտնում եմ, որ հայրենիքում աշխատելն աւելի կարեւոր է եւ անհրաժեշտ:
Ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպէս տանը. Նարէ Ներսեսեան, Ռուսաստանի Դաշնութիւն
-Փորձուսուցման ծրագրի մասին պատահական ինստագրամով եմ իմացել: Ես այժմ ապրում եմ ՌԴ-ում, ծնունդով Սիւնիքի մարզից եմ: Այստեղ զբաղւում եմ Հայ դատի գրասենեակի աշխատանքով, յօդուածներ եմ գրում, քաղաքագիտական որոշակի անալիզներ անում: Համալսարանում քաղաքագիտութիւն եմ սովորում, եւ այստեղ էլ իմ սովորական առօրեայով ապրելով՝ շարունակում եմ իր ուսումնասիրութիւնները:
Երեք տարեկանում եմ առաջին անգամ Արցախում եղել: Հիմա ինձ տխրեցնում է մարդկանց հոգեբանական ծանր վիճակը: Սա նորմալ խնդիր է. տարօրինակ կը լինէր, որ այդպէս չլինէր: Խնդիր է, որի վրայ պէտք է աշխատել: Ուրիշ երկրներ էլ են պատերազմից յետոյ ունեցել նոյն իրավիճակը, եւ հիմա պէտք է մարդկանց յուսադրել առաջիկայ յաղթանակներով, որովհետեւ պատերազմի աւարտով կեանքը չի աւարտւում:
Այս պահին շատ դաշնակցական երիտասարդներ կան Արցախում, նրանք ապրում են արցախցու առօրեայով: Այս հանգամանքը ոգեւորող գործոն է այստեղ ապրողների համար:
Ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպէս տանը: Շատ կարծրատիպեր կային արցախցու հետ կապուած, որը ջարդուեց այստեղ մտնելու առաջին րոպէներից: Ասում էին, որ եթէ գրական հայերէնով ես խօսում, բարբառով կպատասխանէն, որ քեզ վատ զգաս, նման բան չկայ, կամ՝ որ տարբերակում են հայաստանցի-արցախցի: Ես դրա նշոյլներն Արցախում չեմ նկատում: